Գողություններ ավտոտնակից ու բնակարաններից. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բակերից մեկի ավտոտնակից գողությունը կատարվել էր անցած տարվա նոյեմբերի լույս 29-ի գիշերը: Ստանալով ահազանգը` ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը մեկել էր դեպքի վայր և արձանագրել, որ վնասել էին ավտոտնակի դարպասի կախովի փականն ու գողացել զոդման սարք, շինարարական հարդարիչ, իսկ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից` նվագարկիչն ու մարտկոցը: Իրականացվել էին անհետաձգելի գործողություններ, նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն թարմ հետքերով հանցագործությունը բացահայտել չէր հաջողվել:
Եվ ահա, Հրազդանի բաժնի քրեական հետախույզների հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել են 40 և 43 տարեկան երկու տղամարդ՝ երկուսն էլ Հրազդան քաղաքի բնակիչ, ընդ որում՝ 40 տարեկանը նախկինում դատապարտված: Ոստիկանների տեղեկությունները սրանով չէին ավարտվում. տվյալ կար, որ նրանք Հրազդանում կատարել են նաև բնակարանային գողություններ:
Տվյալները ստուգելուց և հաստատելուց հետո Հրազդանի ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց ու ներկայացրին նախաքննական մարմին: Նախաքննության շրջանակներում խուզարկություններ կատարվեցին նախկինում դատվածի և նրա մոր բնակության վայրերում: Տղամարդու տանը հայտնաբերվեցին մեքենայի երեք նվագարկիչ ու երեք լուսարձակ, տարատեսակ շինարարական գործիքներ ու կենցաղային տեխնիկա: Մոր բնակարանում հայտնաբերվեց կենցաղային տեխնիկա:
Հետագա միջոցառումներով հիմնավորվեց, որ տղամարդիկ դեկտեմբերի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում կոտրել էին մի տան կախովի կողպեքն ու գողացել գազի վառարան: Հունվարի 3-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին Ջրառատ թաղամասի մեկ այլ տան և նկուղի կողպեքներն ու գողացել կենցաղային իրեր:
Նախկինում դատված տղամարդը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով