Իսկ դուք ի՞նչ եք արել․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին շրջանում հանրային քննարկման ամենաառանցքային թեմաներից մեկն այն է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է դրված կամ դրվելու բանակցությունների սեղանին, և ինչ պայմաններ են պարտադրվում հայկական կողմին։ Նույնիսկ շարունակաբար մտավախություններ են հնչում, թե Փաշինյանն արդեն ստորագրել է այդ փաստաթուղթը։ Դրա համար էլ, երբ Փաշինյանը վերջերս խորհրդարանում հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել հաշտության պայմանագիրը, մարդկանց հոծ զանգված, մտածելով, թե նա արդեն ստորագրել է փաստաթուղթը, դուրս եկավ փողոց՝ պահանջելով նրա հրաժարականը։

Եվ տեսնելով իր իշխանությանը սպառնացող վտանգը՝ Փաշինյանն անմիջապես ուղիղ եթեր դուրս եկավ՝ հավաստիացնելով, թե սեղանի վրա չկա դրված փաստաթուղթ։ Բայց եթե նույնիսկ առարկայական փաստաթուղթ դեռևս չկա, փաստն այն է, որ այն առնվազն ձևակերպման փուլում է։ Սրան զուգահեռ՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթով, այսպես ասած, «արտահոսք» է կազմակերպվում բանակցային գործընթացի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Եվ դա արվում է իբր նախկին նախագահների հանդիպման հետ կապված բարձրացված հարցերի ու փորձագիտական շրջանակների մտահոգություններին ի պատասխան։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է իշխանական «հավաստի աղբյուրը» հենց հիմա բացահայտում Ադրբեջանի 5 հիմնական պահանջները։

Չէ՞ որ ներկա պայմաններում Ադրբեջանն ինչ պահանջ ցանկանա, կարող է ներկայացնել, նույնիսկ անհավանական թվացող, բայց մեզ համար ամենակարևոր հարցը պետք է լինի այն, թե ինչ պահանջներ ու նպատակներ ունի Հայաստանը, որին պետք է ամեն գնով հասնի։ Այստեղ է, որ տպավորություն է առաջանում, թե իշխանական հրապարակումն այլ նպատակ էր հետապնդում։ Թերևս պարզ է՝ Ադրբեջանի բոլոր մաքսիմալիստական պահանջները չէ, որ ամրագրվելու են հաշտության պայմանագրում, ու այդ հանգամանքը Փաշինյանը հետագայում կարող է ներկայացնել որպես իր դիվանագիտական հաղթանակ՝ նշելով, թե, տեսեք, ինչ էին Բաքվից պահանջում, իսկ հիմա ինչքանով են նահաջել այդ պահանջների հարցում։ Նույն կերպ էլ հաջորդ օրը հրապարակում եղավ ՌԴ-ի ցանկությունների մասով՝ կրկին անանուն աղբյուրներին հղում կատարելով, որը նույնիսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը անհեթեթություն որակեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ էության, այդ հրապարակման մեջ վերլուծությունը շատ պրիմիտիվ մակարդակում էր, և որևէ նորություն չկար, որի մասին հանրությունը կարող էր նոր տեղեկանալ։ Այն ավելի շատ ՌԴ-ից դժգոհություն հայտնելու և հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու շրջանակում էր։ Միգուցե ռազմավարական դաշնակցից իրապես դժգոհելու պատճառներ կան, բայց գլխավոր հարցն այն է, թե ՀՀ իշխանությունները անհրաժեշտ քայլեր կատարե՞լ են, որ հայ-ռուսական հարաբերությունները չտուժեն, կամ ի՞նչ ջանքեր են ներդրել, որպեսզի թույլ չտան, որ ադրբեջանամետ շրջանակները ազդեն ռուսական իշխող էլիտայի դիրքորոշման վրա։ Միանշանակ է, որ ոչինչ չեն ձեռնարկել, իշխանությունները չորս տարի շարունակ իրենց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը» գովերգելով, երկրի ներսում «բռնել-թողնելու» շոուներ կազմակերպելով ու պետությունը սոցցանցերով և ուղիղ եթերներով կառավարելով էին զբաղված։

Իսկ մինչ Հայաստանում բթացվում էր հանրության զգոնությունը, այդ ժամանակ թշնամին ակտիվ աշխատում էր, դրա համար էլ հիմա Փաշինյանը խոստովանում է, որ Ադրբեջանը այնպիսի դիվանագիտական հաջողությունների է հասել, որ կարողանում է արգելակել մեր դաշնակիցների կողմից Հայաստանին զենքի մատակարարումը։ Նույն մոտեցումը վերաբերում է նաև ՀԱՊԿին։ Եվ փոխանակ ՀՀ իշխանություններն այնպես անեին, որ ՀՀ ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ Յուրի Խաչատուրովը, հնարավորինս երկար պաշտոնավարի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում, որպեսզի այդ կառույցն ավելի առարկայորեն արձագանքի ադրբեջանական սադրանքներին, Փաշինյանը ոչ միայն այնպես արեց, որ Խաչատուրովը հեռանա, այլև վարկաբեկեց այդ անվտանգային կառույցը։ Եվ այս ամենից էլ հմտորեն օգտվեց Բաքուն։

Այն, ինչ չկարողացավ անել հայկական կողմը, կատարեցին մեր թշնամիները։ Անվտանգային այդ կառույցի անդամ չլինելով՝ Ադրբեջանը կարողացավ մեծ ազդեցություն ձեռք բերել դրա մի շարք անդամների դիրքորոշումների վրա։ Իսկ հիմա էլ մարդիկ կան, ովքեր զարմանում են, թե ինչու ՀԱՊԿ-ը անհրաժեշտ արձագանք չի տալիս Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային։ Եվ եթե մի փոքր այլ կերպ մեկնաբանենք նշյալ հրապարակումների շարքը, ապա պետք է արձանագրենք, որ դրանք վկայում են ՀՀ իշխանությունների համապարփակ ձախողման մասին։ Եթե այդ ձախողումը չլիներ, ապա Ադրբեջանը չէր համարձակվի Հայաստանի համար բացարձակ անընդունելի պահանջներ ներկայացնել, իսկ մեր դաշնակիցները դժվարին պահին երես չէին թեքի մեզանից։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով