Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում ՚«ԼՈՒՅՍ» հիմնադրամը

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես՝

  • Այսօր Թուրքիան հանդիսանում է ոչ միայն Մերձկասպյան, այլև ռուսական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարումների առանցքային ուղղությունը։ Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես նաև հեղուկ գազի արտահանման սահմանափակ կարողությունները՝ ԵՄ-ին գազ մատակարարելու տեսանկյունից թուրքական տարանցումը ՌԴ-ի համար մնացել է միակ հուսալի ուղղությունը։

 

  • Թուրքիան հանդիսանում է Եվրոպայում բնական գազի ամենախոշոր սպառողներից մեկը․ 2021-ին Եվրոպայում բնական գազի տարեկան սպառման ցուցանիշով Թուրքիան զիջել է միայն 3 երկրներին՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Իտալիային։
  • 2021-ին Թուրքիան բնական գազ է ներմուծել 4 հիմնական աղբյուրներից՝ Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից և Ալժիրից։ Ռուսաստանը ապահովել է ներմուծման շուրջ 45%-ը (26,3 մլրդ մ3), Իրանը՝ 16%-ը (9,6 մլրդ մ3), Ադրբեջանը՝ 13,6%-ը (8 մլրդ մ3), Ալժիրը՝ 10,2%-ը (6 մլրդ մ3)։ Ռուսաստանից Թուրքիա բնական գազի ներմուծումը 2021-ին 2020-ի համեմատ ավելացել է գրեթե 60%-ով, սակայն այդ ցուցանիշը մոտ է վերջին տասնամյակի միջին ցուցանիշին՝ տարեկան մոտ 25 մլրդ մ3։
  • Մերձկասպյան երկրներից և Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ ինչպես էներգակիրների, այնպես էլ առևտրի տարանցման կենտրոն դառնալու ձգտումը լիովին համապատասխանում է Թուրքիայի գործող իշխանությունների պանթուրանական հավակնություններին և կարող է դառնալ այդ մեգանախագծի տնտեսական շարժիչը։ Թուրքիայի այս քաղաքականությունը որոշ չափով համընկնում է նաև վերջինիս անգլոսաքսոնական դաշնակիցների շահերի հետ, որոնք ձգտում են թուլացնել ԵՄ ուղիղ կախվածությունը ՌԴ-ից, իսկ ԵՄ և ՌԴ էներգետիկ կապերում Թուրքիայի բուֆերային դերակատարությունը կարող է այդ կախվածությունը ավելի կառավարելի դարձնել՝ հաշվի առնելով Թուրքիայի նկատմամբ ազդեցության բազմաթիվ լծակների առկայությունը։
  • 44-օրյա պատերազմից առաջ՝ 2018-2020թթ Թուրքիան կտրուկ կրճատեց ՌԴ-ից գազի ներմուծման մասնաբաժինը՝ ավելի քան 50%-ից հասցնելով մոտ 33%-ի, միաժամանակ ավելացրեց Ադրբեջանից ներմուծման մասնաբաժինը՝ նախկինում 12-14%-ից 2020-ին հասցնելով 24%-ի։ Սա Թուրքիային հնարավորություն տվեց, ի թիվս այլ գործոնների, նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից նվազեցնել ՌԴ ազդեցության լծակները և ավելի ազատ վարքագիծ դրսևորել Հարավային Կովկասում։ Պատերազմից հետո տնտեսական բաղադրիչը կրկին գերակայող դարձավ, և Թուրքիան արդեն 2021-ին սկսեց ավելացնել ռուսական գազի մասնաբաժինը։

  • Այսօր արդեն Թուրքիան հնարավորություն ունի կրճատելու այս կամ այն մատակարարից ստացվող գազի մասնաբաժինը սեփական սպառման մեջ և դրա հաշվին ավելացնելու սեփական տարածքով տարանցումը դեպի ԵՄ։ Օրինակ, Տրանսադրիատիկ խողովակաշարի հզորությունների ավելացման, ինչպես նաև Հունաստանից և Ալբանիայից դեպի մյուս բալկանյան երկրներ խողովակաշարերի ցանցի ընդլայնման պարագայում, Թուրքիան կարող է նվազագույնի հասցնել ադրբեջանական գազի սպառումը և Ադրբեջանից ներմուծվող գազի առավել մեծ մասնաբաժինը ուղղել դեպի եվրոպական շուկա։
  • Թուրքիան բնական գազի տեսանկյունից Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար շատ կարևոր դեր է կատարում, իսկ վերջինիս տարածքով անցնող Հարավային գազային միջանցքը դեպի ԵՄ գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայի առանցքային ուղղություններից է։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3G6nUoJ ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով