Միշտ եղել եմ օրենքի տառին համահունչ, թափանցիկ և հստակ աշխատաոճի կողմնակից, ինչը, իմ կարծիքով, վստահելի հարաբերությունների ձևավորման գրավականն է․ Սերգեյ Թաիրյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննչական կոիմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժինն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի կանոնադրությամբ իրեն վերապահված հիմնական գործառույթները։ Հայաստանը քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ պայմանագրեր ունի բազմաթիվ պետությունների հետ․ Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշում է ՀՀ քննչական կոմիտեի Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սերգեյ Թաիրյանը:

-Պարոն Թաիրյան, Քննչական կոմիտեում ի՞նչ հիմնական գործառույթներ է իրականացնում Միջազգային հարցումների ապահովման բաժինը:

– Օգտվելով այս հնարավորությունից՝ նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քննիչի բարդ և պատասխանատու աշխատանքի լուսաբանմանը նվիրված նախաձեռնության համար։
Անդրադառնալով բուն հարցին՝ նշեմ, որ միջազգային հարցումների ապահովման բաժինն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի կանոնադրությամբ իրեն վերապահված հիմնական գործառույթները. կատարում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները, իրավական օգնություն ցույց տալու մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին հարցումներ պատրաստելու և ուղարկելու նպատակով կազմակերպում է Կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից ստացված նյութերի լրիվության ու հիմնավորվածության ստուգումը, մասնակցում է միջազգային-իրավական համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ներպետական իրավական ակտերի մշակմանը, ապահովում է օտարերկրյա պետությունների քննչական ու իրավապահ մարմինների հետ համագործակցության իրականացումը, մշակում և Կոմիտեի նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր միջազգային պայմանագրերի նախագծեր մշակելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է համանման այլ տարաբնույթ աշխատաքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

–Փաստորեն, որքան հասկացվեց Ձեր պատասխանից, բաժինն ունի բավականին ինքնատիպ գործառույթներ. ըստ Ձեզ, որքանո՞վ են այդ գործառույթները կարևոր Կոմիտեի աշխատանքների կազմակերպման համար:

– Անշուշտ կարևոր են Կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանման գործառույթները, քանի որ դրանք անմիջականորեն առնչվում են անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման, օրինականության ամրապնդման, օրենքով արգելված արարքի կատարման համար պատժի անխուսափելիության մթնոլորտի ձևավորման և հասարակության կողմից դրա գիտակցման, պետության և քաղաքացու օրինական շահերի պաշտպանության հետ։ Ինչ վերաբերվում է միջազգային հարցումների ապահովման բաժնի գործառույթներին, ապա, բացի թվարկվածից, դրանց ապահովմամբ սերտ գործընկերային կապեր են ստեղծվում այլ պետությունների իրավապահ կառույցների հետ, ինչը նպաստում է Կոմիտեի քննիչների կողմից իրականացվող քննության ընթացքում անհրաժեշտ տվյալների և ապացույցների ձեռք բերմանը, նախաքննության լրիվության, բազմակողմանիության և օրինականության ապահովմանը։ Իսկ այսօրվա իրականությունում, երբ ավանդական բնույթ ունենալուց զատ բազմաթիվ հանցատեսակներ ձեռք են բերում անդրսահմանային բնույթ, կարծում եմ, այլ պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցությունը, վստահելի գործընկերային հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումն առավել քան կարևոր են։ Միաժամանակ, իրավապահ միջազգային կառույցների հետ համագործակցությունը նպաստում է Կոմիտեի քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, բազմաբնույթ հանցատեսակների դեմ պայքարի վերաբերյալ աշխարհում գոյություն ունեցող ժամանակակից մեթոդաբանությանը տիրապետելուն և առօրյա աշխատանքում նոր մարտավարական հնարքների արդյունավետ կիրառմանը։ Այդ ամենն ապահովվում է միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվող աշխատանքային քննարկումների, համաժողովների, դասընթացների և այլ ձևաչափի հանդիպումների միջոցով։ Հասարակական հարաբերությունների տարատեսակ ոլորտների զարգացմամբ պայմանավորված՝ Կոմիտեի քննիչները իրենց աշխատանքում պետք է քայլեն ժամանակի հետ համահունչ, լինեն ճկուն և դինամիկ։

-Կնշե՞ք, թե Հայաստանը քանի՞ երկրի հետ ունի իրավական փոխօգնության պայմանագիր, որոնք կարգավորում են ՔԿ գործառույթի ապահովումը։

– Հայաստանի Հանրապետությունը ստորագրել և վավերացրել է քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ պայմանագրեր բազմաթիվ պետությունների հետ: Ինչպես արդեն նշեցի, հասարակական հարաբերությունների զարգացման հետ համատեղ մշտապես անհրաժեշտություն է առաջանում թարմացնել ոլորտը կարգավորող օրենսդրությունը, և, այդ իմաստով, միջազգային պայմանագրերը բացառություն չեն ու այս աշխատանքը կրում է շարունակական բնույթ և ամփոփվում է ոչ թե թվային, այլ գործընթացային՝ վիճակագրությամբ: Վառ օրինակ է «Կիբեռհանցավորության դեմ» կոնվենցիան, որի բաղկացուցիչ մաս կազմող Երկրորդ լրացուցիչ արձանագրությունը բոլորովին վերջերս՝ ս/թ ապրիլ-մայիս ամիսներին է ներկայացվել պետությունների ստորագրմանը։

– Առաջիկայում նման նոր պայմանագրեր նախատեսվու՞մ են, եթե՝ այո, ապա՝ ո՞ր երկրի/երկրների հետ։

– Կարծում եմ՝ առաջիկայում նման պայմանագրեր կլինեն, և նախորդ հարցի պատասխանում նշված միջազգային փաստաթուղթը լավ օրինակ է, այն բազմակողմ է, և որքան շատ պետություն ստորագրի և վավերացնի այդ փաստաթուղթը, այդքան շատ պետության հետ ոլորտը կարգավորված կլինի։

-Պարոն Թաիրյան, եթե որևէ երկրի հետ ՀՀ-ն չունի վերոնշյալ պայմանագիրը, սակայն Հայաստանին, ՀՀ քաղաքացուն առնչվող որևէ խնդիր է առաջանում այդ երկրի տարածքում, ապա ինչպե՞ս է գործում ՔԿ-ն, ի՞նչ կարգավորումներով եք առաջնորդվում։

– ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կարգավորում է իրավական օգնության ոլորտը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում։ Այս պարագայում իրավական օգնության վերաբերյալ հարցումները համապատասխան պետության իրավասու մարմնին փոխանցվում են փոխադարձության, բարի կամքի դրսևորման սկզբունքների հիման վրա։

-Ինչպիսի՞ նոր ծրագրեր ունեք առաջիկայի համար. որո՞նք են Ձեր կողմից ղեկավարվող ստորաբաժնման առաջնահերթությունները:

– Ստորաբաժանման գործառույթների ապահովումը մշտական առաջնահերթություն է, սակայն դրանց իրականացմամբ առավելագույնին հասնելու նպատակով մշտապես աշխատանքներ են տարվում նոր գործընկերներ ձեռք բերելու, նրանց հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու ուղղությամբ, որը նաև մեծապես կարևորվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից և դառնում կառույցի գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը:
Հատկապես կարող եմ նշել վերջերս Կոմիտեի նախագահի և Եվրոպական Միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» գործակալության ղեկավարի հետ կայացած հանդիպումը, բազմաթիվ այլ հանդիպումներ տարբեր գործընկերների հետ, իսկ համանման հարաբերությունների հաստատումն ու համագործակցության զարգացումը մշտապես եղել և լինելու է ուշադրության կենտրոնում։

-Պարոն Թաիրյան, դուք մասնագիտությամբ իրավաբան եք, և Ձեր կարծիքով իրավաբանի մասնագիտությունն ինչպե՞ս է նպաստում միջազգային կառույցների հետ աշխատանքին:

– Օտարերկրյա ցանկացած գործընկերոջ հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը մեծապես պայմանավորված է ընդհանուր նպատակով, այն է՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարը։ Իրավաբանի մասնագիտությունը և քննչական մարմիններում երկարամյա ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը, ոլորտի կարիքների, իրականացվող քննության առանձնահատկությունների իմացությունը անմիջական ազդեցություն են ունենում և անշուշտ նպաստում են միջազգային կառույցների և գործընկերների հետ աշխատանքի արդյունավետության վրա։ Միաժամանակ պետք է նշեմ, որ լինելով իրավաբան՝ միշտ եղել եմ օրենքի տառին համահունչ, թափանցիկ և հստակ աշխատաոճի կողմնակից, ինչը, իմ կարծիքով, վստահելի հարաբերությունների ձևավորման գրավականն է։

-Առավել հաճախ շփվելով օտարերկրյա գործընկեր կառույցների հետ՝ ի՞նչ եզրահանգման եք գալիս. ժամանակակից աշխարհում իրավաբանությունն ինչպիսի՞ նոր որակներ է ստանում:

– Ակնհայտ է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհում տեղի են ունեցել հսկայածավալ փոփոխություններ, դրան համահունչ իրավաբանությունն ու օրենսդրությունները փոփոխություններ են կրում, սակայն ամենակարևոր հանգամանքը, որին ըստ իս առավել մեծ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել, դա փոփոխությունների արագությունն է։ Բոլորս գիտակցում էնք, որ այն պայմանավորված է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ, մարդու կենսագործունեության բոլոր բնագավառներում այդ տեխնոլոգիաների ներդրմամբ և համացանցի ընձեռած հսկայական հնարավորությունների ստեղծմամբ, որոնք փոփոխությունների են ենթարկվում ոչ թե տարեկան, այլ՝ արդեն ամսական կտրվածքով։ Անշուշտ այդ ամենը պարարտ հող է ստեղծում նաև տեխնոլոգիական, այսպես կոչված, ինտելեկտուալ հանցագործությունների կատարման համար, որոնց դեմ պայքարի միակ միջոցն է նմանատիպ օրենսդրական կարգավորումների մշակումն ու կիրառումը, ընդ որում՝ հիշյալ տեխնոլոգիաները կիրառվում են ոչ միայն կիբեռհանցագործությունների, այլ՝ մյուս հանցատեսակներում ևս, ինչպես, օրինակ, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն է, անչափահասների մասնակցությամբ հանցավոր արարքները և այլն։ Յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունները, ուստի՝ իրավաբանության մեջ առավել հստակ են նկատվում կոնկրետ ուղղվածություններով մասնագիտացումները. եթե նախկինում քննիչի վարույթում կարող էին լինել տարատեսակ հանցավոր արարքների վերաբերյալ քրեական գործեր, ապա ժամանակակից աշխարհում հստակ ուղղվածությամբ մասնագիտացումը, ոլորտային օրենսդրական և մարտավարական նրբություններին տիրապետելը հրամայական է։

-Ո՞րն եք համարում արդիական մտածողություն ունեցող իրավաբանի թիվ մեկ բնութագրիչը:

– Պետության զարգացման, պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար իրավաբանի, ինչպես նաև ցանկացած այլ ոլորտի մասնագետների արդիական և ժամանակակից մտածողության թիվ մեկ բնութագրիչն եմ համարում ամենօրյա անձնական կատարելագործումը, գիտելիքների, մասնագիտական հմտությունների և, առհասարակ, կարողությունների անդադար զարգացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր հասարակության։
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով