Արթուր Դավթյանի ու Սասուն Խաչատրյանի միջև վեճը թեժացել է. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճը այն աստիճան է թեժացել, որ վերջիններս սկսել են անգամ միմյանց մեղադրել քրեական գործերի քննությունները տապալելու մեջ: Ավելին՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով «ինչ -ինչ խաղերի մեջ է մտել»: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացվել է որոշում Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին, եւ դա պայմանավորված է եղել նրանով, որ քննիչը, առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու, հայտարարել է նախաքննության ավարտ, եւ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատախազության այս հայտարարության դեմ դուրս եկավ կոմիտեն՝ հայտարարելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձեւակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու՝ դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»:

Դատելով այս մտահոգությունից՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը քաղաքական իշխանություններին հրապարակային, բայց ոչ ուղիղ կերպով փորձում է հասկացնել, որ գլխավոր դատախազը նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործերով ինչ-որ քաղաքականություն է որդեգրել կամ, ինչպես իրենք ենք պնդում, քրեական գործերի քննությունները տապալում է: Ի դեպ, սա երկրորդ քննիչն է, որ հեռացվում է վարույթից: Առաջին քննիչը, որ հեռացվեց վարույթից, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով քննիչն էր: Այսպիսով, երկու կառույցները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, որի արդյունքում նախկին պաշտոնյաները ազատ վաճառում են իրենց՝ կասկածելի ծագմամբ ունեցվածքը կամ վայելում են ազատությունը:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով