Քննարկվել են Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի տարեկան կատարողականներն ու հատկացումները

 

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների, Պետական եկամուտների, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների տարեկան կատարողականները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի, բնական պաշարների ոլորտների նախորդ տարվա կատարողականը:

Նախարարի տեղեկացմամբ` 2021 թ. նախարարությանը 22 ծրագրի եւ 16 միջոցառուման համար հատկացվել է 243 մլրդ դրամ` նախատեսված 257 մլրդ դրամի փոխարեն: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս:

Գնել Սանոսյանի խոսքով` հաշվետու տարում տրանսպորտի ոլորտին 3 ծրագրի 34 միջոցառման համար հատկացվել է 61,9 մլրդ դրամ: Ջրային տնտեսության ոլորտին` 28,2 մլրդ դրամ` 5 ծրագրի 38 միջոցառման համար, իսկ էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտին` 41,8 մլրդ դրամ` 3 ծրագրի 13 միջոցառման համար: Երեք ոլորտին միասին հատկացվել է 132 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 93,7 տոկոս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի 2021 թ. իրականացրած ծրագրերն ու բյուջետային հատկացումները:

Տարեսկզբին նախարարությանը հատկացված բյուջեն եղել է 32 մլրդ 319 մլն 738 դրամ, տարվա ընթացքում այն ճշգրտվել է եւ ավելացել մինչեւ 45 մլրդ 698 մլն 731 դրամ: Վահան Քերոբյանի խոսքով` կատարողականը կազմել է 95 տոկոս: Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսված գործողություններն էապես գերակատարել է:

Տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում իրականացվել է 7 ծրագիր, 29 միջոցառում, տնտեսական զարգացման ոլորտում` 6 ծրագիր, 25 միջոցառում, զբոսաշրջության ոլորտում իրականացվել է 1 ծրագիր:

Անդրադառնալով արտահանման ծավալներին` նախարարն ընդգծել է, որ նախորդ տարի 20 տոկոսով աճ է արձանագրվել:

Վահան Քերոբյանի խոսքով` ՀՆԱ-ի ընդհանուր աճին նպաստել են առեւտուրն ու  ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը:

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի` 2021 թ. կոմիտեին հատկացվել է շուրջ 7,3 մլրդ դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 6,8 մլրդ դրամ կամ 94 տոկոս: Կապիտալ ծախսերը 6,8 մլրդ դրամից կազմել են 6,2 մլրդ դրամ, իսկ ընթացիկ ծախսերը` 653 մլն դրամ:

Կոմիտեի պատասխանատվությամբ 2021 թ. ընթացքում կատարվել է պետական բյուջեի 2 ծրագիր:

Կադաստրի կոմիտեի տարեկան ճշտված բյուջեն կազմել է 4 մլրդ 190 մլն դրամ, կատարողականը կազմել է 94,6 տոկոս:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ` կոմիտեն ունեցել է 1 ծրագիր եւ դրա շրջանակում իրականացրել է մի քանի միջոցառումներ, որոնցից ամենակարեւորը եղել է Հանրապետության ամբողջ տարածքի օդային լուսանկարահանումը, որն ամբողջությամբ իրականացվել է:

Զեկուցողները պատասխանել են նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով