Սա քո տունն է, ոչ թե քաղաքականություն.Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ  Արսեն Բաբայանը   գրում է

Դիմում եմ քաղաքականությամբ չզբաղվող բոլոր ընկերներիս, հարազատներիս, բոլոր ինձ ճանաչողներին:
Որ ասում եք, թե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում և այդ պատճառով էլ փողոց դուրս չեք գալիս, այդ դեպքում ինչի՞ եք ձեր տանը դուռ դրել, մի բան էլ՝ կողպեքով համալրել:
Որ դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, բա ինչի՞ եք ձեր ընտանիքները փորձում բարեկեցիկ պահել: Ինչի՞ եք աշխատում, հոգում ձեր ընտանիքի բոլոր կարիքները, ինչի՞ եք ձեր երեխաներին հայկական դպրոց ուղարկում:
Սրանք քաղաքականությամբ զբաղվել չի՞: Այո՛, դուք ճիշտ եք, դա քաղաքականություն չի:
Իսկ ո՞վ է ասել, թե ես ակնկալում եմ, որ դուք պիտի քաղաքականությամբ զբաղվեք:
Ես ակնկալում եմ, որ վերջապես հասկանաք, որ մեր տունը մեր Հայրենիքն է, որ մեր տան դուռը սահմանն է, որ մեր տան դռան կողպեքը՝ մեր պետությունն է: Ես ակնկալում եմ, որ ցանկություն ունենաք վերանորոգելու ձեր տան դուռը, որ ուժեղացնեք ձեր տան դռան կողպեքը, որ կարողանաք ձեր տան վրա հարձակվողից պաշտպանվել: Որ ձեր տանը, երբ ընտանիքով քնած կլինեք, ձեր տուն չմտնի ոսոխը, որ չթալանի ձեր ունեցվածքն ու չջնջի ձեր ընտանիքը: Դժվա՞ր է սա հասկանալը:
2018-ին մենք ուզում էինք ավելի լավ դուռ և կողպեք: Մենք համոզված էինք, որ եղածը չի բավարարում, որ մաշվել է և անկարող է պաշտպանել մեր տունն ու ընտանիքը: Փոխելու հանար, մեր կարծիքով, ընտրեցինք ավելի ժամանակակից վարպետների, որոնք ունեին անվտանգությամբ ու հարմարավետությամբ ավելի մոդեռն կողպեքներ: Մենք ընտրեցինք մասնագետների, որոնք, մեր կարծիքով, ազնիվ էին ու իրենց գործին նվիրված:
Ընդամենը երեք տարում պարզ դարձավ, որ մեզ խաբել են: Որ կեղծ գովազդին ենք տրվել ու ոսոխի մշակած համակարգով ենք սկսել պաշտպանել մեր տունն ու ընտանիքը: Մենք հասկացանք, որ տեղադրված ժամանակակից կողպեքի բոլոր բանալիները մեր տունը տարիներով թալանել ցանկացող, տարիներով մեր ընտանիքը ջնջել երազող ոսոխի մոտ է հայտնվել:
Եվ հիմա ձեզանից մեկ ակնկալիք ունեմ. եկեք պաշտպանելու ձեր տունն ու ընտանիքը, որովհետև ձեր փոխարեն դա չեն կարող հարևաններն անել: Նրանք էլ իրենց տունն ու ընտանիքը պիտի պաշտպանեն:
Նիկոլի իշխանությունն այն մասնագետն է, որ քանդեց մեր պետություն հանդիսացող տան կողպեքը, ոսոխի առջև բացեց մեր տան դուռն ու զրկեց մեզ մեր ընտանիքների բարեկեցությունն ապահովելու հնարավորությունից: Նիկոլյան իշխանության ստեղծած կողպեքի պատճառով ամեն օր մեր տնից նոր թանկարժեք գույք են գողանում, ամեն օր մեր տան դուռն ավելի են կոտրում, ամեն օր ավելի են մոտենում մեր ընտանիքը ջնջելու թշնամական երազանքի իրագործմանը:
Եկեք թույլ չտանք, եկեք զբաղվենք մեր տունն ու ընտանիքը պաշտպանելով…
Սա չանելու ցանկացած պատճառաբանություն սոսկ արդարացում է, ուրիշ ոչինչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով