Ութ անձ ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են շահագործումից հանված և պահեստավորված հեռախոսային պղնձյա մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած ութ անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և բերման են ենթարկվել:
Վերջիններս ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով