Վճռական քայլերի առաջնահերթությունը․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեծ հայտնագործություն արած չենք լինի, եթե նշենք, որ մեզ համար այսօրվա ամենակարևոր խնդիրը Բերձորի միջանցքի բացման նպատակով բոլոր գործիքների օգտագործումն է։ Ընդ որում, անհրաժեշտ է դիտարկել բոլոր հնարավոր սցենարները, թե դա ինչպես պետք է կատարվի։ Օրինակ՝ ՀՀ օրվա իշխանությունները միջանցքի փակման առաջին օրերին ծպտուն անգամ չէին հանում, հետո որոշեցին դիմել միջազգային գործընկերներին, ՄԻԵԴ, հարցը բարձրացրին ՄԱԿ-ում։ Բայց դեռևս կոշտ դիվանագիտական արձագանք չկա։ Այս տեսանկյունից, օրինակ՝ կարող էին գոնե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոնկրետ բանաձևի նախագիծ առաջարկել։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում հանրությունը շատ դեպքերում լուրջ չի վերաբերվում Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Իշխանություններն այնպիսի քարոզչական պայմաններ են ստեղծել, որ հանրությունը չսթափվի ու կոնկրետ պահանջներ չդնի իրենց առաջ։

Դրա համար էլ իշխանական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե միջանցքի փակման խնդրի հետ իրենք առնչություն չունեն, ռուս խաղաղապահներն իրենց գործառույթը չեն կատարում, Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը և այդպես շարունակ։ Այս իշխանությունները փաստացի, ինչպես բոլոր հարցերում, իրենց խնդրից մի կողմ են քաշում։ Այսինքն՝ ի՞նչ, ստացվում է, որ պետք է սպասենք, տեսնենք, թե մինչև երբ կդիմանա Արցախը, ու հումանիտար աղետ ի հայտ կգա՞։ Չէ՞ որ եռակողմ հայտարարությունը ստորագրած երեք կողմերից մեկն էլ ՀՀ-ն է, որն իրավունք ունի պետք եղած ժամանակ կտրուկ գործողությունների դիմել։ Բայց բազմիցս ենք համոզվել, որ այս իշխանություններին ամենից շատ սեփական աթոռն է հետաքրքրում, դրա համար էլ որոշ խմբերի ուղղորդում են, թե պետք է միջազգային կառույցների, դեսպանատների մոտ ցույցեր անել, ու դա արվում է այնպես, որ հանկարծ այդ խմբերն իրենց դեմ ակցիաներ չանեն։

Իսկ երբ հայկական կողմը դիմում է ՄԻԵԴ-ին, տարբեր կազմակերպությունների ու պետությունների, որոնք Ադրբեջանին ուղղված՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերով են հանդես գալիս, մի՞թե չենք գիտակցում, որ այդ կոչերը Ադրբեջանի համար ուղղակի գրոշի արժեք չունեն։ Նմանատիպ կոչեր եղան նաև սեպտեմբերի 12-ին սկսված ագրեսիայից հետո, երբ Ադրբեջանը օկուպացրեց հայկական տարածքները, բայց Բաքուն ոչ միայն դրանից հետո չնախաձեռնեց իր զորքերի դուրս բերումը, այլև նոր սադրանքներ է գծագրում։ Անհապաղ անհրաժեշտ է առավել կոշտ միջոցներ ձեռք առնել, որոնց հետևանքը դիվանագիտական դաշտում կարող են լինել Ադրբեջանին սաստող կոնկրետ գործողությունները՝ ընդհուպ պատժամիջոցների սահմանումը։ Մեկ այլ տարբերակ է այն, որ հայկական կողմը հայրենակիցների կյանքը փրկելու և աշխարհի ուշադրությունը գրավելու համար կարող է իրեն իրավունք վերապահել ավելի կտրուկ գործողությունների դիմի, որպեսզի գազի ու նավթի համար հումարիտար աղետի առաջ աչք փակող եվրոպացիներն, ի վերջո, զգաստանան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչի՞ց ենք վախենում, երբ արդեն դանակը հասել է ոսկորին, իսկ այլընտրանքը մեր հազարավոր հայրենակիցների կյանքն է։ Ինչքան զիջում ենք ու համակերպվում իրավիճակի հետ, նոր կորուստների առաջ ենք կանգնում։ Օրինակ՝ եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մարդկանց հուզում էր Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու հարցը, իսկ դրանից հետո արդեն բոլորի ուշադրությունը կենտրոնացավ նրա վրա, որ ՀՀ տարածքներն են օկուպացվում, ապա հիմա Լաչինի միջանցքի փակման համեմատությամբ մյուս հարցերը երկրորդական պլան են մղվել։ Ու շուտով Լաչինի միջանցքի փակման խնդրին կարող են գումարվել նմանատիպ այլ հարցեր։ Օրինակ՝ հակառակորդը կարող է ներխուժել և փակել Սյունիքը Հայաստանի մնացած մասին կապող հատվածը, և հիմա էլ Սյունիքի մեր հայրենակիցները արցախցիների բախտին արժանանան։ Երբ խոսքը վերաբերում է ստանձնած պարտավորություններին, ապա հայկական կողմը շտապում է դրանք անվերապահ կատարել՝ անգամ ժամկետից շուտ հանձնել ինչ հնարավոր է, միայն թե Ադրբեջանին խաղաղեցնի, իսկ ադրբեջանական կողմը ոչ մի պարտավորություն չի կատարում, նույնիսկ մինչև հիմա չեն հանձնել գերիներին ու նրանց պահում են որպես սակարկության առարկա։

Մյուս կողմից էլ՝ կարևոր հարց է, թե ինչո՞ւ սփյուռքի ներուժը մոբիլիզացված չէ: Սփյուռքահայերին անհրաժեշտ է համախմբել ու կոնկրետ ազդեցություն ունեցող գործողությունների դիմել։ Եվ այդ գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ միայն Ադրբեջանին զսպելուն, այլև Թուրքիային, որովհետև այդ երկրի դրդմամբ են ագրեսիվ գործողությունները տեղի ունենում։ Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին այցելել էր Լաչինի միջանցքի տեղամաս, որն, ըստ էության, հատուկ այնպիսի ուղերձ է իր մեջ պարունակում, թե թուրքական կողմն անվերապահ աջակցում է Բաքվին միջանցքի փակման հարցում։ Ինչո՞ւ որևէ մեկը Թուրքիայի անունը չի տալիս ու չի դատապարտում Անկարայի գործողությունները։ Եթե հնարավոր լինի ազդել Թուրքիայի վրա, ապա Ադրբեջանը չի համարձակվի սադրանքների դիմել։ Անկարան է Բաքվի թևութիկունքը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ պատերազմից հետո։

Բայց հարկավոր է նաև ստեղծված իրավիճակում սերտորեն աշխատել ռուսական կողմի հետ, ցույց տալ, որ իրադարձությունների շղթայի նմանատիպ շարունակությունը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև Ռուսաստանի համար։ Պատահական չէ, որ Թուրքիան ադրբեջանական բանակի վերահսկողությունը վերցրել է իր վրա և այն համապատասխանեցնում է թուրքական չափորոշիչներին։ Վաղն էլ ամբողջ Ադրբեջանը կարող է համապատասխանեցվել թուրքական չափանիշներին, հետո հերթը կհասնի Հայաստանի վրա թուրքական ազդեցությունը տարածելուն, ու աստիճանաբար Ռուսաստանը դուրս կմղվի Հարավային Կովկասից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով