«Ադրբեջանի մարտավարության հիմքում առավելագույնը քաղելն է, քանի դեռ չկան համարժեք քայլեր». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն ավելի քան տասն օր է, ինչ Ադրբեջանը չի դադարում սահմանային սադրանքների դիմել, ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանագոտու հայկական դիրքերի ուղղությամբ, նախօրեին անգամ ականանետ էր կիրառվել: Հրադադարը խախտվում է նաև Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը վիրավորներ ունի: «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը «Փաստի» հետ զրույցում Ադրբեջանի այս մարտավարությունը մի քանի կողմից է դիտարկել:

«Ադրբեջանի այս մարտավարությունն առաջին հերթին պայմանավորված է մեր կողմից ոչ համարժեք գործողություններով: Մասնավորապես, այս ամենից զատ, թշնամին առաջնագծում ամրաշինական աշխատանքներ է կատարում, մարտական դիրքերն է բարելավում, դրանք առաջ է բերում: Ավելի քան մեկուկես տարի է՝ Սյունիքում, Գեղարքունիքում տեղակայված ստորաբաժանումներ ունեն: Այս ամենին համարժեք քայլեր ու պատասխաններ, սակայն, չի ստանում: Եվ, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Հնարավոր նոր սադրանքների համար պարարտ հող ստեղծելու նպատակը ևս այս համատեքստում է: Բայց, մեծ հաշվով, Ադրբեջանի մարտավարության հիմքում առավելագույնը քաղելն է, քանի դեռ չկան համարժեք գործողություններ, քայլեր»,-ասաց նա: Վերլուծաբանը շեշտեց՝ համարժեք քայլ ասվածը չպետք է սահմանափակվի միայն պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ բյուջեի նախագիծ կազմելով:

«Ռազմական բյուջեի «աննախադեպ» աճը 2023-ի համար է պլանավորված, և այն ընդամենը նախագիծ է, որը պետք է հաստատվի: Դեռ հարց է՝ կհաստատվի՞ նույն թվով, թե՞ ավելի քիչ կամ շատ: Բացի այդ, երկրորդ հարցը բյուջեի կատարողականն է. այսօրվա իշխանություններն իրենց արդեն 4 տարվա գործունեության ընթացքում բազմիցս թերակատարել են նաև ռազմական բյուջեն: Ընդ որում, միայն բյուջեում բարձր թիվ սահմանելով՝ բանակի մարտունակության բարձրացում հնարավոր չէ: Ընդ որում, երբ մի կողմից բյուջե է բարձրացվում, բայց մյուս կողմից կրճատում են ԶՈւ-ի թվաքանակը, դա ամենևին բարելավում չէ»,-ասաց Ռ. Նազարյանը՝ շեշտելով, որ այս իշխանությունը անհրաժեշտ քաղաքականություն վարելու ցանկություն պարզապես չունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչ-որ բարեփոխում կատարելու համար առաջինը ոչ թե ֆինանսական միջոցները, այլ ցանկությունն է կարևոր: 44-օրյա պատերազմից արդեն ավելի քան 2 տարի է անցել, և պարզապես խրամատ փորելը, դիրք կահավորելը մեծ ծախսերի հետ կապված խնդիր չէ: Մինչդեռ մենք չունենք որևէ վստահություն, որ մեր առաջնագիծն այսօր նորմալ կահավորված է, թեկուզ այն մակարդակով, որը կար մինչ 44-օրյա պատերազմը: Մի պարադոքսալ բան կա. երբ այսօրվա իշխանությունները մինչև 2018 թվականը ընդդիմություն էին, ամեն օր խոսում էին թափանցիկությունից: Հետո, երբ եկան իշխանության, ու մասնավորապես պատերազմից հետո ընդդիմադիր ու փորձագիտական դաշտը դիրքերի ամրաշինական կառույցների կահավորման մասով ոչ թափանցիկ գործունեության մասին հարցեր էր բարձրաձայնում, այս իշխանությունը խոչընդոտում էր ընդդիմադիր պատգամավորների այցը մարտական դիրքեր»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Իսկ թե Ադրբեջանի այս փուլի սադրանքները լայնամասշտաբ գործողությունների վտանգ պարունակում են, թե ոչ, վերլուծաբանը նշեց. «Դժվար է ասել՝ կոնկրետ լայնամասշտաբ գործողությունների, թե ինչ-որ լոկալ մարտերի համար են հող նախապատրաստում, բայց այն, որ ռազմական բախում սկսելու վտանգ մշտապես կա, միանշանակ է»: Այս ամենից զատ, վերլուծաբանը մեկ այլ խնդրի մասին մատնանշեց. «Խոսքն այն անորոշության մասին է, որը միայն Ադրբեջանի վարած քաղաքականության ու հռետորաբանության արդյունք չէ: Առկա իրավիճակը նաև ներքին քարոզչական հնարքների արդյունք է: Այդ մթնոլորտի խորացմանն է նպաստում հատկապես ներքին՝ իշխանության կողմից տարվող մեդիա քարոզչությունը: Հստակ չէ, թե ինչի մասին են խոսում: Մեկը մի բան է հայտարարում, մյուսը՝ այլ, երրորդն ընդհանրապես հերքում երկուսին, որոնք ևս հնարքներ են»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով