Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են Հայ-հունական պետական քոլեջ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է ուսումնական հաստատության հաջողություններին, համավարակից հետո ծառացած մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հունաստանի զբոսաշրջության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանության կողմից ցուցաբերված աջակցությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քոլեջում երեխաները ոչ միայն սովորում են հունարեն, այլև հաղորդակից են դառնում հունական մշակույթին: Նա նաև շեշտադրել է «Էրազմուս պլյուս» ձևաչափով հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության առանցքային նշանակությունը. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության անունից մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին և շատ ենք կարևորում համագործակցությունը մեր և Հունաստանի ուսումնական հաստատությունների միջև»:

Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին էլ անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեության կարևորությանը, փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջնակարգությանը, երկու ժողովուրդների՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի նշանակությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև բարձրաստիճան հյուրերն ունկնդրել են քոլեջի սաների ասմունքը. նրանք հատվածներ են արտասանել հույն գրող Ն. Կազանձակիսի, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, բանաստեղծներ Յ. Սեֆերիսի և Օ. Էլիտիսի երկերից:

Հաջորդիվ տեղի է ունեցել գործնական քննարկում, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հունարենի ուսուցման զարգացման հնարավորություններին:

«Լեզվի իմացությունը դառնում է մասնագիտությունը սովորելու նոր հնարավորություն՝ աշխատանքային պրակտիկան անցնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության և համատեղ կրթական ծրագրերին առնչվող հարցերի վերաբերյալ:

Հանդիպումն անցել է կառուցողական և փոխադարձ վստահության ջերմ մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով