Երկրի ու ժողովրդի հաշվին… . «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմից ավելի քան երկու տարի անց էլ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած արտաքին սպառնալիքները ոչ միայն չեն նվազել, այլև ավելի են ահագնացել։ Սակայն տպավորություն է, թե Հայաստանում մարդիկ դեռևս ամբողջովին չեն գիտակցում իրավիճակի լրջությունը։ Խնդիրն այն է, որ հանրային մակարդակում ավելի շատ քննարկվում է աշխատավարձի, թոշակի ու նպաստի մի քանի դրամով բարձրացումը, մանկական Եվրատեսիլը, անճաշակ լույսերի «շքերթը» կառավարության շենքի վրա, գալիք տոների հետ կապված միջոցառումները և նման այլ հարցեր, քան հասարակության զգոնության բարձրացման և նոր հնարավոր ռազմական էսկալացիային նախապատրաստվելու հարցը։

Ու այս վիճակը ձեռնտու է իշխանություններին, որոնք ամեն ինչ անում են, որ հանրային քննարկումների դաշտում խոսվի ամեն ինչից, բացի բուն անվտանգային առաջնահերթություններից։ Եվ քանի որ մեր հանրությունը մանիպուլացված է, այսինքն՝ նիկոլացված է ու այլ հարցերով է զբաղված, իսկ ինքնապաշտպանության համակարգն էլ չի գործում, թշնամին անմիջապես գործի է անցել։ Նախ՝ Բաքվի կողմից այնպիսի սցենար է բեմադրվում, թե իբր Լաչինի միջանցքն օգտագործվում է ռազմական նպատակներով. ադրբեջանցիները այլ տեղերից ականներ են բերում ու ցուցադրում, թե իբր հայերն են Լաչինով եկել և տեղադրել։ Դրանից հետո «հանկարծ» հայտնվում են ադրբեջանցի կեղծ «բնապահպանները», որոնք իբր բարձրացնում են հանքերի ապօրինի շահագործման հարցեր ու փակում են Լաչինի միջանցքը։

Հասկանալի է, որ Ադրբեջանը քաղաքացիական կարգավիճակով է այնտեղ ուղարկում մարդկանց, քանի որ խաղաղապահները չեն կարող նրանց նկատմամբ ուժ կիրառել։ Իսկ այդ «բնապահպանները» խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում անցակետի տեղակայման թեմա են բարձրացնում։ Այնինչ, ոչ ոք իրավունք չունի 5 կմ-անոց Լաչինի միջանցքը փակել, քանի որ դրա անխափան գործունեության և Արցախի ու Հայաստանի միջև կապի ապահովման մասին գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Եվ քանի որ հայտարարությունը եռակողմ ձևաչափով է, ապա ՀՀ-ն ևս ներգրավվածություն պետք է ունենա Լաչինի շուրջ տեղի ունեցող գործընթացներում։ Երբ, օրինակ՝ հայտարարության երկու կողմերի ներկայացուցիչները, տվյալ դեպքում՝ խաղաղապահները և ադրբեջանցի բնապահպաններ բանակցում են, ապա հայկական կողմն էլ պետք է հրապարակային արտահայտվի ու իր պահանջները բարձրացնի միջանցքի անխափան գործունեության ապահովման կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել և ուղղակի դիտորդի դերակատարություն են ստանձնել՝ Արցախին վերաբերող հարցերն ամբողջովին թողնելով ռուս խաղաղապահների ուսերին։ Օրինակ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին ավելի շատ հետաքրքրում են շինհրապարակները, աղմուկը, սրճարաններում ծխելու արգելքը, աղը ու նմանատիպ այլ հարցեր, քան Լաչինի միջանցքի փակումը կամ Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցության խաթարումը։ Եվ քանի որ Երևանից միայն լռություն է, թշնամին նոր դոզա է ավելացնում Լաչինի փակումը կազմակերպելու իր քարոզչության մեջ, թե իբր Իրանից տարբեր անձինք՝ մասնավորապես զինվորականներ ու հետախուզության ծառայողներ են այցելում Արցախ։ Այսինքն, առաջին փուլում փորձում են ինչ-որ կերպ վերահսկողություն հաստատել միջանցքի վրա, տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղակայել, իսկ հետո՝ մաքսակետ, որը հնարավորություն կտա պետք եղած ժամանակ ամբողջությամբ փակել ճանապարհը կամ Արցախը շրջափակման մեջ գցել։

Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի փակման թեման ուղեկցվում է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի ակտիվ շրջանառմամբ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն այնպես է հոխորտում, կարծես թե իրենց ոչ ոք չի կարող խանգարել այդ միջանցքը վերցնելու հարցում։ Օրինակ՝ Ալիևը հայտարարում էր, թե Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքը», իսկ Իրանը չի խոչընդոտի դրա գործարկմանը։ Իսկ ահա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ ավելի սպառնալից տոնով հայտարարել էր՝ «չտաք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք եղբայրական բռունցքը»։

Ու հետաքրքրական է, որ թուրքական կողմից այսպիսի հայտարարություն է արվում Իրանի հետ սահմանի մոտ «Եղբայրական բռունցք» անվամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ։ Այսինքն, կոնկրետ մեսիջ է ուղարկվում Թեհրանին, քանի որ գլխավորապես Իրանի դիրքորոշմամբ է պայմանավորված, որ կասեցվում են «Զանգեզուրի միջանցքը» բացելու թուրք-ադրբեջանական հավակնությունները։ Ու տպավորություն է առաջանում, թե ՀՀ-ն այլևս գործոն չէ տարածաշրջանում, և դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին վերաբերող հարցերում անտեսում են Երևանին և այդ հարցով գործ ունենում ռուսական և իրանական կողմերի հետ։

Իսկ ի՞նչ պետք է անել, որ ՀՀ-ն կրկին գործոն դառնա։ Անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել հակառակորդից եկող նոր սպառնալիքներին, կարգի բերել բանակը, բարձրացնել հանրային զգոնությունը և գիտակցության մակարդակը, մեծ կազմակերպչական աշխատանքներ տանել տնտեսական առաջընթացի համար, զարգացնել դաշնակիցների հետ հարաբերությունները: Բայց ՀՀ իշխանություններն ինչպես կորցրել են պատերազմի ավարտին հաջորդող երկու տարին, այնպես էլ հիմա շարունակում են կորցնել… Երկրի ու ժողովրդի հաշվին: Հանուն իրենց իշխանության պահպանման…

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով