Արդյո՞ք մեղավոր են խաբված մարդիկ․ Կարեն Ճշմարիտյան

 

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համարյա բոլորը տեսնում են վերահաս աղետը, նաև՝ տեսնում են ու լսում են, որ աղետի պատասխանատուներն ու մեղավորները չեն ձգտում ու չեն կարողանում որևէ դրական քայլ անել, և կործանման են տանում ողջ հայությանը։
Այդուհանդերձ սակավաթիվ չեն այն մարդիկ, ովքեր կամ չեն ցանկանում, կամ չեն կարողանում իրենք իրենց համոզել, որ իրականությունը հենց դա է։ Ովքեր չեն ցանկանում՝ նրանք անհուսալի են, և շատ փոքրաթիվ։
Առավել անհանգստացնում են նրանք, ովքեր համոզվել են, համաձայն են, բայց միևնույն է՝ դժվարանում են խոստովանել և արտահայտվել։ Ընդ որում՝ նման վարքագիծն արդարացնելու համար վերջիններս անհասկանալի վարկածներ, խելահեղ «փաստարկներ» ու «հիմնավորումներ» են փնտրում, կամ հորինում։ Դիմում են ցանկացած քայլի, որպեսզի իրողություններին համարժեք չարձագանքեն ու չարտահայտվեն։
Հնարավո՞ր է, որ վերջիններս գիտակցում են իրենց ճակատագրական սխալներն ու դրանց ավերիչ հետևանքները, այդ թվում՝ իրենց մեղսակցությունը, բայց որպեսզի պաշտպանվեն՝ դրսևորում են նման վարքագիծ։ Միգուցե դա իրո՞ք ինչ-որ հոգեբանական ներքին պաշտպանական և ինքնաբերաբար աշխատող մեխանիզմ է։ Չէ՞ որ արդեն նորմալ և մարդկային չէ նման կեցվածքը։
Կամ՝ արդյո՞ք սա այլևս վերածվել է անբուժելի պաթոլոգիայի, թե՞ գոյություն ունի ինչ-որ մոտեցում, որի գործադրման արդյունքում այդ մարդիկ դուրս կգան այն հոգեվիճակից, որի գերին են դարձել։
Հնարավո՞ր է, կամ արդյո՞ք անհրաժեշտ է փորձել, օրինակ՝ հայհոյելու, ծաղրելու, կամ պախարակելու փոխարեն պարզապես համոզել նրանց, որ խաբվելը շատ ծանր մեղք չէ, որ անտեղյակ լինելը շատ ծանր մեղք չէ, կամ՝ ընտրության մեջ սխալվելն աններելի մեղք չէ։ Միգուցե այդ դեպքում կխոստովանե՞ն, որ խաբված են եղել, և դրանով կթոթափեն այն ծանր մեղքի զգացումը, որից հնարավոր է սարսափում ու տառապում են։
Հարցեր են, որոնց հստակ պատասխանները հավանաբար կարող են տալ բացառապես մասնագետները։ Սակայն, այն, որ պետք է փորձել գտնել ինչ-որ մոտեցում՝ կասկածից վեր է։
Լսելու ունակ անտարբերներին, անտեղյակներին, խաբվածներին ու մոլորվածներին հանրային պարսավանքի ենթարկելով հիմնախնդիրը չի լուծվի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով