ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արմավիր բնակավայրում գտնվող վճարային տերմինալից մի խումբ անձանց կողմից, դանակի սպառնալիքով, հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ դիմակավորված անձինք, իրեն դանակով սպանության սպառնալիքներ տալով, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալից հափշտակել են գումար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, դիմակավորված 5 անձինք փորձել են գողանալ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի 1 փողոցում գտնվող, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալը։ Այդ ընթացքում նրանց է մոտեցել խանութի աշխատակիցը և փորձել կանխել հանցանքի կատարումը:
Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկը փորձել է վերջինիս հարվածել դանակով, ապա ոտքով հարվածել է աճուկային հատվածին, որից հետո դանակի սպառնալիքով տարել է նրան մի կողմ, իսկ մյուսներն այդ ընթացքում, լինգով կոտրելով վճարային տերմինալը, հափշտակել են գումար և հեռացել:
Քննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու, դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով