Չի բացառվում, որ Վիտալի Բալասանյանը հրաժեշտ տա պաշտոնին․«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. Կիրակի օրն Արցախում կայացած հանրահավաքը հերքեց ադրբեջանական քարոզչության կեղծ պնդումը, թե Արցախում մի քանի հազար մարդ է մնացել։ Նախորդ հանրահավաքներին ադրբեջանցիներն ասում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերում, հիմա միջանցքը փակ է, մարդ բերել հնարավոր չէ, սրան գումարած՝ վառելիքի ճգնաժամը, որի պայմաններում, սակայն, Արցախի Վերածննդի հրապարակում և հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 70 հազար մարդ էր հավաքվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ արցախցիների՝ մյուս կարևոր ուղերձը պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոստումն էր, որ ոչ մի զիջում չի լինելու Ադրբեջանին։ Իսկ այն, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ չունեցավ, խոսում է այն մասին, որ Արցախում սահուն իշխանափոխություն է սկսվել, ու Փաշինյանին մերժել չկարողացող Հարությունյանի փոխարեն իշխանության է գալիս մերժելու ունակ Վարդանյանը։

Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր նրանք, ովքեր արցախցիների և Արցախի հաշվին պատրաստ են զիջումների, տեղ չեն ունենալու նոր ձևավորվող կաբինետում։ Տեղեկացանք նաև, որ բավականին լարված են Ռուբեն Վարդանյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարաբերությունները։ Եթե նախկինում Վիտոն ռուսների ու ադրբեջանցիների հետ թիվ մեկ բանակցողն էր, հիմա նրան հետին պլան են մղել, և նա նախօրեի հանրահավաքին անգամ չի մասնակցել։

Մեր աղբյուրն ասում էր, որ Վարդանյանը պահանջել է՝ կա՛մ ես, կա՛մ՝ Բալասանյանը։ Եվ չի բացառվում, որ Վիտոն հրաժեշտ տա պաշտոնին։ Շրջանառվում է անգամ նրան փոխարինողի անունը՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյան՝ Ռիժի Լյովը։ Եվ մի մանրամասն էլ․ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն ակտիվորեն մասնակցում է իշխանական վերադասավորումներին և աջակցում է Ռուբեն Վարդանյանին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․12.22թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով