Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գրառում է արել՝  ներկայացնելով․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

« ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի այսօրվա նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ ելույթի ընթացքում նա, ընդհատելով իմ ելույթը, ձայնի իրավունք տվեց ադրբեջանցի պատգամավորին՝ ով փորձեց ասել, թե ես իրավունք չունեմ խոսել հակամարտության մասին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների վարման կարգի վերաբերյալ ելույթներից հետո ես, բնականաբար, շարունակեցի ելույթս:

Տեղեկացնեմ նաև, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը:

Այն նույն ժամանակ, երբ Երևանում Ալեն Սիմոնյանը ասում է, թե Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ ներառել՝ Ստրասբուրգում խոսել եմ այն մասին, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են անցյալ ժամանակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստորև ներկայացնում եմ ելույթի հայերեն տարբերակը.

«Տիկնայք և պարոնայք,

Այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից։ Բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ։ Խիզախության նմանատիպ դրսևորումները մեր օրերում հազվադեպ են դարձել:

Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին։

ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ: Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի և Գողիաթի պատմության նման։ Եվ պատճառը բնավ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի և փոքրամասնության միջև բանակցությունների արդյունքում: Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին:

Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:

Տիկնայք և պարոնայք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ:

Շնորհակալություն:»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

10 − 5 =