Ինչո՞ւ ենք այսքան իներտ. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայում Հայաստանի ու Արցախի, նաև մեր պետականության շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ունենք կա՛մ հանրային անտարբերություն, կա՛մ էլ հիասթափություն, գրեթե բացակայում է պայքարն ու պայքարի ոգին։ Նաև դրանով է պայմանավորված, որ շատերը զուգահեռներ են տանում 1988 թվականի Արցախյան շարժման հետ, երբ սկսված պայքարը, չնայած բոլոր դժվարություններին, հաղթանակի հանգեցրեց։ Այն ժամանակ չկային նույնիսկ կազմակերպված ինստիտուտներ ու բանակ, չունեինք բավարար չափով սպառազինություն և անհրաժեշտ այլ ռեսուրսներ, դրան գումարած էլ պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնվեցինք, սակայն կամքի, վճռականության և մինչև վերջ պայքարելու միջոցով կարողացանք հաջողության հասնել։

Եթե համեմատում ենք Արցախյան առաջին շարժման ընթացքում առկա իրավիճակի հետ, ապա ներկայում մեր դրությունն անհամեմատ բարվոք է։ Ավելի ստույգ՝ բարվոք էր մինչև 2018 թվականը: Այդուամենայնիվ, երկիրն ինչ-որ չափով կայացել է, տնտեսական զարգացում է ունեցել, կան ինստիտուտներ, բանակ և քիչ թե շատ ռեսուրսներ: Բայց հասարակությունը, կարծես թե, քիչ-քիչ համակերպվում է այն վիճակի հետ, որ կարող են ՀՀ ինքնիշխան տարածքները նաև օկուպացված լինել հակառակորդի կողմից։ Կարծես ոչ մի արտասովոր իրադարձություն տեղի չի ունեցել։ Այսպիսի իրավիճակի փոխարեն մենք պետք է տեսնեինք ամենօրյա բուռն պայքար, որի ընթացքում երկրի ղեկավարությանը կոնկրետ պահանջներ պետք է ներկայացվեին ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Արցախի իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ այդ պահանջները ձախողելու դեպքում հասարակության շրջանում կհասունանար իշխանություններին հեռացնելու թեման։

Մյուս կողմից էլ՝ միջազգային հանրությունը կտեսներ, որ իրոք պայքար կա, մարդիկ չեն համակերպվել առկա իրավիճակի հետ, և անկանխատեսելի զարգացումներ են հնարավոր, ուստի հնարավորինս հաշվի կնստեր այդ իրողության հետ։ Ընդդիմությունը մի քանի անգամ փորձեց շարժում ծավալել իրադրության մեջ փոփոխություն մտցնելու համար։ Ճիշտ է, ընդդիմությունն անսխալական չէ, կային ու կան նաև թերացումներ, սակայն նրանց նախաձեռնած շարժման թափը կարող էր գալ նաև հանրության ներսից ու անգամ դառնար համազգային նշանակություն ունեցող պայքար կամ նոր Ղարաբաղյան շարժում։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր, որ 1988 թվականին մարդիկ միահամուռ ոտքի ելան, իսկ հիմա ցանկություն անգամ չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գուցե խնդիրը մտածողությունը և արժեքային համակա՞րգն են, քանի որ տարիներ շարունակ քաղաքացիների մեջ սրսկել են պայքարի անիմաստ լինելու, շահամոլության և Արցախը հանձնելու ու բարվոք կյանքով ապրելու մասին կեղծ գաղափարները, ընդ որում՝ նաև այսօր իշխանության ղեկին հայտնվածների ջանքերով։ Դրա համար էլ այսօր թոշակների մի քանի հազար դրամով ավելացումն ավելի շատ է կարևորվում, քան հայրենիքի կորստի վտանգը։ Կամ մի ժամանակ էլեկտրաէներգիայի գների թանկացման պատճառով օրերով խոշոր հավաքներ կամ երթեր էին անցկացնում, իսկ երբ Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի պետականությունը վտանգի տակ է, ձայն բարբառո անապատի։ Ո՞ւր են նրանք, ովքեր 800 հեկտարի համար օրուգիշեր կոկորդ էին պատռում։ Հասկանալի է՝ իշխանություններն էլ իրենց հերթին ամեն ինչ անում են, որ հանկարծ հանրային հուզումներ չսկսվեն, քանի որ ժողովրդական ալիքն առաջին հերթին իրենց է սրբել-տանելու։

Դրա համար էլ առաջնային են դառնում ասֆալտը, շոուները, ժամանցային միջոցառումները, փողոցների ու շենքերի նախաամանորյա զարդարանքը, թոշակների ու նպաստների մի քանի լումայով ավելացումը և այլն։ Այսպիսի քայլերով իշխանությունները, հանուն իրենց աթոռի, ցանկանում են հանրության զգոնությունը բթացնել ու ուշադրությունը շեղել, բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի, որ եթե այսօր վտանգի տակ են սահմանամերձ բնակավայրերը, ապա վաղը արդեն իր բնակավայրը ևս կարող է նույն վտանգի առաջ կանգնել, և կապ չունի՝ ինքը Երևանում է ապրում, թե Գյումրիում կամ Վանաձորում։ Իսկ եթե ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը վտանգի տակ հայտնվի, ապա իշխանություններն իրեն մենակ են թողնելու, ինչպես Սյունիքում բնակիչներն անձամբ էին գնում հակառակորդի հետ բանակցելու կամ որևէ կերպ պայմանավորվելու։ Բայց միայն առանձին անհատների քայլերը բավարար չեն, կոլեկտիվ ձեռնարկումներ են պետք, իսկ ինչքան դրանք շուտ լինեն, այնքան քիչ կորուստներով դուրս կգանք առկա իրավիճակից։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով