Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու ուղղությամբ. ՀՅԴ Բյուրո

Վերջին օրերին հերթական անգամ առերեսվեցինք դավադիր պայմանավորվածությունների նոր դրսեւորումների։ Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակվում է։ Եվ կրկին հայրենադավ իշխանությունները իրենց բնորոշ դերի մեջ են՝ ստերով եւ կեղծ մտահոգություններով քողարկելով սեփական հանցավոր վարքագիծը։ Ակնհայտ է, սկսվել է սողացող կապիտուլյացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ հարաբերություններում արձանագրվում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացվելու է որպես հավանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղված պարտադրված քայլ։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի և դրա շուրջ հնարավոր զարգացումների հարցը։ Այն իրոք ճակատագրական հարց է եւ բազմաթիվ բացահայտ ու թաքնված վտանգներ է պարունակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանություններով փորձ է արվում բավարարում տալ ադրբեջանական ապօրինի պահանջներին։

Լինելով ահաբեկչական պետություն, հակաահաբեկչական պայքարի քողի տակ Ադրբեջանն ու իր «եղբայր» Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի պայմաններում՝ Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենազրկման եւ նոր կապիտուլյացիայի գործընթաց։

Նույնքան վտանգավոր ու կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող մյուս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված գործընթացները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մշտապես ահազանգել ենք, որ այս իշխանությունները չեն սպասարկել եւ չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյությունը անխուսափելիորեն հանգեցնելու է նորանոր աղետների։ Ցավոք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր ավերածություններ, նոր նվաստացումներ։

Սեփական ուժերին ապավինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետեւողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժվար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար։ Դա միանգամայն հնարավոր է ։

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի իշխանություններ ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններ կառուցելու գործում։ Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը աւելի քան անհրաժեշտ է այս իշխանությունների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նվազագույնի հասցնելու համար։

Դարձյալ դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը չվհատվելու, չհիասթափվելու եւ չհուսահատվելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին։

ՀՅԴ ԲՅՈւՐՈ
9 օգոստոսի 2022 թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով