Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակավայրերի պատմական միջավայրի պահպանմանն ուղղված նախագիծ

 

Պատմական արժեք ունեցող բնակավայրերի համար առաջիկայում պատմական միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրային փաստաթղթերի մշակման հստակ կարգ կսահմանվի: Քաղաքաշինության կոմիտեն մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ համագործակցելով շահառու գերատեսչությունների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացուցիչներ Արդարադատության, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից: Կոմիտեի պատասխանատուները հանդիպման մասնակիցների դիտարկմանն են ներկայացրել նախորդ քննարկումների արդյունքում տարբեր գերատեսչություններից, Երևանի քաղաքապետարանից և նախագծային կազմակերպություններից ստացված առաջարկների, դիտարկումների հիման վրա փաստաթղթի լրամշակված տարբերակը:

Որոշման նախագծով ամրագրվում են սահմանափակումներ, որոնք թույլ կտան պատմական արժեք ունեցող բնակավայրերում կառուցապատման աշխատանք կատարելիս պահպանել քաղաքաշինական միջավայրի արժեքը և նոր միջամտություններով չխաթարել ամբողջականությունը: Սահմանվում է այդպիսի տարածքների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը:

Աշխատանքային քննարկման ընթացքում կատարված դիտարկումներն ամբողջացվելու են՝ փաստաթղթի վերջնական տարբերակը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով