Քննիչի աշխատանքն առավել արդյունավետ կդառնա․ Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ Անուշ Գասպարյան

 

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովող աշխատանքային խումբ։ Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշում է Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Գասպարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ վարչության կողմից իրականացվում են լրացուցիչ իրազեկման աշխատանքներ և քննարկումներ առանձին նորմերի կիրառման առնչությամբ։ Անուշ Գասպարյանի հետ զրուցել ենք նաև քննիչի աշխատանքն ու մինչդատական վարույթի իրականացման գործընթացի և ղեկավար պաշտոն զբաղեցնելու բարդությունների մասին։

 Տիկի՛ն Գասպարյան, ի՞նչ հիմնական գործառույթներ է իրականացնում Ձեր կողմից ղեկավարվող ստորաբաժանումը Քննչական կոմիտեում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի հնարավորության համար, ողջունելով Քննչական կոմիտեի, մասնավորապես՝ քննիչի աշխատանքի վերաբերյալ հանրությանն իրազեկելուն ուղղված այս նախաձեռնությունը, որն ունի բավականին հաջողված ձևաչափ:

Նշեմ, որ Իրավաբանական վարչությունն իրականացնում է իր հիմնական կանոնադրական գործառույթները, որոնց բազմաթիվ և բազմապիսի ուղղություններից հատկապես կարելի է առանձնացնել Կոմիտեի գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումը, Քննչական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների հրամանների, հանձնարարականների նախագծերի նախապատրաստումը,  իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության իրականացումը և իրավական փորձագիտական եզրակացության տրամադրումը, նախաքննական մարմնի գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության հիման վրա օրենսդրության կատարելագործմանն ու կառույցի գործունեության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, Քննչական կոմիտեի շահերը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներպետական այլ կազմակերպություններում ներկայացուցչության իրականացումը և իրավական բնույթի ընթացակարգային շատ այլ աշխատանքներ, որոնք էլ դառնում են մեր ստորաբաժանման հիմնական գործունեության առանցքը:

– Ինչպիսի՞ ծրագրեր ունեք առաջիկայում Իրավաբանական վարչության գործունեության կազմակերպման ասպարեզում:

– Դրանք բազմաթիվ են, որոնք նախանշված են ինչպես տարբեր իրավական փաստաթղթերով, այնպես էլ՝ իրավաբանական ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման հիմնական ռազմավարության դրույթներում: Ի թիվս մեր բազմաբնույթ ծրագրերի՝ իհարկե ներկայում առաջնայինը համարվում են ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելուն ուղղված գործողություններն ու հիշյալ գործընթացի պատշաճ իրականացմանը միտված  աշխատանքների կազմակերպումը:

Առավել կոնկրետացնելով ասվածը՝ պետք է նշեմ, որ այդ ուղղությամբ մեր առաջնահերթությունների շարքում կարևոր տեղ ունեն հիշյալ նոր օրենսգրքերի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով դրանցում առկա իրավակարգավորումների ու առանձնահատկությունների ուսումնասիրումը և Վարչության կողմից պարզաբանող իրազեկումների պարբերական տրամադրումը Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներին:

Պետք է ընդգծեմ նաև, որ մեր հիմնական գործողությունների ծրագրում  կարևոր տեղ ենք հատկացրել նոր օրենսգրքերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթի մշակմանը, որոնցով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել տվյալ իրավական ակտերի՝ մի շարք այն նորմերում, որոնք իրավակիրառ պրակտիկայում կարող են առաջացնել բարդություններ:

Նախատեսվում է նաև մոտ ապագայում ավարտին հասցնել ուղեցույց-ձեռնարկների մշակման աշխատանքները, որոնք կօգնեն արդիականացնելու քննիչների աշխատանքի կազմակերպման մեթոդները:

Այս ամենով հանդերձ հարկ եմ համարում նաև փաստել, որ Իրավաբանական վարչության ծրագրային առաջնահերթությունների շարքում են Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքներին պատշաճ մասնագիտական աջակցության տրամադրումը, նախաքննական մարմնի՝ իրավաբանական ստորաբաժանման գործառույթների շրջանակներում պահանջվող աշխատանքների անընդհատ կատարելագործումն ու արդիականացումը, ինչպես նաև՝  արդի իրավաբանության տրամաբանությանն  ու ոգուն հարիր մոտեցումների կիրառումը կառույցի գործունեության ամենատարբեր ասպարեզներում:

– Լինելով մեծամասամբ իրավաբաններով համալրված կառույցի իրավաբանական վարչության պետը՝ ի՞նչ եք կարծում, իրավաբանների հսկա բանակում ավելի հեշտ է դառնում տվյալ ստորաբաժանման գործունեությունը, թե՞ այնուամենայնիվ կան առանձնահատկություններ:

– Անշուշտ առանձնահատկություններ առկա են, որոնք հիմնականում ուղղված են օրենսդրության և իրավակիրառ գործունեության կատարելագործմանը:

Ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն իրականացնելով Սահմանադրությամբ ամրագրված՝ իր առջև դրված հիմնական խնդիրը, այն է՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը, հիմնականում սահմանափակվում է իրավակիրառ գործունեությամբ, իսկ Իրավաբանական վարչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջինիս գործառույթներն ուղիղ առնչվում են տարբեր իրավական ակտերի հետ, վեր հանում գործող իրավական ակտերում առկա որոշակի խնդիրները և ներկայացնում համապատասխան հիմնավորված առաջարկություններ դրանց շտկման ու կատարելագործման վերաբերյալ:

Պետք է փաստեմ, որ իրավաբանների հսկա բանակ ունեցող կառուցվածքային այլ ստորաբաժանումների և Իրավաբանական վարչության աշխատանքներն ավելի շատ միմյանց փոխլրացնող են, որոնք անցնում են իրավակիրառ գործունեությունից մինչև տարբեր իրավական ակտերի վերլուծություն, փորձաքննություն և կատարելագործում ձգվող պատասխանատու շղթայով և աջակցում են միմյանց՝ Քննչական կոմիտեի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու հարցում:

– Ինչպես Դուք նշեցիք, շուտով ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը, և Քննչական կոմիտեում կարծես թե մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ. ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

– Պետք է նշեմ, որ աշխատանքների մեկնարկը Քննչական կոմիտեում տրվել է դեռևս տարեսկզբից, Քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովող աշխատանքային խումբ:

Եվ ինչպես արդեն իմ խոսքում նշեցի, այդ աշխատանքներն իրականացվում են ամենօրյա գրաֆիկով. նախապատրաստական, կազմակերպական աշխատանքներից մինչև իրազեկման և վերապատրաստումների գործընթացներ: Ի դեպ, իրազեկման և վերապատրաստումների՝ նշված գործընթացներն իրականացվում են Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ և պետք է արձանագրել, որ նոր օրենսգրքերի կիրառումը դյուրինացնելու նպատակով մասնագետ-դասախոսների կողմից կազմակերպված դասընթացներին արդեն իսկ մասնակցել ու վերապատրաստվել են Կոմիտեի՝ 250-ից ավելի քննիչներ և այդ վերապատրաստումները կրում  են շարունակական բնույթ:

Մեր Վարչության կողմից իրականացվում են լրացուցիչ իրազեկման աշխատանքներ և քննարկումներ առանձին նորմերի կիրառման առնչությամբ:

Ավելին, ներկա պահին իրականացվում են նաև քննիչի կողմից կազմվող վարույթային գործողությունների արձանագրությունների և կայացվող որոշումների ձևանմուշների մշակման աշխատանքներ:

Ի հավելումն ասվածին՝ նշեմ նաև, որ Քննչական կոմիտեի նախագահի հրամանի համաձայն՝ նոր օրենսգրքերի նորմերի կիրառման ընթացքում ծագած և հրատապ լուծում պահանջող իրավական խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ձևավորվել է նաև համակարգող օպերատիվ շտաբ:

– Ձեր կարծիքով նոր օրենսգրքերը իրականում առավել արդյունավետ կդարձնե՞ն քննիչի աշխատանքն ու մինչդատական վարույթի իրականացման գործընթացը:

– Այո՛, միանշանակ դարձնելու են առավել արդյունավետ: Առավել պատկերավոր լինելու համար՝ բերենք մի քանի օրինակներ.

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով վերացել է քրեական գործի հարուցման՝ նյութերի նախապատրաստման փուլը. այն ներառվել է նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի բովանդակության մեջ, օպերատիվ-հետախուզական գործունեությունը ներառվել է քրեական դատավարության օրենսգրքի մեջ՝ այն նկարագրելով որպես քննիչի հանձնարարությամբ կատարվող գաղտնի քննչական գործողությունների իրականացում, որի նպատակն այդպիսի գործողությունների արդյունքում ապացույցների ստացումն է։ Ներկայում առկա՝ որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն ուղղակիորեն նախաքննության ընթացքում որպես ապացույց օգտագործելու արգելքը վերացել է և հանցագործության մասին հաղորդում ստանալու կամ անմիջականորեն հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու պահից նախաքննությունը համարվելու է սկսված:

Ավելին, վերացվել է հետաքննությունը՝ որպես վարույթի ինքնուրույն փուլ և ելնելով քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից՝ վերոհիշյալ Օրենսգիրքը հրաժարվել է նաև հետաքննության փուլից և նախաքննությունը դարձրել քրեական վարույթի սկզբնական փուլ, ինչն անշուշտ ավելի արդյունավետ կդարձնի մինչդատական վարույթի իրականացումը:

Ներդրվել է նաև մեր իրավական համակարգի համար նորամուծություն հանդիսացող տարբերակված վարույթների ինստիտուտը:  Օրինակ՝ համագործակցության վարույթ,  որը կարող է կիրառվել ըստ ծանրության աստիճանի բոլոր հանցագործությունների դեպքում: Համագործակցության վարույթի կիրառման դեպքում մեղադրյալը և վարույթն իրականացնող մարմինը կնքում են  համագործակցության համաձայնագիր, որի մեջ մասնավորապես նշվում է համագործակցության բնույթը և այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել համագործակցության նպատակին հասնելու համար և ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմերը, որոնք կիրառվելու են համաձայնագրով նախատեսված պարտականությունները մեղադրյալի կողմից պատշաճ կատարելու դեպքում:

Հավելեմ, որ ներդրվել է նաև քննչական գործողությունների կատարման ընթացքում տեխնիկական միջոցների կիրառման ինստիտուտը, ըստ որի՝ քննչական գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրելու, հանցագործության հետքերը և իրեղեն ապացույցները հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու նպատակով կարող են կատարվել ձայնագրում, լուսանկարում:

Այսինքն, կարող ենք հստակ արձանագրել, որ քննիչի աշխատանքն առավել արդյունավետ կդառնա, քանի որ առկա կարգավորումներն ուղղված են արդիականացնելու և հեշտացնելու քննիչի աշխատանքը:

– Տիկի՛ն Գասպարյան, Դուք երիտասարդ սերնդի իրավաբանների ներկայացուցիչ եք և Ձեր կարծիքով ինչպիսի՞ հետաքրքրություններ են ցուցաբերում մերօրյա երիտասարդ իրավաբաններն իրենց մասնագիտության նկատմամբ և արդյո՞ք նրանք տարբեր իրավապահ մարմիններում չեն հանդիպում ավելի փորձառու իրավաբանների՝ հոգեբանական դիմադրությանը:

– Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ ինձ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շարքին դասելու համար, բայց և այնպես պետք է նշեմ, որ համակարգում աշխատում եմ ավելի քան 16 տարի, որից շուրջ 8-ը՝ Քննչական կոմիտեում: Ինքս երբ մասնագիտական գործունեությունս սկսեցի ուժային կառույցում՝ ինձ համար որդեգրեցի կարևորագույն սկզբունք, ըստ որի՝ երբեք չեմ խուսափում հարցնել:

Ու եթե մարդն իր հեղինակությամբ, կերպարով, փորձառությամբ պատրաստ է ինձ աջակցել, ես հաճախ եմ հարցնում խորհուրդներ, մասնագիտական քննարկումներ ունենում և նույն սկզբունքի կիրառումը հորդորում եմ նաև իմ ուսանողներին: Զբաղվելով գիտակրթական գործունեությամբ, դասավանդելով ինչպես Հայաստանի տարբեր բուհերում, այնպես էլ՝ Արդարադատության ակադեմիայում, ամենօրյա շփում ունենալով մերօրյա երիտասարդ իրավաբանների հետ՝ մշտապես նրանց հորդորում եմ չկաշկանդվել և որևէ խնդրի վերաբերյալ հարցադրում ունենալու դեպքում պարտադիր կերպով քննարկումներ ունենալ ավագ սերնդի, կամ ընդհանրապես՝ տվյալ ոլորտում փորձառություն ունեցող մասնագետների հետ:

Հետևապես, իմ օրինակով կարող եմ փաստել, որ ճիշտ մոտեցմամբ և համագործակցված աշխատանքի պարագայում երիտասարդը երբևէ չի հանդիպում փորձառու իրավաբանների հոգեբանական դիմադրությանը: Կարծում եմ, որ պետք է բացառել այդ կարծրատիպը:

Հատկապես ուրախությամբ պետք է ընդգծեմ նաև այն հանգամանքը, որ մերօրյա երիտասարդ իրավաբանները բավականին խելացի, գրագետ և բանիմաց են: Անհրաժեշտ տեսական և գործնական պաշարը լրացնում են ինքնակրթությամբ ու ինքնուսուցմամբ՝ արդեն աշխատանքի ընթացքում: Նկատում եմ նաև, որ բավականին լավ վերլուծական միտք ունեն, ինչը կարևոր է ցանկացած իրավաբանի համար: Ի թիվս այլնի՝ հետաքրքրություն են ցուցաբերում նաև օրենսդրական տեխնիկային, իրավունքի սկզբունքներին լավագույնս տիրապետելուն, ինչն ուղղված է դրանք հմտություն դարձնելուն և հետագայում պրակտիկ աշխատանքում կիրառելուն:

 – Քննչական կոմիտեում առավել շատ տղամարդիկ են աշխատում. այս առումով որևէ դժվարության հանդիպե՞լ եք՝ հաշվի առնելով նաև հայկական մտածելակերպն այն առումով, որ վարչությունը կին է ղեկավարում, թեպետ վերջին տարիներին կանայք առավել շատ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում։

– Քննչական կոմիտեում, պայմանավորված ծառայության առանձնահատկություններով, գերակշիռ թիվ են կազմում տղամարդիկ: Լինելով Քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների՝ միակ կին ղեկավարը՝ երբեք չեմ հանդիպել որևէ դժվարության:

Որպես կանոն, մշտապես առաջնորդվում եմ այն գաղափարով, որ իրավաբանի մասնագիտությունը պահանջում է մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցում, և ես միշտ զրուցակիցներիս (ընդդիմախոսներիս) հետ քննարկումների ժամանակ ընդգծում եմ, որ մենք գործում ենք պրոֆեսիոնալ դաշտում:

Ավելին, կարծում եմ, որ աշխատանքը չպետք է կախվածության մեջ դնել որոշակի գործոններից: Ես հավասարապես ու ամենայն հարգանքով աշխատում եմ բոլորի հետ:

Քննչական կոմիտեում առանձնահատուկ և ընդգծված հարգանքի վրա կառուցված մոտեցում է առկա կանանց նկատմամբ ու վստահաբար կարող եմ փաստել, որ կանայք դա զգում են իրենց աշխատանքի գրեթե բոլոր ուղղություններում:

Պարզ իրողություն է, որ կինն ավելի զգայուն է, կինն ունի յուրօրինակ զգացողություն և, հետևապես, յուրաքանչյուր հիմնարկում, յուրաքանչյուր կառույցում կնոջ ներգրավվածությունը բացառապես դրական ազդակներ և արդյունավետություն է հաղորդում:

Հավելեմ նաև մի կարևոր գործոն. կանայք իրենց աշխատանքն իրականացնում են առավելագույն պատասխանատվությամբ և նվիրումով, իսկ եթե նվիրվում ես այն գործին, որը դու տվյալ պահին կատարում ես, ավելին՝ սիրով ես կատարում ու հավատում ես քո գործին, ապա ցանկացած դժվարություն հաղթահարելի է հատկապես այն պարագայում, երբ քեզ վրա ես վերցնում պատասխանատվության ծանր բեռ՝ հավատալով, որ քո կատարած  գործը դրական փոփոխություններ կբերի մարդկանց կյանքում և մտածողության մեջ:

– 2018 թվականին, երբ դեռ Քննչական կոմիտեի Իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետն էիք, պարգևատրվել եք «Անբասիր ծառայության» երրորդ աստիճանի մեդալով։ Նման պարգևատրումները որքանո՞վ են ոգևորում երիտասարդ մասնագետներին հետագա աշխատանքում։

-Ինչպես արդեն խոսքումս նշեցի, համակարգում աշխատում եմ բավականին երկար տարիներ և ծառայությանս ընթացքում իհարկե արժանացել եմ տարբեր պարգևների: Ցանկացած պարգևատրում պարտավորեցնող է, առավել ևս՝ գերատեսչական մեդալով պարգևատրումը, իսկ սույն դեպքում՝ երկարամյա և անբասիր ծառայության համար տրված մեդալը կարծես թե անցած ճանապարհի խոսուն վկայություն է:

Այն, ինչ մենք կատարում եք, միայն պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային:

Յուրաքանչյուր անգամ խրախուսվելով՝ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ ձեռնամուխ լինում շարունակելու ծառայությանս՝ նպատակակետ ունենալով առավելագույնս կատարելագործվել այն աշխատանքում, որն իրականացնում եմ:

Հետևապես, վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնագետ պետք է, ոգևորությունից զատ, առաջնահերթության կարգով ունենա նաև պատասխանատվության մեծ զգացում, իսկ խրախուսումը մեծացնում է պատասխանատվությունը՝ ավելի եռանդուն աշխատելու և կատարած աշխատանքը կատարելության հասցնելու համար:

– Ձեր գնահատմամբ, իրավաբանի մասնագիտությունը մեր երկրում շարունակու՞մ է մնալ պահանջված:

– Նախ այն իրողությունը, որ որքան էլ իրավաբանի մասնագիտությունը համարվում է ամենահինը, միևնույն է՝ տարբեր ժամանակներում էլ այն համարվել է ու այժմ էլ համարվում է ինչպես հին, այնպես էլ՝ պահանջված մասնագիտություններից մեկը:

Ինքս զբաղվելով նաև դասախոսական գործունեությամբ՝ յուրաքանչյուր տարի նկատում եմ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների թվաքանակի ավելացում:

Մշտապես ուսանողներին ասում եմ այն մասին, որ յուրաքանչյուր մասնագիտություն բնութագրվում է ﬕ շարք հատկանիշներով, որոնցով էլ այն տարբերվում է մյուսներից։ Դրանց թվում կան գլխավոր հատկանիշներ, որոնք սահմանում են մասնագիտական գործունեության բնույթն ու առանձնահատկությունը. այդպիսին է նաև իրավաբանությունը՝ իր ողջ ընդգրկուն բնորոշումներով:

Իրավամբ, իրավաբանի մասնագիտությունը շարունակում է մնալ պահանջված, որը, կարծում եմ, շատ դեպքերում համադրվում է նաև պետական՝ ﬔծագույն նշանակության աշխատանքի գիտակցման հետ:

Թերևս նաև մասնագիտության պահանջվածության մասին է վկայում կոնկրետ Քննչական կոմիտեում, միայն 2022 թվականի հինգ ամիսներին, քննչական աշխատանքի անցնելու ցանկությամբ դիմած ավելի քան 200 թեկնածուների առկայությունը:

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող «Քննչական աշխատանք» խորագրով հարցազրույցների շարքը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով