Մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրությունը չի կարող որևէ հիմքով ապացույց ճանաչվել․ Գևորգ Դանիելյան

 

Վերջին շրջանում խիստ տարածում է ստացել մասնավոր անձի կողմից կատարվող գաղտնի ձայնագրությունները որպես ապացույց ընդունելու պրակտիկան, ուստի հիմնական բնութագրիչներով անդրադառնանք դրա իրավաչափության հարցին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, նշել է. «Պայմանականորեն ընդունենք, որ խոսքը հենց դասական իմաստով մասնավոր անձի, ոչ թե իրավապահ մարմինների կողմից իրենց գործունեության համատեքստում ուղղորդված կամ հավաքագրված սուբյեկտի մասին է, և դարձյալ պայմանականորեն ընդունենք, որ դրանք մոնտաժված չեն, իրական են:

Մասնավոր անձի գաղտնի ձայնագրությունները քրեական մեղադրանքի գործերով դատական պրակտիկան, որպես կանոն, մերժում է՝ հիմնավորելով, որ դրանք թույլատրելի չեն, դրանով խախտվում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործման արգելքը: Այլ կերպ ասած, այս դեպքում դատական պրակտիկան հանրային իշխանության մարմիններին առնչվող պարտականությունը ամբողջությամբ կիրառելի է համարում նաև մասնավոր անձանց նկատմամբ, ինչը գուցե կարող է հիմնավորվել այն փաստարկով, որ վերջին հաշվով, հենց հանրային իշխանության մարմինն է որոշում, թե ինչը կարող է ճանաչել թույլատրելի ապացույց, ինչը՝ ոչ:

Մյուս կողմից, չպետք է անտեսել, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով մարդն օժտված է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքով, ինչը չի բացառում, այլ ենթադրում է անհրաժեշտ պաշտպանության սկզբունքի հենքով, իր անձը պաշտպանելու (այդ թվում՝ անհիմն քրեական հետապնդումից) նպատակով, կիրառելու նաև գաղտնի ձայնագրություն: Սա չի դիտարկվի իբրև Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված ազատ գործելու իրավունքի չարաշահում, քանզի ինքնապաշտպանությունը, որպես իրավաչափ վարքագիծ, նախատեսված է օրենքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, կարծում եմ, եթե մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրությունը որևէ աղերս չունի ինքնապաշտպանության հետ, այլ պարզապես հետապնդում է որևէ շարժառիթով անցանկալի անձի հետապնդելու նպատակ, ապա այն չի կարող որևէ հիմքով ապացույց ճանաչվել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով