Նիկոլ Փաշինյանն ուզում է ապացուցել, որ իր հրաժարականը պահանջողները խուլիգաններ են, փող բաժանողներ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին օրերին բացահայտ քրեական տեռոր է սկսվել ընդդիմադիրների դեմ` անհիմն ձերբակալություններ,  խուզարկություններ, կալանավորումներ։ Ուժայիններն իրականացնում են Փաշինյանի սցենարը, որի մասին մենք գրել էինք դեռ մայիսի 3-ին։ Ակտիվացած փողոցից անհանգստացած ՔՊ-ականներին Փաշինյանը պայքարի առաջին օրերին հանգստացրել էր, թե` մի անհանգստացեք, ոստիկանությունն առաջիկա օրերին հիմնովին ճնշելու է շարժումը, ձերբակալելու են ակտիվիստներին եւ կազմակերպիչներին, ու մի քանի օրում ամեն ինչ մարելու է։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավանաբար հույս ուներ, թե շարժումը կմեռներ սեփական մահով, երբ հույսերը չարդարացան, փորձեց նախ ընդդիմությանը «մերժելու» սցենարներ բեմադրել Գյումրիում եւ Վանաձորում, անգամ տարեցներին եւ զոհվածների ու գերիների հարազատներին սկսեցին օգտագործել․ Գյումրիում մի խումբ հարբած պրովոկատորներ եւ գերիների հարազատներ ներկայացող անձինք բախումներ հրահրեցին, որպեսզի հիմք ստեղծեն շարժման ակտիվիստներին ձերբակալելու համար։ 5 անձ ձերբակալվեց։ Սակայն այս սցենարն էլ լավ չաշխատեց, շատ արագ ջրի երես դուրս եկավ, թե ով ով է: Գերու ծնող ներկայացող Փաշինյանի աջակից կինը, պարզվեց, անգամ երեխա չունի, իսկ կուրծք ծեծող` իբր Արցախում կռված երիտասարդները ՔՊ գրասենյակի ներկայացուցիչներն են, «կանգառում սպասող պապիկներն» էլ ալկաշ Հովոյի կամանդն է, որոնց բերել է ցույցը «հարամելու»։

Ապա իշխանությունը գործի դրեց քրեական գործիքակազմը, եւ նորից պրովոկատորների միջոցով փորձում են տպավորություն ստեղծել, թե իշխանության հրաժարականը պահանջողներին փողով են բերում։ Մի անհասկանալի ձայնագրություն, ինչ-որ նոթատետր, որտեղ ՀՅԴ գրասենյակի գրառումներն են, որի հիման վրա սկսեցին ձերբակալել մարդկանց եւ մրոտել շարժումը։
Համացանցում հայտնվեց ձայնագրություն, որում երկու ՀՅԴ-ական կարճատեւ զրույցում շոշափում են գումարի հարց։ «Մայիս, երեկ ինչքա՞ն փող են տվել» հարցին պատասխան է հնչում․

«Բաղրամյանն էլ հետը՝ 200»։  Ավելի ուշ պարզ դարձավ, որ զրուցում են ՀՅԴ երկու անդամներ` Արմավիրի մարզի պատասխանատուներ Ալեքսան Ալեքսանյանը եւ Արամայիս Մխիթարյանը։ Այս զրույցից հետո քննչականում գործ հարուցվեց ՀՀ ՔՕ 163-րդ հոդվածի (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու, կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) հատկանիշներով, իսկ նշված անձանց ղեկավարած գրասենյակներում խուզարկություններից հետո նրանց կալանավորեցին։ Խոսքն Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին քաղաքների եւ Բաղրամյանի ՀՅԴ գրասենյակների մասին է։ Ընդդիմադիրները պնդում են, որ ոչ թե հավաքներին փողով մարդ բերելու մասին են զրուցել, այլ գրասենյակային ծախսերի, իսկ «Բաղրամյանն էլ՝ հետը» ասելով՝ նկատի են ունեցել Բաղրամյան գյուղի կուսակցական գրասենյակը, որը, բնականաբար, ընթացիկ ծախսեր ունի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախօրեին էլ դիմակավորված անձինք խուզարկում էին ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի Իջեւանի տունը, երկու ժամ խուզարկությունից հետո իրավապահները հեռացել են ձեռնունայն: Նույն օրը կեսգիշերին մոտ էլ խուզարկել են 5165 շարժման անդամ, ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանը, որից հետո նրան ցուցադրաբար անհարգալից տարել բաժին` մի գաղտնի ձայնագրության եւ Ագրարային համալսարանի ուսխորհրդի ղեկավար Թոռնիկ Ալիյանի ցուցմունքի հիման վրա։ Համացանցում հայտնված գաղտնի ձայնագրությունից հայրենի իրավապահներն իբր պարզել են, թե Չալաբյանը բուհերի ուսխորհուրդների ղեկավարներին փող է տվել, որ ուսանողները մասնակցեն բողոքի ակցիաներին։ Պատահական չէ, որ իշխանական ԶԼՄ-ներում մի քանի օր լուրեր էին գրում, թե ընդդիմությունը մեկ ուսանողի դիմաց 1000 դրամ է վճարում։ Բայց գաղտնի ձայնագրությունը մոնտաժված է, եւ անգամ դրանից ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի հետ զրույցում գումարի թեման բացում է հենց Թոռնիկ Ալիյանը, որը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ է մտերիմ։ Ընդ որում՝ նա թեման շարունակ տանում է դեպի փողը, երբ Չալաբյանը փորձում է արժեքներից խոսել։ Ավետիք Չալաբյանի եւ Թոռնիկ Ալիյանի զրույցի այս սղագրությունից կարող եք հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։

Թոռնիկն ասում է. «Դուք Ձեր բառերի մեջ շեշտեցիք, որ Դուք էլ մեզ կարող եք օգնել։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ օգնության մասին է խոսքը»։ Չալաբյանը պատասխանում է․ «Նայի` ասեմ քեզ, կախված նրանից, թե դուք ինչ կարիքներ ունեք։ Դուք պետք է ձեւակերպեք ձեր կարիքները»։ «Մեր կարիքները կախված են ֆինանսից։ Կարո՞ղ եք օգնել ֆինանսով»,- հարցնում է Թոռնիկը եւ ստանում պատասխան Չալաբյանից․ «Եթե կախված ա ֆինանսից, կարող ենք օգնել ֆինանսով, բայց․․․․»: Թոռնիկն ընդհատում է, եւ Չալաբյանի խոսքն անավարտ է մնում։ «Հա, պարզ ա։ Էսօրվա դրությամբ նյութականն է, ֆինանսն է, բոլորին էդ ա հետաքրքրում։ Մարդիկ ինչի՞ համար են գոյատեւում։ Գոյատեւելու, ապրելու համար ֆինանս ա պետք»,- ասում է խոսակցությունը սադրող ուսխորհրդի ղեկավարը։ «Ով գոյատեւում է` ֆինանսի համար է մտածում, ով ապրում է` ֆինանսից բացի ուրիշ արժեքներ էլ ունի»,- նշում է Չալաբյանը։ Ի դեպ, երեկվանից համացանցը պարսավում է Ալիյանին՝ ծաղրում, թե Փաշինյանը «թոռնիկ» ունի: Փոխարենը դրվատանքի տարափ է Չալաբյանի հասցեին, եւ մարդիկ տարակուսած պնդում են, որ Չալաբյանի պես ինտելեկտուալ, մտավորական քաղաքացին չէր կարող գնալ նման քայլի։

Վերադառնալով ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանին. պարզվում է՝ իրավապահները նրա տունը խուզարկել են Արմավիրի գործի շրջանակներում: Մանուկյանը պատմեց, որ իրեն փոխանցել են, թե իբր Արմավիրի գործով խուզարկել են մարզային կուսակցական գրասենյակները եւ ինչ-որ ցուցակներ են հայտնաբերել վերջին՝ 2021 թվականի ընտրությունների հետ կապված, իսկ Մանուկյանն այդ ընտրություններին Իջեւանի տարածքային կառույցի պատասխանատուն էր, եւ հարկ են համարել իր տունն էլ խուզարկել։ Մինչդեռ Սուրեն Մանուկյանը կարծում է, որ իրավապահների` իր տուն այցը կապված է այս օրերի շարժման հետ։ «Հակառակ պարագայում կխուզարկեին տարածքային բոլոր պատասխանատուների բնակարանները, ոչ թե կգային մենակ իմ տուն, իրենց պատրվակ էր պետք մեր տուն մտնելու»,- երեկ մեզ ասաց նա։ Մանուկյանը դիմադրության շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստներից է։ «Նիկոլը երեւի չի մարսում, որ քայլերթով Իջեւանից եկել ենք, ես նախաձեռնողներից եմ եղել, իր վրա երեւի ծանր է նստել, որ իր ծննդավայրից մարդիկ քայլերթ են իրականացրել։ Մի մոռացեք, որ Երեւան հասնելով էլ առաջինն իմ նկատմամբ բռնություն կիրառեցին, երկու կողերս կոտրեցին»,- ասաց Մանուկյանը։ Նրա կարծիքով՝ շարժումը գնալով թափ է հավաքում, եւ իշխանությունները որոշել են քրեական ճանապարհով ճնշել․ «Առաջիկա օրերին եղանակը լավ է լինելու, դեռ նոր կտեսնեն շարժման ակտիվությունը»։ Նրա տանը 2 ժամ տեւած խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել եւ չեն տարել, ինքն էլ որեւէ կարգավիճակ չունի»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով