Եթե այդ թեզը ճիշտ է, որ մեր ժողովուրդը թմբիրից զարթնել է, ուրեմն պետք է սկսենք ուրիշ տեմպով և իսկապես գնանք մինչև վերջ.Ռոբերտ Քոչարյան

Ես պայքարի մեջ եմ, այո, առաջնորդելու ենք պայքարը, բայց դա լինելու է վաղն առավոտյան, երեք ժամից հետո, թե մեկ շաբաթ հետո, չենք կարող ասել, շատ հեռու չէ այդ ժամանակը, բայց պետք է դա լինի իրավիճակի ճիշտ գնահատականից հետո: Այս մասին սեպտեմբերի 15-ին քաղաքացիների հետ հանդիպման ժմանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.

«Մենք հիմա փորձում ենք գնահատել իրավիճակը և դա արագ ենք անելու: Եթե այդ թեզը ճիշտ է, որ մեր ժողովուրդը թմբիրից զարթնել է, եթե վախի արձագանքը պայքարելն է դարձել, ոչ թե ձևացնելը, թե մեռած ենք, չկանք, որ մի հատ էլ քացով չավելացնեն, ուրեմն ճիշտ եք, պետք է սկսենք ու սկսենք ուրիշ տեմպով, ուրիշ կարգախոսներով և իսկապես գնանք մինչև վերջ, բայց ես այդ գնահատականը պետք է ունենամ»,-հայտարարել է նա և հավելել. «Իմ կերպարը, ղարաբաղյան իմ անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի, որ կգա թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել ու մեր գլխին ևս մեկ պատերազմ բերել։ Սա այն հիմնական գործոնն էր, որը ամբողջ սոցիոլոգիան խառնեց»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ագրեսիայի, հարձակման դեպքում վախն ամենից հզոր բնազդն է, և կա երեք տարբերակ արձագանքելու հարձակմանը. «Առաջինը՝ պայքարել քո կյանքի համար, երկրորդը՝ փախչել, և երրորդը՝ ենթարկվել, կամ ձևանալ, թե մահացած ես։ Հիմա սա, այսպես ասած, ավելի շատ կենսաբանություն է, այլ ոչ թե հոգեբանություն, ու սա աշխատեց մեր ժողովրդի կոլեկտիվ պահվածքի վրա։ Երկրորդ հանգամանքը եղել է՝ ռևանշիստներ, ղարաբաղցի-հայաստանցի, հին-նոր։ Այս գործոնը երկար տարիներ սնվում էր և որոշակի հետք թողել է: Այս երկու գործոնն էր։ Հիմա նայեք, մենք սկսում էինք «Դիմադրության» շարժում և այս վերլուծությունը, գնահատականն ունենալով՝ որոշումը հետևյալն էր՝ փորձենք այդ վախը չեզոքացնել, օրինակ՝ իմ կերպարն առաջին գիծ չունենալու ճանապարհով և չառաջացնել հների-նորերի արհեստական թեզի վերակենդանացում։ Այդ երկու գործոնը չեզոքացնելու համար ես, որպես ՀՀ քաղաքացի, մասնակցել եմ երթերի, բայց առաջնորդի դերը չեմ տարել. պետք է ասենք՝ մեզ մոտ բավական լավ է ստացվել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով