Ջաբրայիլից մինչև «Սուրմալու».Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» դաշինքի  պատգամավոր   Անդրանիկ  Թևանյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում  է.

Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ։ Ուշագրավն այն է, որ հանրությանն այդ ռեժիմի մեջ ապրեցնում են տեղեկատվական նույն տեխնոլոգիաները կիրառելով։ Չես հասցնում մի աղետի տակից դուրս գալ ու պատասխանատուների հետևից ընկնել, երբ մյուս աղետն է գալիս ու լրատվական հոսքերից անհետացնում նախորդ աղետը։
Ամենազզվելին այն է, որ սրանք ամեն մի աղետի հետ շրջանառության մեջ են դնում գերլավատեսական կեղծ լուր։ Անպաշտպան ականջները հաճույքով ընդունում են կեղծիքը՝ սոցիալական ցանցերում հաղթանակներ տանելով կամ երջանկանալով։
2020–ի սեպտեմբերի 27–ին թշնամին հարձակվեց՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական կոպտագույն սխալներից։
Թշնամին գրոհում էր Ջաբրայիլի ուղղությամբ ու առաջ գալիս։ Իշխանություններն այդ ընթացքում «Հաղթելու ենք»–ի ներքո «ազատագրում» էին Շահումյանն ու Գետաշենը։
Ջաբրայիլը հանձնվեց։ Ստի ու կեղծիքի խոսնակը սկսեց հանրությանը զբաղեցնել, որ թեժ մարտեր են Ջաբրայիլում ու դեռ շարունակվում է Գետաշենի ու Շահումյանի «ազատագրումը»։
Հետո եղավ Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։ Հետո ընկավ Հադրութը։ Ջաբրայիլն արդեն մոռացվել էր։
Հետո ասացին, որ Շուշին է վտանգված։ Հադրութը տեղեկատվական հոսքերից դուրս մնաց։
Շուշին 4 օր արդեն հանձնված էր, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ի առավոտյան գրում էր, որ Շուշիի համար թեժ մարտերը շարունակվում են։ Նույն օրվա գիշերը ստորագրվեց կապիտուլյացիան։ Տեղեկատվական աղբ ուտող զանգվածին կերակրում էին, որ նա ոչ թե կապիտուլացվել է, այլ «կյանքեր է փրկել»։
Պատկերացնո՞ւմ եք, գլխավոր գլխակերը հանդես է գալիս որպես «կյանքեր փրկող»․ լկտիությունը չափ ու սահման չունի։
Թշնամին մտավ Հայաստանի տարածք ու մինչև հիմա մնացել է այստեղ։ Բայց դրան այնքան աղետներ են հաջորդել, որ արդեն սովորական է դարձել ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանում։ Մանավանդ որ հայ զինվորներին «քացով լարելու» կադրերը հատուկ տարածվեց համացանցում, որպեսզի համընդհանուր վախի ու հուսահատությա մթնոլորտում ավելի հեշտ իրագործվի «Ինչ ուզում են տանք պրծնենք, միայն թե կռիվ չլինի ու խաղաղ ապրենք» հրեշավոր ծրագիրը։
Նոյեմբերի 9–ի հայտարարության տեքստից շեղվող ժամկետում ադրբեջանցիները Լաչինի միջանցքի աշխարհագրություն են փոխում։ Հանձնվում է Աղավնոն։ Ու այս ամենի ֆոնին տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը։ Աղավնոն դուրս է մնում լրահոսից։ Հայը սեփական տունն է այրում Աղավնոյում, Արցախի իշխանությունը կազմակերպում է հայերի բռնի տեղահանումը։ Աղավնոյի այրվող տան կրակը մի կերպ է տեղ զբաղեցնում «Սուրմալուի» կրակի արանքում։ Աղետները մրցում են միմյանց հետ տեղեկատվական դաշտում տեղ զբաղցենելու համար։
Սարսափով եմ սպասում «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Հատկապես երբ սրանք հայտարարում են, որ միջանցքային տրամաբանություն չի լինելու։ Ինչ ասել են, հակառակն է եղել․․․
Հ․Գ․։ Ո՞վ է հիմա հիշում, որ «Սուրմալուի» դեպքից մեկ օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղին զրո կարգավիճակ է տալու, ղարաբաղցիներն էլ զրո են լինելու Ադրբեջանում, իսկ պաշտոնական Երևանը ծպտուն անգամ չէր հանել։ Ալիևն արձագանքել էր Նիկոլի՝ Ղարաբաղի կարգավիճակն իջեցնելու համաձայնությանը։ Նիկոլի լռությունը համաձայնության նշան դարձավ։
Ո՞վ է հիշում, որ իշխանությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցով ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէ։ Բա որ լեգիտիմ չէ, ապա ինչու՞ են Աղավնոյում տուն այրում։
Ո՞վ է հիշում, որ Փաշինյան Նիկոլը 2021–ի ամռանը գերիներին առաջարկում էր «ընդամենը» 1–2 ամիս դիմանալ Բաքվի բանտերում՝ «հանուն հայրենիքի»։ Արդեն տարուց ավել է անցել։
Ո՞վ է հիշում, որ գազը, հոսանքը, ջուրը պետք է չթանկանային։
Ո՞վ է հիում, որ իշանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեին, մականունավոր օլիգարխները պետք է պատգամավոր չլինեին, թալան չպետք է լիներ, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը կադրային հարցերում չպետք է լիներ։
Ո՞վ է հիշում ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

18 + 6 =