Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերվում են քարանձավային կանոններով. ախորժակները մի այլ կարգի է բացվել․ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերվում են ներկայիս իրավագիտության և ընդհանրապես՝ քաղաքակրթության հետ որևէ աղերս չունեցող քարանձավային կանոններով, ըստ այդմ էլ՝ իբրև ճնշման գործիք են հռչակում հին և միջին դարերում ընդունված ռազմական տուգանքը, հընթացս հոխորտալով, թե աշխարհին բան ունեն ապացուցելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ախորժակները մի այլ կարգի է բացվել, և սրանց թվում է, թե մի քանի պաշտոնյաների ելույթները լիուլի բավարար են՝ Հայոց եղեռնը, Հայաստանի պատմական տարածքները բռնազավթելու, հենց մեր օրերում նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ ցեղասպանության հերթական փաստերն անտեսելու համար: Մոռացել են, որ Հայոց եղեռնը համառորեն չընդունելով, ոչինչ չի փոխվում, քանզի հենց թուրքական դատարաններն են կայացրել դատավճիռներ՝ էթնիկ զտումների նպատակով կազմակերպված ոճրագործությունների փաստերով, իսկ դատավորների նկատմամբ վրեժխնդիր են եղել և 1930 թ. գլխատել, ինչը բնավ չի ենթադրում, որ այդ դատավճիռները բեկանվել են: Պատահական չէ, որ «ֆուտբոլային դիվանագիտության» համատեքստում առաջարկում էին «պատմաբաններից» և ոչ թե իրավագետներից բաղկացած հաշտեցման հանձնաժողով ստեղծել, թեպետ՝ հայ պատմաբանները ևս հրաշալի տիրապետում են իրավական արժեք ունեցող փաստերին:

Թող դիմեն դատարան, ոչ թե հոխորտան ու բանավոր պայմանավորվածություններով շահեկան խնդիրներ լուծեն:

Հռետորական հարց. վերջապես ե՞րբ պետք գոնե հայագիտության և արտաքին քաղաքականության հարցադրումներով մեր օրերում մեծարժեք գիտական հետազոտությունները հաշվի առնվեն, դրանք սոսկ տեսական մտավարժանքներ չեն …

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով