ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ․ «ԼՈւՅՍ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը։

Այսպես՝

• ՀՀ տնտեսության զարգացման ընթացքում բարձր տնտեսական աճեր են արձանագրվել հիմնականում կապիտալի (առավելապես արտաքին դրամական փոխանցումների) զուտ ներհոսքի համեմատաբար մեծ ծավալների արձանագրման դեպքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ պայմաններում, տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է համեստ և տնտեսական աճին քիչ նպաստող: Արդյունքում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ՝ որոշ տարիների դառնալով տնտեսական անկման կամ աճի կտրուկ դանդաղման պատճառ:

• Միջերկրային համեմատությունները ցույց են տալիս, որ «արտահանելի» ճյուղերի՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մասնաբաժնի կրճատումը և «ոչ արտահանելի» ճյուղերի՝ մասնավորապես ծառայությունների մասնաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ճգնաժամերի նկատմամբ այդ երկրների դիմադրողականության անկման:

• 2022 թվականին, ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում կտրուկ ակտիվացել է դեպի ՀՀ կապիտալի և մարդկային ռեսուրսի ներհոսքը, ինչը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության վրա, մյուս կողմից հանգեցրել է ՀՀ դրամի զգալի արժևորմանը:

Այս գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի վատթարացում, այսինքն՝ աճում են «ոչ արտահանելի» ճյուղերը (ծառայությունները, առևտուրը, ֆինանսական հատվածը), իսկ «արտահանելի» հատվածը բախվում է լուրջ խնդիրների (արտահանման եկամուտների նվազում, ներքին արտադրողների՝ ներմուծողների համեմատ մրցունակության նվազում):

• ՀՀ-ում իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության մասով առավել ակտիվ է ԿԲ քաղաքականությունը, որն առավելապես թիրախավորում է գնաճի զսպումը, իսկ դրամի կապիտալի ներհոսքի բացասական ազդեցությունների չեզոքացման ուղղությամբ նշանակալի քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ վերջինս «օգնում է» գնաճի զսպման նպատակին հասնելուն:

Այնուամենայնիվ, դրամավարկային քաղաքականության գործիքի կիրառման դեպքում անհրաժեշտ է չափազանց «զգույշ» լինել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն անխուսափելիորեն զսպող ազդեցություն է ունենում ամբողջական պահանջարկի այնպիսի բաղադրիչների վրա, ինչպիսիք են սպառումը և ներդրումները, որոնց կրճատումը ցանկալի չէ՝ հաշվի առնելով նախորդ տարիների տնտեսական անկումից տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը։

• Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ հարկաբյուջետային քաղաքականության դերը պետք է ավելի ակտիվ լինի:

Մասնավորապես, անհրաժեշտ է հարկային քաղաքականության գործիքներով բարձրացնել «գերտաքացող» ոլորտների հարկային բեռը (օրինակ՝ շրջանառության հարկի շեմի վերանայում, պրոգրեսիվ եկամտային հարկի ներդրում, ֆինանսական ոլորտում հարկային բեռի ավելացում և այլն), որի արդյունքում գոյացած լրացուցիչ պետական ռեսուրսները ուղղել իրավիճակից տուժող ոլորտներին թիրախային աջակցության տրամադրմանը:

• Անհրաժեշտ է նաև հավաքագրել լրացուցիչ ռեսուրսները տնտեսությունից և ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը և մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը:

Այդպիսի միջոցառումներ կարող են լինել խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրականացումը, արտաքին պետական պարտքի մարումը: Խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրագործումը կնպաստի երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, հետևաբար՝ նաև արտադրողականության աճին, իսկ արտաքին պարտքի մարումը կնպաստի մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը և հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունների մեծացմանը: Այս գործոնները կկարևորվեն կապիտալի զուտ ներհոսքի նվազման պայմաններում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով