«ՀՀ իշխանությունները, կարծես, առանձնապես մտահոգված էլ չեն այս իրավիճակով». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունների իշխանությունները պետք է կանխատեսեին այն սցենարը, որն այսօր արդեն իրականություն է և ստեղծվել է Արցախում: Հաշվի առնելով այդ սցենարի հնարավորությունը՝ գոնե պարենի որոշակի պաշար պետք է կուտակեին, ինչը գոնե այս ընթացքում թույլ կտար նման ծանր իրավիճակի առջև չկանգնել:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը, տնտեսական հետևանքներին: «Այն հումանիտար աղետը, որի ականատեսն ենք Արցախում, փաստացի, թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ դրանից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների ոչ համակարգված աշխատանքի հետևանքն է: Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է. ՀՀ իշխանությունները, կարծես, առանձնապես մտահոգված էլ չեն այս իրավիճակով: Համենայն դեպս, հրապարակային որևէ գործընթացի, քայլի մասին հանրությունը, փորձագիտական համայնքը տեղեկացված չէ, ինչը թույլ կտար մտածել, որ գոնե որևէ բան է արվում հումանիտար աղետը մեղմելու համար, մարդկանց սննդով կամ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով ապահովելու ուղղությամբ ինչ-որ միջոցներ են ձեռնարկվում»,-ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է առկա իրավիճակից բխող տնտեսական ռիսկերին նաև ՀՀ-ի համար, Կառլեն Խաչատրյանը նշեց. «Մեծ հաշվով, պատերազմից հետո Արցախի տնտեսությունն այնքան ծանր վիճակում էր, որ ՀՀ-ն այդ առումով առանձնապես շատ ակնկալիքներ չուներ: Եվ, հետևաբար, ճանապարհի փակ լինելը Հայաստանի տնտեսության վրա ուղիղ իմաստով էական նշանակություն չունի, մինչդեռ մինչև պատերազմը Արցախի Հանրապետությունից ՀՀ-ն ստանում էր էլեկտրաէներգիա, հացահատիկ, մսամթերքի որոշակի խմբաքանակ: Երբ պատերազմից հետո տարածքները, նույն ՀԷԿ-երի, նաև ցորենի արտերի մեծ մասը մնացին թշնամու վերահսկողության տակ, մեծ իմաստով, ԱՀ-ից ապրանքների մուտքը դեպի ՀՀ էապես փոքրացավ: Այնինչ, թեպետ ՀՀ տնտեսությունը ԱՀ տնտեսությունից պատերազմից հետո լուրջ ակնկալիքներ չուներ, ճիշտ հակառակը պետք է լիներ: Այն խնդիրները, որոնք գնալով ահագնանում էին Արցախի Հանրապետությունում, պետք է զգոնության ազդակ լինեին ՀՀ իշխանությունների համար, որ խնդիրները մեղմելու համար ՀՀ-ից որոշակի աջակցության ծրագրեր իրականացվեին Արցախում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառլեն Խաչատրյանի խոսքով, ստեղծված իրավիճակը ներդրումային միջավայրի առումով է լուրջ խնդիր: «Ունենք իրավիճակ, երբ կան չհանգուցալուծված խնդիրներ, ամեն վայրկյան պատերազմի վերսկսման վտանգ կա: Նաև, այսպես կոչված, «խաղաղությունը» ոչ միայն ձեռք չի բերվել, այլև ամեն պահի պայթյունավտանգ իրավիճակ կարող է լինել տարածաշրջանում: Այս գործոնները զսպում են պոտենցիալ ներդրողներին որոշում կայացնելու առումով»,-ասաց նա:

Անդրադառնալով 2022-ի վերջում առկա ցուցանիշներին, հայտարարված երկնիշ տնտեսական աճին, ՀՀ տնտեսությանը սպառնացող ռիսկերին՝ տնտեսագետը նշեց. «Եթե նայենք զուտ թվերին, ապա 2022 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել: Միևնույն ժամանակ՝ գնաճն էլ 9,5-10 տոկոսի շրջանակներում է: Դեռ տարեկան ամփոփ տվյալները չկան, բայց, ամենայն հավանականությամբ, մոտ 10 տոկոսանոց գնաճ ենք ունենալու: Այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե երկնիշ աճը ինչի հաշվին է տեղի ունեցել: Այնպես չէ, որ այդ աճը ՀՀ տնտեսության հիմքերի ամրության, Հայաստանում տնտեսական պոտենցիալի զարգացման հետևանք է: Այդ աճը պայմանավորված է արտաքին գործոններով՝ դեպի ՀՀ օտարերկրյա, առավելապես ՌԴ քաղաքացիների, նաև ֆինանսական ռեսուրսների ներհոսքով: Մեր տնտեսության փոքր լինելու հանգամանքով պայմանավորված՝ այդ ներհոսքը մեր երկրի տնտեսության համար էական ազդեցություն է ունեցել, և երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել: Ընթացիկ տարում՝ 2023-ին, այդ աճը կպահպանվի՞, թե՞ ոչ, ցավոք, մեզանից կախված չէ»:

Այս համատեքստում, անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե տնտեսական մեծ ձեռքբերումներ կան, նա նշեց. «Նախորդ տարում գրանցված, այսպես կոչված, լավ ցուցանիշների ամբողջ խնդիրն այն է, որ դրանք պայմանավորված չեն մեր գործոնով, դրանց վրա մեր ազդեցությունը փոքր է: Կառավարությունն իրականում պետք է մտածեր որոշակի քայլեր ձեռնարկելու մասին, որոնք կօգնեին նախորդ տարվա ընթացքում ունեցած այդ տնտեսական հնարավորությունները կապիտալացնել: Սա չարվեց, փոխարենը բավարարվեցինք ուրախ հայտարարություններով: Ասացին՝ «տեսեք, տնտեսությունը զարգանում է», առանց խորանալու, թե այդ զարգացումը որ ճյուղերի համար է, և այդ ճյուղերն ինչ գործոններով պայմանավորված են աճում: Երբ ռուս-ուկրաինական պատերազմը հանգուցալուծում ստանա, դրական էֆեկտը տրամագծորեն կարող է հակառակին բերել: Երբ վերոնշյալը հոսքը կանգնի, Հայաստանի տնտեսությունը փաստի առաջ կկանգնի: Ռիսկը մեծ է. ցանկացած պահի դեպի ՀՀ ֆինանսական հոսքերի ծավալների փոքրացումը տնտեսությունում լուրջ խնդիրների է հանգեցնելու»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով