ԱՊՀ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները Կազանում քննարկել են ոլորտային համագործակցության հարցեր

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարար Իրեկ Ֆայզուլինի հրավերով հոկտեմբերի 5-7-ը Կազանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 43-րդ նստաշրջանին և Եվրասիական շինարարական կոնգրեսին: Միջկառավարական խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում միջպետական համագործակցության հարցեր: Նիստի մասնակիցները տեղեկություններ են փոխանակել ոլորտի զարգացման ծրագրերի և իրականացվող գործընթացների վերաբերյալ: Դիտարկվել են սեյսմակայուն շինարարության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների կատարած աշխատանքը, շինարարության ոլորտում գնագոյացման, լիցենզավորման և նորմատիվատեխնիկական համակարգերի բարելավման աշխատանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նստաշրջանին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է Հայաստանում 2022 թվականին իրականացվող և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված շինարարական լայնածավալ աշխատանքները, շեշտադրել տնտեսական աճի ցուցանիշում շինարարության մասնաբաժինը: Կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքաշինության ոլորտի զարգացմանն ու օրենսդրական դաշտի բարելավմանը միտված նախաձեռնություններին, կարևորել գործընթացների պարզեցման նպատակով թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Արմեն Ղուլարյանը ներկա է եղել նաև Շինարարության միջազգային երկրորդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:

ՌԴ այցի ընթացքում կոմիտեի ղեկավարն աշխատանքային հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչների նաև անդամ պետությունների պաշտոնակիցների հետ, քննարկել երկրների միջև ոլորտային համագործակցության առավել ակտիվացման հեռանկարները: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 44-րդ նստաշրջանը 2023 թվականին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև երկու գերատեսչությունների միջև 2016թ. կնքված համաձայնագիրը մինչև տարեվերջ վերանայելու, արդիականացնելու և ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով