Ուր էր թե դա միակ թերությունը լիներ. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր այնպիսի տպավորություն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն այդպես էլ դուրս չի գալիս զիջումների հորձանուտից, իսկ թշնամական երկիրը յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործում է մեզ սպառնալու համար։ Օրերս Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցում էր «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևել յան տնտեսական 7-րդ համաժողովին, որի ընթացքում Պուտինը հանգամանալից խոսեց ինքնորոշման իրավունքից՝ այն ներկայացնելով Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ինքնորոշման համատեքստում։ Կարծես թե իդեալական առիթ էր ստեղծվել, որպեսզի Փաշինյանը շարունակեր ինքնորոշման մասին խոսակցությունն արդեն Արցախյան հակամարտության կոնտեքստում։ Եվ նա կարող էր հատուկ ընդգծել, որ արցախահայությանն սպառնում է ամբողջական բնաջնջումը, և սա միայն հայկական կողմի տեսակետը չէ, քանի որ տարբեր միջազգային կառույցներ ևս ահազանգել են, որ արցախահայությունն ուղղակիորեն ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած։ Բայց համաժողովի ընթացքում Փաշինյանն այդպես էլ որևէ ձայն չհանեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

 

Եվ պատահական չէր նաև, որ մինչ համաժողովն ընթանում էր, իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե Արցախի անկախության գաղափարն ինքնախաբեություն է եղել. «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։ Կարծես թե դրանով նա փորձում էր փրկել Փաշինյանի դեմքը՝ դրա հետ միաժամանակ բարձրաձայնելով իրենց քաղաքական թիմի հստակ դիրքորոշումը Արցախի ճակատագրի ու կարգավիճակի հետ կապված։ Այս ամենը հուշում է նրա մասին, որ իշխանությունները ձեռքերը լիովին լվացել են Արցախից և պատրաստ են մնացած հատվածն էլ հանձնել Ադրբեջանին: Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևը հայտարարում է, թե բանակցություններն ընթանում են իրենց ներկայացրած 5 կետերի շուրջ, և սպասվող խաղաղության պայմանագիրը ևս դրա շուրջ է լինելու, իսկ ՀՀ իշխանությունների կողմից այս հայտարարությանը որևէ պատասխան չկա՝ մանավանդ որ իրենք էլ 6 կետից բաղկացած թույլ «առաջարկ» էին ներկայացրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանակցային գործընթացի համատեքստում ինչո՞ւ չեն հիշատակվում այդ 6 կետերը։ Տպավորություն է, թե Ադրբեջանը մերժել է նույնիսկ այդ առաջարկները, իսկ այդ պայմաններում ՀՀ իշխանությունները շարունակում են Ադրբեջանի հետ բանակցությունները՝ հերթական անգամ միջազգայնորեն նվաստացնելով մեր պետականությունը։ Ավելին, ադրբեջանական կողմից արդեն հնչում են հայտարարություններ, որ Հայաստանն ընդունել է իրենց առաջարկները: Բացի դրանից, մի՞թե հանրությունն այնքան միամիտ է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են մոլորեցնել նրանով, որ եթե զիջումներ արվեն կամ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, ապա խաղաղության դարաշրջան է բացվելու։ Սա ավելի շատ նման է ինքնախաբեության, քանի որ թշնամու գործելակերպը այլ իրողության մասին է փաստում։ Ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսք լինել, երբ հումանիտար խնդիրները և նույնիսկ գերիների հարցը վերջնականապես լուծված չէ։ Միևնույն ժամանակ, պատահական չէ, որ Ալիևը հայտարարում է, թե միջազգային իրավունքը չի գործում և անգամ ակնարկում է, թե Հայաստանի հետ միջազգային պայմանագիրն իր համար ընդամենը թղթի կտոր է լինելու։ Ադրբեջանի ղեկավարի այսպիսի պահվածքը նշանակում է, որ հակառակորդին պետք է ուղղակի կանգնեցնել, քանի որ նույնիսկ պայմանագրի կնքումից հետո հակամարտությունը չի հանգուցալուծվելու և նոր պահանջներ են ներկայացվելու։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Վլադիվոստոկում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարի, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը։

Եթե Ադրբեջանը խաղաղության է ցանկանում հասնել, ապա ինչո՞ւ է պարբերաբար Թուրքիայի հետ ցուցադրական զորավարժություններ անցկացնում, Արցախից օկուպացված տարածքներում նոր զորամասեր բացում և անընդհատ հայտարարում նոր սպառազինությունների ձեռքբերման մասին։ Իսկ այս ամենն ուղեկցվում է սահմանին ադրբեջանական զինված ուժերի սադրանքներով, ադրբեջանական բանակը շարունակում է գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Տպավորություն է, թե Վլադիվոստոկում Փաշինյանն ուղղակի ասելիք չուներ, նա վերջնականապես հակվել է հակառակորդի ողորմությանը հանձնվելու տարբերակին։ Եվ քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարություններում բովանդակային ասելիք չկար, ապա հանրային տարբեր շրջանակներում խոսակցությունների առարկա դարձավ Փաշինյանի՝ ռուսերենով անհասկանալի ու անհոդաբաշխ խոսքը։

Բայց, անկեղծ ասած, սա այն թեման չէ, որ այդքան քննարկվի, որովհետև շատ ուրախ կլինեինք, եթե մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի միակ բացթողումը ռուսերենի թերի իմացությունը կամ այդ լեզվով խայտառակ վատ խոսելը լիներ։ Դա գոնե այսքան ավերումի ու ողբերգության չէր բերի…

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով