Քավության նոխազների փնտրտուքը չի նվազեցնում իշխող քաղաքական ուժի պատասխանատվությունն ու մեղավորությունը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շուտով կլրանա Արցախի նկատմամբ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի 2 տարին, բայց անհասկանալիորեն հիմա են հանկարծ սկսվել շարքով գործեր հարուցվել մի շարք բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, ովքեր մեղադրվում են անգործություն, անփութություն դրսևորելու, Շուշին հանձնելու և այլ հարցերում։ Ժամանակը ցույց տվեց, որ իշխանություններն իրենց առաջ ի սկզբանե խնդիր էին դրել առաջին հերթին թուլացնել բանակը, որպեսզի մեղավորներ նշանակեն հենց բանակից, բայց նրանք որոշակի խոչընդոտների էին բախվում այս ճանապարհին։

Չէ՞ որ պատերազմից կարճ ժամանակ անց ԳՇ-ի զինվորականները հայտարարություն տարածեցին, որում իշխանությունների հրաժարականն էին պահանջում, իսկ դրա ֆոնին բարձրաստիճան զինվորականներին քավության նոխազ դարձնելը լուրջ վտանգ կարող էր իր մեջ պարունակել հենց իշխանությունների համար։ Դրա համար էլ նրանք բանակում այնպիսի փոփոխություններ նախաձեռնեցին, որ ԳՇ պետը դառնա պաշտպանության նախարարի ենթական ու ԳՇ-ն ընդհանրապես զրկվի ինքնուրույնությունից։ Մյուս կողմից էլ՝ թերևս իշխանությունները պատրաստվում են ամրագրել թշնամուն արված զիջումները, և գործընթացը հասել է այն աստիճանի, որ արդեն հաշտության պայմանագրի շուրջ բանակցությունների և համապատասխան հանձնաժողովների ձևավորման մասին է խոսվում։

Բնականաբար, այս իրողությունը շատ լուրջ հանրային դժգոհություն, ինչու չէ՝ նաև պոռթկում է առաջ բերելու, իսկ իշխանությունները, մեղավորներ նշանակելով, հնարավորություն կստանան սլաքներն ուղղել բանակի բարձրաստիճան զինվորականների ուղղությամբ և իրենց քայլերն արդարացնել նրանով, որ հիմա ուղղակի ստիպված են գնալ հաշտության պայմանագրի կնքման ճանապարհով։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի կրած պարտությունը միայն ռազմական ոլորտով չի սահմանափակվում, քանի որ դա նաև դիվանագիտական և քաղաքական ձախողման արդյունք է։ Նույնիսկ 2018 թվականին, երբ Փաշինյանն իր թիմակիցներով շարժում էր նախաձեռնել ու նոր էր իշխանության եկել, մամուլում գրվեց, որ հակառակորդը Նախիջևանում առաջխաղացում է ունեցել, դիրքերն ամրացրել է, առաջ է բերել, բայց իշխանության ներկայացուցիչները հերքում էին, մեղադրանքներ էին հասցեագրում, թե դրանով խուճապ են տարածում։Արդյունքում իշխանություններն անուշադրության մատնեցին արտաքին սպառնալիքը և այդ ուղղությամբ ոչ մի գործողություն չձեռնարկեցին՝ ավելի թուլացնելով անվտանգության համակարգն ու բանակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս կողմից էլ՝ երբ Դուշանբեում վերելակային հանդիպման ժամանակ չկրակելու մասին համաձայնություն կայացվեց, շատերը մտածում էին, թե դա Փաշինյանի իշխանության դիվանագիտական հաջողությունն է, բայց հարց չէին տալիս իրենց, թե հետո դրա փոխարեն Ադրբեջանն ինչ է պահանջելու։ Եվ ամենակարևոր ձախողումն այն էր, որ Փաշինյանը կոնկրետ ծրագիր չուներ Արցախյան խնդրի վերաբերյալ, և իր հակասական դիրքորոշմամբ ու անկարողությամբ պայմաններ ստեղծեց, որ Ադրբեջանը շարժվի հիմնախնդրի ռազմական լուծման ճանապարհով։ Արդյունքում Բաքուն կարողացավ միջազգային հանրության առաջ լեգիտիմացնել իր ագրեսիան, և միջազգային տարբեր շրջանակների ու կառույցների կողմից նրա գործողությունները դատապարտող որոշումներ և բանաձևեր չընդունվեցին։

Ու մինչև հիմա դրա իներցիայով Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ցանկացած պահի սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի սահմանում, իսկ այդ գործողությունները այդպես էլ համարժեք արձագանքի չեն արժանանում անգամ մեր անդամակցած հավաքական անվտանգային այնպիսի կառույցի կողմից, ինչպիսին ՀԱՊԿ-ն է։ Դիվանագիտական անհաջողությունների շարքում անհրաժեշտ է հիշատակել նաև այն իրողությունը, որ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունները դուրս են եկել դրա համար նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներից։ Իսկ ՀՀ իշխանությունները, կարծես թե, համակերպվել են այս իրողության հետ, այլապես արդեն Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 4-րդ հանդիպումը չէին ունենա Բրյուսելում։

Ուղղակի մնում է միայն, որ մարդիկ հասկանան՝ ՀՀ իշխանությունները իրենց հայտարարությունների մեջ մտցնելով այն ֆրազը, թե Արցախյան հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա համանախագահության հովանու ներքո, որևէ գործնական հարց չեն լուծում։ Այդպիսի «կախարդական» արտահայտություններով նրանք ընդամենը մոլորեցնում են հանրությանը, իսկ այդ ընթացքում միայն հակառակորդի օրակարգն է առաջ մղվում։ Ձախողումների շարքը երկար կարելի է թվարկել։ Իսկ ո՞վ է դրա համար պատասխանատու հասարակության առաջ, պարզ է, որ իշխող քաղաքական ուժը և առաջին հերթին Փաշինյանը, որն ինչքան էլ փորձի իր համար քավության նոխազներ փնտրել բանակում և այլ տեղերում, միևնույնն է, չի կարող պարտակել տարբեր ուղղություններով իր տապալումները։ Եվ իրավունք չվերապահելով խառնվել իրավապահ մարմինների գործերին և հետաքննություններին, թե կոնկրետ ով ինչ մասով է մեղավոր, հարկ է ընդգծել, որ եթե նույնիսկ կան մեղավորներ, դա չի նվազեցնում իշխող քաղաքական ուժի ու հենց անձամբ Փաշինյանի պատասխանատվությունը և մեղավորությունը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով