Շնորհավո՛ր տոնդ, Հայաստանի առաջին Հանրապետություն

 

20-րդ դարասկիզբը Հայ ժողովրդին պատճառեց զրկանքներ, կորուստներ, եղեռն ու գաղթեր և արևմտյան Հայաստանում բնաջնջվեց եղեռնազարկ Հայ ժողովուրդը: Թուրքիան 1918 թվականի մայիսին հարձակվեց արևելյան Հայաստանի վրա և նորից Հայ ժողովրդի գլխին կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը, սակայն, կյանքի հավերժությամբ օժտված Հայը զե՛նք վերցրեց: Մայիսի 22-ին, Սուրբ Էջմիածնի եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո, սկսվեց Սարդարապատի պատմական հաղթական ճակատամարտը, որին զուգընթաց՝ ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: Մայիսյան հերոսամարտերում Հայ ժողովուրդը ջախջախեց թուրքական կանոնավոր բանակը և աշխարհին ցույց տվեց Հայի հավաքական ուժն ու ազգային միասնությունը, որի արդյունքում էլ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային Խորհուրդն արևելյան Հայաստանը հռչակեց Հայաստանի Հանրապետություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դարերի մաքառման ու կորուստների գնով հաղթեցինք ու կերտեցինք Հայոց անկախ պետականություն, քանզի միավորված, միասնական ու միակամ էին զորավարն ու քահանան, զինվորը, մտավորականն ու շինականը:

Հայը հաղթեց, որովհետև հայրենասիրության ու փրկության կանչով ղողանջում էին Հայի Հավատքի ու Հայի Ոգու զանգերը, և Հայն ապավինել էր սեփական բազկին, մտքին ու զենքին:

Հայը հաղթեց մայրերի սիրո և աղոթքի արցունքներով ցողված թոնրի լավաշի օրհնությամբ ու Հայ այրերի հպարտ զոհողության ուժով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղթեցին Հա՛յը, Հայի Հավա՛տքը, Հայ ընտանի՛քը և պատմական հայրենիքում ապրելու Հայի անկոտրում կա՛մքը:

«Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից՝ շնորհավորում եմ հերոս Հայ ժողովրդին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթական ճակատամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ ու նշում, որ մայիսյան հաղթանակները Հայոց համազգային մեծագույն ձեռքբերում են, մեր գոյության շարունակականության հիմնաքար ու պատվախնդիր, ինքնիշխան ապրելու անջնջելի ճշմարտություն:

Կեցցե՛ հերոս Հայ ժողովուրդը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Աստված պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հա՛յ Ազգը և Հայոց Սուրբ Հո՛ղը:

 

ԱՌՈ՛ՂՋ  ՀԱՅԱՍՏԱՆ,  ՈւԺԵ՛Ղ  ԲԱՆԱԿ,  ԱՆՊԱՐՏԵԼԻ՛  ԱՐՑԱԽ:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց  Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ՝  Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով