ՊԵԿ-ը բացահայտել է  հանքարդյունահանման ապօրինի  դեպք

 

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց պետական գրանցման՝ հանքարդյունահանման ապօրինի հերթական դեպքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա, վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ նշված տարածքում ֆիզիկական անձի կողմից իրականացվել է ավազակոպճային խառնուրդի հանքավայրի ապօրինի շահագործում: Ծածկագրված, այնուհետև բացահայտ եղանակներով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Մ. Ա.-ն Գետաշեն համայնքի տարածքում ձեռք է բերել 2 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2 հողակտոր և առանց  ընդերքօգտագործման իրավունքի ու առանց հարկային  մարմիններում  հաշվառման այդտեղ իրականացրել է  օգտակար հանածոյի արդյունահանման գործունեություն: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի հանքարդյունահանումը քաղաքացին կազմակերպել էր տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով, ընդ որում, հիմնականում երեկոյան ժամերին:

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 16 հազար խոր. մետր ավազանման լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 39 միլիոն դրամ:

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստ­­ված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում՝ այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։

Ծանուցում. ենթադրյալ  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

20 + thirteen =