Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

 

Այսօր՝ մայիսի 21-ին, Ստեփանակերտի Անդրեյ Դմիտրիի Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում տեղի է ունեցել ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արձանի տեղադրումը նվիրված է մեծ գործչի 101-ամյակին: Հեղինակը Գրիգորի Պուտոցկին է, իսկ նախաձեռնության հովանավորը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Արձանի հանդիսավոր բացման պատիվը տրվեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին և հեղինակ, քանդակագործ Գրիգորի Պուտոցկուն:

«Ակադեմիկոսի Սախրովը այն խորհրդանիշ դարձած անհատականություններից է, ով ապրեց հանուն իր գաղափարների , ով մտածեց, որ պետք է ստեղծագործի հանուն ժողովրդի ու հանուն պետականություն կրող ապագայի»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը` հավելելով` նրա մասին խոսում են բոլորը և հիշում ԽՍՀՄ ժողովրդավարական պատգամավորների առաջին համագումարում ունեցած պատմական ելույթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանի խոսքով` կրթօջախը Ա. Սախարովի անունը կրում է 1988-89 ուսումնական տարվանից` մանկավարժական խորհրդի նախաձեռնությամբ։

«Նա, լինելով աշխարհի ամենահզոր զենքերից մեկը ստեղծողներից, ոչ թե բռնությունների , այլ խաղաղության կողմնակից էր, այնպիսի խաղաղության, որտեղ բոլոր ազգերը հավասար են իրար»,-ընդգծել է Լ. Գեւորգյանը։

Ըստ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մայոր Ալեքսանդր Վիտալիի Ֆոմինիխի` Ա. Սախարովն իր անունը ոսկե տառերով է գրել համաշխարհային գիտության պատմության մեջ։

«Այսօր բացվում է ակադեմիկոս Սախարովի արձանը, որի անունը կրում է հենց այս դպրոցը: Նա իր կյանքի ընթացքում համոզվել և համոզել է, որ աշխարհի գլխավոր ուղին խաղաղությունն Է»,- նշել է ռուսական բանակի սպան:

Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Գրիգորի Պուտոցկու քանդակները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում:

«Հայերը մշակութային ժողովուրդ են։ Նրանք միակ ժողովուրդն են, որ կարողանում են ապրել առանց սահմանների, նրանք տարածված են ամբողջ աշխարհում, և որտեղ ապրում են, նույնիսկ այնտեղ բացում են իրենց մշակութային կենտրոնները: Հայերը պահպանողական ազգ են, և, վերջապես, նրանք են զարդարում աշխարհի ազգերին: Ես հպարտ եմ ,որ իմ քանդակը հենց այսպիսի մշակութային երկրում է վեր խոյանում »,- առանձնանշել է Գ. Պուտոցկին:

Միջոցառմանը ներկա էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով