«Ամեն ինչ արվում է, որ ավելի թույլ, ավելի անպատրաստ լինենք ապագա զարգացումների նկատմամբ». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միասին գործող Թուրքիան ու Ադրբեջանը երկրներ են, որոնց «քաղաքակրթության» հիմքում, բացի պատերազմից, այլ արժեքներ չկան: Հիբրիդային պատերազմի այս դարաշրջանում իրենք անընդհատ անհանգստություն են պատճառելու Հայաստանին՝ լինի՛ մեծ մասշտաբով, ինչպես 44-օրյա պատերազմն էր, թե սադրանքներով, որոնք այս փուլում ենք տեսնում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին օրերի սադրանքների բնույթին:

«Դրանք պարզորակ սադրանքներ են, որոնց հիմքում, իբրև թե, «էկոլոգիական» խնդիրներն են, իբրև թե «ադրբեջանցի լրագրողներին» Արցախ չթողնելը: Այս ամենն ուղղված է նաև ռուս խաղաղապահներին: Մյուս կողմից, սակայն, այս ամենը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ համատեքստում է: Խոսքն այն հակամարտության մասին է, որն ընթանում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ամեն կերպ փորձում են նվազեցնել, վերացնել ռուսական ներկայությունը նաև մեր տարածաշրջանում: Սա նաև թուրք-բրիտանական, թուրք-իսրայելական ուժերի որոշակի համագործակցությամբ է տեղի ունենում: Այստեղ սակայն, թերևս մի հուսադրող հանգամանք կա. այնպիսի տպավորություն ունեմ, որ նախկինում 100 տոկոսանոց արևմտամետ Իսրայելն այսօր որոշակի վերապահումներով է վերաբերվում նույն Արևմուտքին՝ տեսնելով նրա դեգրադացիան, թուլացումը: Կարծես այլևս ամեն ինչ չեն կապում միայն Արևմուտքի հետ՝ փորձելով Ռուսաստանի հետ որոշ հարաբերություններ շարունակել»,-ասաց Գ. Հարությունյանը:

Խոսելով մեր տարածաշրջանից՝ հավելեց. «Այստեղ 2018-ին «ամենակարևորն» է կատարվել. Հայաստանը դեռ այդ ժամանակ է օկուպացվել արևմտյան ուժերի կողմից: Ներկայիս ռեժիմը այսօր շարունակում է կատարել այն առաջադրանքները, որոնք իրենց տրվում են ԱՄՆ-ի, Բրիտանիայի կողմից: Նրանք անում են այն, ինչ պետք է անեն և ինչ հրամայվել է: Նրանք ստորաքարշ ծառաներ են, որոնք կատարում են իրենց հայրենադավ պարտականությունները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս համատեքստում, անդրադառնալով բանակցային կոչված գործընթացին, իշխանությունների՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մարած հույսերին, Գ. Հարությունյանը շեշտեց. «Բանակցային կոչված գործընթացում շատ բարդ գործողություններ են կատարվում, որովհետև, ինչպես տեսնում ենք, շատ ակտիվ է նաև Ռուսաստանը: Ու, հաշվի առնելով այս հանգամանքը, Հայաստանի ներկա ռեժիմի ներկայացուցիչները վախենում են կոնֆրոնտացիայի մեջ մտնել Ռուսաստանի հետ, որի ցանկությամբ որոշ բաներ չեղարկվում են՝ կապված առաջին հերթին Թուրքիայի հետ: Բացի այդ, չպետք է մոռանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը զուտ արևմտյան միավոր չեն: Թուրքիան ՆԱՏՕ-ի և Արևմուտքի համար «կծան շան» դերակատարում ունի, որոնք այդ «կծան շանը» միշտ փորձում են մի քիչ ավելի զուսպ պահել: Բացի այդ, շատ կարևոր են Իրանի մոտեցումները նշված հարցերում: Նույն Արևմուտքը և նույն թուրք-ադրբեջանական տանդեմը այդպես միանշանակ չեն կարող պայքարել և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի դեմ: Դա շատ լուրջ խնդիր է իրենց համար, եթե հաշվի առնենք նաև Իրանի հայտարարությունները, դիրքորոշումներն ու գործողությունները վերոնշյալ բոլոր խնդիրների համատեքստում: Իրանը շատ ավելի կոշտ, կոպիտ, կտրուկ և միանշանակ մոտեցումներ ունի՝ ի տարբերություն անգամ Ռուսաստանի: Այնպես որ, տարածաշրջանային իրավիճակը բավականին բարդ է»:

Նրա խոսքով, ավելի թեժ վիճակ չտեսնելու միակ հույսը համաշխարհային իրավիճակի հանդարտեցումը կլինի: «Այդպիսի փոքր հույսեր, համենայն դեպս, կան, որոնք վերաբերում են դեռ իլ յուզիաների դաշտում գտնվող ՌԴ-Ուկրաինա բանակցություններին: Բայց, մեծ հաշվով, մենք պետք է ցանկացած զարգացման պատրաստ լինենք, թեպետ հակառակ վարքագիծ է դրսևորվում: Մեզ մոտ ամեն ինչ արվում է, որ ավելի թույլ, ավելի անպատրաստ լինենք ապագա զարգացումների նկատմամբ: Իրականում, ըստ իս, Ադրբեջանն այսօրվա իր սադրանքներով շատ ավելի քիչ բան է ուզում ցույց տալ, քան իր տերերը՝ ի դեմս Թուրքիայի: Իրենք պարզապես ուզում են ավելի հաստատուն դարձնել 44-օրյա պատերազմում տարած, իրենց, այսպես կոչված, հաղթանակը՝ կրկին առաջնորդվելով զավթողի տրամաբանությամբ: Այս ամենը նաև հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ է, որը խաղաղություն գրեթե չի ենթադրում, ինչպես չի ենթադրում նաև հումանիտար քայլեր: Այնպես որ, ամեն ինչ գնում է այն հունով, որով և պետք է գնա այս պայմաններում: Քիչ հավանական է, որ առաջիկայում ինչ-որ խաղաղության պայմանագիր կկնքվի, բայց եթե անգամ վաղը նման փաստաթուղթ ստորագրվի, այդ սադրանքները չեն վերանալու»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանի կարծիքով, թեպետ հայտարարվում է խաղաղության պայմանագրի առկա տարբերակների ու դրանց մշակումների մասին, բայց այն կնքելու ցանկություն որևէ կողմ այս փոլում չունի: «Ինձ մոտ, ընդհանուր առմամբ, տպավորություն կա, որ ոչ ոք հակված չէ խաղաղության պայմանագրին, այդ թվում՝ Արևմուտքը՝ հաշվի առնելով Ֆրանսիայի դեմարշը: Սա իրենց համար գուցեև լավագույն սցենարը չէ: Միգուցե լավագույն սցենարը հենց պատերազմն է՝ պատերազմական ուժի թելադրանքով ինչ-որ խնդիրներ լուծելը, ինչը չեմ կարող բացառել: Տարածաշրջանում դեպքերն իրականում շատ արագ են զարգանում: Իրավիճակը մոտ է քաոտիկ լինելուն, իսկ քաոսի մեջ կանխատեսումներ անել առավել քան բարդ է»,-եզրափակեց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով