«Որքան սուտը մեծ է, այնքան ավելի հեշտ է մարսվում իր ընտրողների կողմից». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Կառավարության՝ մայիսի 26-ի նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե «ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան: Հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, ինչ եղավ հետո, բավականին ուշագրավ էր: Շատերն իրենց հետաքննությունը սկսեցին: Տեղեկություն տարածվեց, որ Հայաստանն արբանյակ դուրս չի բերել ուղեծիր՝ հիմնվելով SpaceX-ի պաշտոնական հաղորդագրությունների վրա, որտեղ Հայաստանի արբանյակի մասին չկա որևէ տեղեկատվություն։ Մյուս կողմից՝ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց նաև, որ արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանը մեր երկրում կստեղծվեն 2023 թ.-ին: Նույնը տեղեկությունը տարածել էր նաև ԳԱԱ-ն: «Արբանյակի առկայությունը և Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծումը կնպաստի սահմանային հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների մշտադիտարկման և այլ կարևոր աշխատանքների արդյունավետ իրականացմանը»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Ստացվում է՝ Հայաստանն ուղեծիր արբանյակ է դուրս բերել, բայց այն դեռ չի՞ կառավարելու: Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է: Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «ցնցող» իրադարձությանը հետևյալ դիտանկյունից մոտեցավ, ընդ որում թե՛ իր գրառմամբ, թե՛ մեզ հետ զրույցում: «Որ սա մանիպուլ յացիա է, դա միանշանակ է, երկրի ղեկավարը կամ ղեկավարի աթոռը զբաղեցնողը սկսում է սուտ տեղեկություններ տարածել ու այնքան պրիմիտիվ սուտ, որ «մեկ անգամ մեկ» բացահայտվում է: Ի՞նչ եմ արել ես: Համացանցում գրել եմ «հայկական տիեզերք» կամ «Հայաստանը տիեզերքում» և սկսել կարդալ փաստերը: Նախ՝ հայկական առաջին արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ.-ին՝ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ, որն, ի դեպ, նաև հրաշալի նկարիչ էր, և պատրաստվում ենք նրա ցուցահանդեսը կազմակերպել հունիսին: Արբանյակն աշխարհում առաջիններից էր, որը վերադարձվեց Երկիր: Այն այժմ Հայաստանի Տիեզերքի թանգարանում է պահվում՝ բոլոր հեղինակների ստորագրությամբ: Տիեզերքի թանգարանը Բագրևանդ թաղամասում է, կարող են այցելել և տեսնել: Այսինքն, 1969 թ.-ին՝ սրանից 53 տարի առաջ, հայկական գիտությունն արդեն տիեզերք ուղարկել է արբանյակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ճաղարյանը:

Ընդգծում է՝ ոլորտի հետ կապված ցանկացած այլ տեղեկություն էլ կարելի է գտնել պարզ տարբերակով՝ ուղղակի որոնելով անհրաժեշտ ինֆորմացիան և ընթերցել այն բաց աղբյուրներից, արդյունքում՝ լինել տեղեկացված, թե որ թվականին և ում հետ ինչ բանակցություններ են վարել և այլն: Այս դեպքում պարզ հարց է առաջանում՝ նման «ցնցող» իրադարձության մասին հայտարարություն անողները հույս ունեն, թե որևէ մեկը տեղյա՞կ չէ 1969 թ.-ին տիեզերք ուղարկված արբանյակի մասին կամ, ասենք, չեն կարո՞ղ տեղեկություններ փնտրել և գտնել սկզբնաղբյուրներում: «Նպատակը հերթական սուտը խոսելն է: Որքան սուտը մեծ է, այնքան ավելի հեշտ է մարսվում իր ընտրողների կողմից»,-ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ավիացիայի, ոչ թե տիեզերքի մասնագետ է, բայց կան պարզ ճշմարտություններ, որոնք հասանելի են ցանկացածին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելում է՝ տիեզերքը միշտ եղել է իր հետաքրքրությունների շրջանակում, հետո շարունակում. «Falcon 9 հրթիռին ծանոթ ենք դեռևս 2009-2010 թթ.-ից: Այն միջին կարգի հրթիռ է, որը փոխադրում է մինչև 60 արբանյակ:

«SpaceX»-ը 2016 թ.-ին կոմերցիոն ծրագիր էր հայտարարել: Սկզբում մինչև 150 կգ բեռ տեղավորող արբանյակը տիեզերք էր տանում 1 մլն 250 հազար դոլարով, իսկ մինչև 300 կգ արբանյակը՝ 2 մլն 500 հզր դոլարով: Երբ պատվերները շատացան, նվազեցին նաև գները, քաշերը մեծացրեցին՝ 200 կգ արբանյակն արժեցավ 1 մլն դոլար: Գների նվազեցմանը հասան տանող հրթիռի հետ վերադարձով պայմանավորված, այսինքն՝ մի քանի տանող հրթիռ չեն արտադրում, հրթիռը վերադառնում է և դառնում բազմակի օգտագործման: Հիմա՝ 1 մլն դոլարանոց իսպանա-հայկական հրթիռը՝ «Urdaneta-armsat1»-ը բասկերի երկրի հրթիռն է, որի մեջ տեղադրված է երկու մոդուլ՝ իսպանականը և հայկականը: Որքանո՞վ է Հայաստանի կառավարման հնարավորությունն այդ մոդուլին, ես չգիտեմ: Տեխնիկական ճշգրտություններ տալ չեմ կարող: Դա «armsat1»-ի թիմը կարող է ասել, թե որքանով է մեր կողմից արբանյակը կառավարվում: Կարծում եմ, որ կառավարվում է, որովհետև պետք է կապի կանալ լինի: Կա՛մ իսպանացիների հետ նույն կապի կանալով ենք կառավարում մեր հասանելիք բաժինը , կա՛մ երկու առանձին կապի կանալ ունենք: Նշենք նաև, որ անվանման մեջ առաջինն իրենց անունն է, սա ևս պետք է բացատրեն, թե ինչու է այդպես:

Բաց աղբյուրներում շատ տեղեկություններ չկան, այնպես որ պետք է հստակ մեկնաբանություններ հնչեն, թե որքանով է այդ արբանյակը մերը, որքանով իսպանական, ով է արբանյակի պատվերը տվել: Գուցե իրենք տվել են, իսկ մերոնք ուղղակի միացել են, որ ֆինանսական առումով ավելի մատչելի լինի: Նույնիսկ հավասար մասնաբաժինների դեպքում դա կարժենա 500 հազար ԱՄՆ դոլար, ավելի քիչ, քան ԱԺ պարգևավճարներն են: Եթե ամփոփենք, սիրողական մակարդակում իմ դիտարկումները սրանք են»,-եզրափակում է Հակոբ Ճաղարյանը: Առիթն օգտագործելով՝ Ճաղարյանից հարցնում ենք նաև ավիացիայի ներկայիս վիճակի մաիսին:

«Երկու հիմնական տարանցիկ փոխադրումների կենտրոնները՝ Մոսկվան և Կիևը, փակվել են: Կիևը ռմբակոծում են, Մոսկվան պատժամիջոցների տակ է: Քանի որ ուղևորների հոսքը կա և անընդհատ աճում է, տարբեր այլ կենտրոններ են հայտնվել, մի շարք արտասահմանյան ընկերություններ ավելացրել են իրենց թռիչքները, մի շարք ընկերություններ բացել են նոր ուղղություններ: Քանի որ հայկական ավիաընկերություններն էլ դեռ չեն կարող Եվրոպա թռչել, որովհետև ԵՄ սև ցուցակում են գտնվում, Եվրամիության թռիչք ն ե րը կա տ ա ր ո ւ մ ե ն նրանք: Տարանցիկ փոխադրումները Մոսկվայից և Կիևից փոխադրվել են Ֆրանկֆուրտ, Փարիզ, Հունաստան, Լեհաստան և այլուր: Տարբեր երկրներ «տա նում են» այն ուղևո ր ն ե ր ի ն , որոնք առաջ այդ ուղղություններով էին գնում: Հայկական ավիաընկերությունները ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության սև ցուցակում գտնվելու պատճառով չեն կարող մասնակցել այդ շուկային»,– ասում է Հակոբ Ճաղարյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով