Հայաստանում տիրող տգիտությունն է, որ քայքայում է պետությունն ու պետականությունը.Հենրիխ Դանիելյան

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը  գրում   է 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրթությունն է այն հիմնաքարը, որի շնորհիվ յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր երկիր ու յուրաքանչյուր հասարակություն ձգտում է իր տեղը զբաղեցնել 21-րդ դարի բոլոր երկրների ու ազգերի միջև: Կրթությունն է սահմանում երկրի ապագան։ Նոր մարտահրավերներով լի մեր իրականությունում մենք պետք է գիտակցենք, որ լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով:

Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում կրթել, ինչպիսի՞ արժեհամակարգի կրող ենք ուզում տեսնել վաղը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետհայացք նետելով նախորդ տարիներին կրթության ոլորտում կատարված աշխատանքների, կրթության դերի ու կարևորության մասին, հարկ եմ համարում ներկայացնել այն աշխատանքները, որոնք կատարվել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։

 

Նշանակալիորեն աճել է նախադպրոցական հաստատությունների թիվը և դրանցում երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև կրճատվել են դրանց տարածքային անհամաչափությունները:

 

2006-2017 թվականների ընթացքում գործող նախադպրոցական հաստատությունների (ՆԴՀ) թիվն աճել է շուրջ 35 տոկոսով, իսկ դրանցում ընդգրկված երեխաների թիվը՝ 60 տոկոսով։ Երեխաների ընդգրկվածության մակարդակը նախադպրոցական հաստատություններում (0-5 տարեկան բնակչությունից) նույն ընթացքում ավելացել է գրեթե 40 տոկոսով եւ 2017 թվականին կազմել է 30.9 տոկոս՝ 2006 թվականի 22.1 տոկոսի դիմաց։ Դպրոցական կրթությունից առաջ առնվազն 1 տարի երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում ապահովելու համար ՀՀ մարզերում և Երևանում ստեղծվել են 390 նախակրթարաններ: Սա նպաստել է ինչպես երեխայի բնականոն և համակողմանի զարգացման ու տարրական դպրոցական մակարդակ նրանց մուտքի պատրաստման ապահովմանը, այնպես էլ մայրերի՝ ֆորմալ զբաղվածություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը։

 

Հատկապես պետք է շեշտել, որ ՆԴՀ-ների քանակի աճը հիմնականում տեղի է ունեցել ՀՀ մարզերի գյուղական համայնքներում։ Եթե ՀՀ քաղաքային համայնքներում ՆԴՀ-ների քանակը 2006-2016 թվականներին աճել է 8.2 տոկոսով, ապա գյուղական համայնքներում՝ շուրջ 83 տոկոսով։ 2017 թվականին ՆԴՀ-ների 48 տոկոսը կենտրոնացած էր գյուղերում՝ 2006 թվականի 35 տոկոսի համեմատ։ Այս զարգացումները նպաստել են քաղաքային բնակավայրերի համեմատ գյուղական բնակավայրերում նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածության մակարդակի առավել արագ աճին։ Ճիշտ է, գյուղերում ՆԴՀ-ներում երեխաների ընդգրկվածության մակարդակը մնում է ավելի ցածր՝ քաղաքային բնակավայրերում համապատասխան ցուցանիշի համեմատ, այնուամենայնիվ, այն 2006-2017 թվականներին աճել է շուրջ 91 տոկոսով (քաղաքային բնակավայրերում ընդգրկվածության մակարդակի 26.6 տոկոս աճի համեմատ)։ Եթե 2006 թվականին քաղաքներում ՆԴՀ-ներում ընդգրկված երեխաների թիվը մոտ 4.5 անգամ գերազանցում էր գյուղերում ՆԴՀ-ներում ընդգրկված երեխաների թվին, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 3.2-ի։

 

Հանրակրթությունը կրթության ոլորտի կարևորագույն գերակայություն է՝ որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք: Հանրակրթությանն ուղղված պետական ծախսերն անվանական արտահայտությամբ 2006-2017 թվականներին աճել են շուրջ 1.6 անգամ, իսկ հանրակրթությունում ընդգրկված մեկ աշակերտի հաշվով՝ շուրջ 2 անգամ:

2006-2017 թվականների ընթացքում հանրակրթության համակարգը նշանակալի բարեփոխումների է ենթարկվել։ Սկսած 2008 թվականից՝ սկսել է ձևավորվել ավագ դպրոցների ցանցը, որը 2017 թվականին արդեն ներառում էր 107 ավագ դպրոց։ Բոլոր ավագ դպրոցներն ապահովվել են ուսումնական լաբորատորիաներով, ինտերնետ կապով, ժամանակակից գրադարաններով:

2008 թվականից սկսել է իրականացվել ներառական կրթության ծրագիրը, ընդգրկելով շուրջ 6100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների: 2016 թվականից Հայաստանի Հանրապետությունը հռչակել է համընդհանուր ներառական կրթության անցնելու սկզբունք, համաձայն որի տարեցտարի ներառական կրթություն կիրականացվի հանրապետության բոլոր դպրոցներում:

2010 թվականից ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը՝ որով 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ անվճար սնունդ էր ստանում նախակրթարաններում եւ 1-4-րդ դասարանում սովորող շուրջ 90 հազար աշակերտ։ 2012-13 ուսումնական տարվանից տարրական դասարանների աշակերտներին բոլոր դասագրքերը սկսել են տրամադրվել անվճար:

2006-2017 թվականների ընթացքում ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձն աճել է 2.6 անգամ եւ 2017 թվականին կազմել 152.1 հազար դրամ։ Միաժամանակ, կարևորելով հանրակրթության որակը, 2009 թվականից ուսուցիչների ատեստավորման նոր համակարգի ներդրումը, իսկ 2012 թվականից ուսուցիչներին տարակարգերի շնորհման գործընթացի մեկնարկը հնարավորություն են տվել իրականացնելու տարբերակված ֆինանսավորում և խթաններ ստեղծելու մասնագիտական հետագա կատարելագործման համար: Այսպես, 2012-2017 թվականների ընթացքում տարակարգ ստացած շուրջ 1800 ուսուցիչներ ստացել են հավելավճարներ: Այդուհանդերձ, 2007-2017 թվականներին ուսուցիչների աշխատավարձերն ավելի դանդաղ են աճել, քան միջին ու նվազագույն աշխատավարձերը։

2006 թվականի համեմատ բարելավվել են դպրոցների շենքային պայմանները, լուծվել դպրոցների ջեռուցման հարցը։ 2016 թվականին դպրոցների 71 տոկոսն ունեցել է գազամատակարարում, 66 տոկոսը ջեռուցվել է կենտրոնացված կամ անհատական ջեռուցման համակարգով, իսկ ևս 33 տոկոսը՝ էլեկտրաջեռուցմամբ, մինչդեռ 2006 թվականին դպրոցները մասնակի ծածկույթով ու ռեժիմով ջեռուցվում էին հեղուկ վառելիքի վառարաններով։ Զգալիորեն աճել է հանրակրթական դպրոցների տեխնիկական զինվածությունը: Եթե 2006 թվականին հանրապետության հանրակրթական դպրոցներն ունեին ընդամենը 5,599 համակարգիչ, ապա 2016 թվականին դրանց թիվն ավելացել էր 4 անգամ՝ կազմելով 22,144։ Բացի այդ, եթե 2006 թվականին ինտերնետ կապով ապահովված էր դպրոցների ընդամենը 19 տոկոսը, ապա 2016 թվականին՝ բոլոր դպրոցները։ Ավելին՝ ՀՀ դպրոցների 78.6 տոկոսում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային ռեսուրս կենտրոններ: 225 դպրոցներում ստեղծվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, ինչպես նաև Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանավանում բացվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ:

 

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2018 թվականի իրադարձություններից հետո։ Ամենազգայուն ոլորտը կրթական համակարգն էր, որը ունեցավ իր բացասական հետևանքները: Ոլորտում վարվող տգետ քաղաքականությունն ու, ի վերջո բարձրագույն կրթության նկատմամբ բնակչության լայն շերտերի վերաբերմունքի փոփոխությունը, անկասկած ունենացավ իր աղետալի հետևանքները։

 

Անկում է գրանցվել ՀՀ պետական բուհերի ընդունելության համակարգում:

 

2018-2020 թթ. ժամանակահատվածում բարձրագույն ուսում­նա­կան հաստատությունների ուսանողների թվաքանակի ցուցանիշը այսպիսին է.

ըն­դա­մենը 1 տարում՝ 2018 թ-ին 2017 թ. նկատմամբ, ուսանողների թվաքանակը կրճատվել է 10063-ով կամ 11.1 %-ով, 2019 թ. 2018 թ. նկատմամբ՝ 5535-ով կամ 6.9 %-ով, 2020 թ. 2019 թ. նկատմամբ՝ 5955-ով կամ շուրջ 8 %-ով, 2020 թ. 2018թ. նկատմամբ՝ 14.3 %-ով, իսկ 2017 թ. նկատմամբ՝ 23.8 %-ով: Խիստ մտահոգիչ է, ոչ միայն բարձրագույն ուսում­նական հաստատություններում ուսանողների թվի կրճատումը, այլ նաև ուսա­նո­ղների թվի կրճատման տեմպերի արագացումը (ինչպես արդեն ներկայացվեց՝ 2019թ 2018թ նկատմամբ 6,9%, 2020թ 2019թ․ արդեն 8%, կրճատման տեմպի արագացումը կազմել է 1,2)։ Կրճատման տեմպերի ահագնացող թռիչքների պահպան­ման դեպքում նույնիսկ կարճաժամկետ կանխատեսումները կլինեն ողբերգական։

 

Այս ամենը արդյունքն է այս իշխանությունների կառավարման թերացման , մրցակցային անհավասար պայմանների և արտագաղթի աճող տեմպերի։

 

Իշխանությունների կողմից COVID-19-ի տապալված համավարակային պայքարը իր բացասական ազդեցությունը ունեցավ նաև կրթության ոլորտում՝ դպրոցների փակում, առցանց կրթության կազմակերպման ձախողում։ Սովորողների վրա այդ փոփոխությունների և կառավարվող ռեսուրսների ոչ արդյունավետ վերաբաշխումը հանգեցրեց կրթության որակի անկման։ Այսօր Հայաստանում տրվող կրթության որակը հավասարվում է զրոյի։

 

Հասարակության տարբեր շերտերում այսօր պետք է նկատելի լինի կապը Հայաստանյան ներկա իշխանությունների կողմից վարվող քաղաքականության, բնակչության կրթական ցենզի այդ աստիճան անկման, տգիտության աճող տեմպերի և այն իրավիճակի միջև, որում հայտնվել է այսօր Հայաստանի Հանրապետությունը։ Հայ հասարակությունը պետք է գիտակցի հային արժանավայել կրթություն ստանալու ողջ կարևորությունը։

 

Հ.Գ. Հայաստանում տիրող տգիտությունն է, որ քայքայում է պետությունն ու պետականությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով