Ազգային արժանապատվության և հայի գոյատևման ստուգատես. կարծիք. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանը զավեշտի թատրոնի է վերածվել, իսկ աշխարհն էլ զարմացած մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին է հետևում, թե ինչպես է բազմահազարամյա ազգը լռել յայն ընկղմվում ինքնաոչնչացման հորձանուտը, ինչպես է հանդուրժում պարտված, երկիրն օրհասական վիճակի հասցրած, հազարավոր զոհերի պատճառ դարձած ու բացահայտ ազգակործան քաղաքականություն վարող իշխանություններին: Սա ազգային ողբերգություն է, ազգային խայտառակություն: Եվ հիմա հայ ժողովրդին նույնականացնում են այս իշխանությունների հետ, ու աշխարհում հային շատերն ընկալում են որպես դավաճանի, պարտվողի, վախկոտի…

Մեր ազգային ինքնությունը, արժանապատվությունն ու հայրենիքի ամբողջականությունը լուրջ վնասներ է կրել, իսկ Արցախը աշխարհի անտարբեր հայացքի ներքո կանգնած է հայաթափման իրական վտանգի առաջ: Հիմա մենք մեր խելքից հայտնվել ենք արժեհամակարգային, ազգային ավանդույթային, սերնդային աղետի, բարոյական այլանդակության ու հայրենիք և պետություն կորցնելու առարկայական վտանգի առջև։ Մի՞թե անգիտությունն ու չարությունը այն աստիճան կարող էր մթագնել մարդկանց ուղեղները, որ հայրենիք ու պետություն ուրանան, սովորական մարդկային ու ազգային արժանապատվություն անտեսեն։ Խեղճությունն ու անճարությունն էլ մեզանից շատերին այնքան են նվաստացրել, որ նրանք սկսել են հաշտվել հայրենիքի կորստի հետ, սիրել իրենց կապանքները, ստրուկի իրենց կարգավիճակը:

Իսկ հայրենիքը չսիրելը, նրա նկատմամբ անտարբերությունը առաքինության բացակայության ու վախկոտության դրսևորման գագաթնակետն է: Երկրում ստեղծված քաոսը, ճգնաժամը, բարոյազուրկ ու ողորմելի վիճակը այս օտարածին իշխանությունների մեծագույն սրիկայությունն է, որոնք իրենց անձնական փառքի ու շահի համար խաբեցին ժողովրդին՝ խոստանալով պայծառ ապագա, չարաշահելով իրենց հանդեպ նրանց ունեցած կույր հավատը, վստահությունը, տանելով նրանց ստրկացման, պառակտման, մոլորության, թրքահպատակության ու կործանման: Ի դեպ, սեփական ժողովրդի հետ նույն կերպ վարվեց նաև 20-րդ դարի մեծագույն ավանտյուրիստ Ադոլֆ Հիտլերը, որն ասում էր, թե. «այս աշխարհ եմ եկել ոչ թե մարդկանց օգնելու, այլ նրանց թուլություններն օգտագործելու համար»: Ամբողջ չարիքը մեր ներսում է. մեր հոգիների ու սրտերի մեջ պետք է փնտրել, դավաճան հայի մեջ պետք է փնտրել: Միաժամանակ մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրենք մեր փրկությունը: Ինչպես Թումանյանը կասեր, «քանի որ մեր ներսից է ցեցը կերած, մեր ներսն է փչացած, ուրեմն փրկությունը մեր ներսում պետք է փնտրել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա մենք ազգովի մեկ անելիք, մեկ օրակարգ ունենք՝ հեռացնել ապազգային ու ապաշնորհ իշխանություններին և երկրի կառավարումը վստահել առողջ, ազգային շահեր հետապնդող, պետական մտածողություն, բավարար փորձառություն, գիտելիքներ ունեցող մարդկանց։ Այս տեսակետից, կարծում եմ, նոյեմբերի 5-ի հանրահավաքը կարևոր նշանակություն ունի. այն իր մասշտաբով, բնույթով, ակտիվությամբ ու վճռականությամբ արմատապես պիտի տարբերվի նախորդներից: Ինչո՞ւ: Որովհետև միգուցե պատմական վերջին հնարավորությունն է, իսկ հաջորդը կարող է արդեն ուշացած լինել երկիրը կործանումից փրկելու համար: Այս հանրահավաքը կոչված է լինելու աշխարհին ցույց տալու մեր համազգային համերաշխությունը, վճռականությունը, ազատ ու անկախ ապրելու մեր կամքը: Սա միգուցե մեր վերջին հնարավորությունն է վերականգնելու ու փրկելու մեր կորսված պատիվը, համբավը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, միջազգային հեղինակությունը, ինքնիշխանությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը, արժեզրկված պետական ինստիտուտները, դարերով ձևավորված մեր լավագույն ավանդույթները:

Նոյեմբերի 5-ին յուրաքանչյուրիս ներկայությունը պարտադիր է, եթե ուզում ենք հայրենիք ու պետություն ունենալ, եթե ուզում ենք արժանապատիվ ապրել: Հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց, որ հայը ինքնակազմակերպվում է, ուղղում է ողնաշարը, դուրս է գալիս պարտվածի հոգեվիճակից, մոլորությունից ու հուսահատությունից: Իսկ ստեղծված վիճակից դուրս գալու ելքը ազգովի փոխվելն ու համախմբվելն է, պետականության, հայրենիքի և ազգի ընտրանու արժևորումն է, մեր միջի ստրուկին ու դավաճանին «սպանելն» է ու բարոյական և ազգային բարձր արժեքներ կրող արժանապատիվ քաղաքացու դաստիարակումը: Ազատ և անկախ պետություն ունենալն անհնար է առանց ազատ, հայրենասեր, օրինապաշտ, պետական մտածողություն ունեցող, գիտակից ու ինքնազոհության պատրաստ քաղաքացիների: Չկան ժողովուրդներ, որ չկարողանան վերածնվել: Հուսով եմ, որ այս ճակատագրական պահին Աստված թուլ չի տա, որ հային լքի իմաստությունն ու խոհեմությունը, հուսով եմ, որ հայը ևս մեկ անգամ կցուցադրի իր հավերժ լինելիության կամքը…

 

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով