Ձախողումներ ու ամլություն. ինչո՞ւ առաջ չեն մղվում հայկական շահերը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Թվում է՝ պատերազմից հետո բազմաթիվ ուղղություններով Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվ աշխատանքներ տանեին միջազգային հանրության գործընկերների հետ և համառ ջանքերի միջոցով գոնե ինչ-որ արդյունքների հասնեին։ Ի մասնավորի, յուրաքանչյուր առիթով հարկ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հանցագործությունների իրականացման թեման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց գոնե հրապարակային տեղեկատվության հենքով կարելի է արձանագրել, որ այդ ամենը փաստացի չի կատարվում ինչպես հարկն է։ Օրինակ՝ Արցախի դեմ վարձկան ահաբեկիչներ ներգրավելու թեման, կարծես, մոռացվել է, գոնե իշխանությունների մակարդակով դրա մասին ծպտուն անգամ դուրս չի գալիս։ Տպավորություն է առաջանում, թե Ադրբեջանն ու Թուրքիան հասել են իրենց առաջ դրված այն խնդրին, որ ահաբեկիչների թեման այլևս չբարձրացվի։ Ու բացարձակ բացառված չէ, որ այդ գրոհայիններին բնակեցնեն Արցախից օկուպացված տարածքներում կամ կրկին օգտագործեն Արցախի դեմ ագրեսիվ գործողություններում։

Պատահական չէ, որ Թուրքիայի՝ նման մտադրությունների մասին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում պատերազմից անմիջապես հետո։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը մասշտաբային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, Արցախից օկուպացված տարածքներից ամբողջովին ջնջում է հայկական հետքը, կեղծում է պատմությունը։

Իսկ այս խնդրին մեր իշխանությունները միայն կցկտուր են անդրադառնում՝ այն էլ հիմնականում ներքին լսարանի համար, իսկ միջազգային հանդիպումներում քննարկվող հարցերի շրջանակներում գլխավորապես շրջանցում են թեման, հակառակ դեպքում դրա մասին հաստատ կարձանագրվեր տարբեր հանդիպումների արդյունքները ներկայացնող հաղորդագրություններում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն ժամանակ, Բաքուն էական ջանքեր է գործադրում հայության նկատմամբ էթնիկ ատելություն և թշնամանք բորբոքելու հարցում։ Եվ այդպիսի քաղաքականությունը շատ դեպքերում անմարդկային դրսևորումներ է ստանում։ Օրինակ՝ անցյալ տարի ականատես եղանք Ալիևի կողմից «ռազմավարի ցուցահանդես-պուրակի» բացմանը՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ և զարհուրելի տեսարաններով։ Ճիշտ է՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ և պաշտոնյաներ անմիջապես դատապարտեցին այդ պուրակի բացումը, բայց Բաքուն իր քայլերով ցույց է տալիս, որ ուղղակի թքած ունի ոչ միայն իրավապաշտպանների, այլև ընդհանրապես մարդու իրավունքների վրա։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող կամ գոնե իրենք իրենց այդպիսին համարող պետությունները որևէ քայլ չձեռնարկեցին Ադրբեջանի դեմ։

Չնայած, եթե Հայաստանը չի բարձրաձանում այդ մասին, հետևողականություն չի ցուցաբերում, ուրիշ երկրներից պետք չէ ավելին պահանջել։ Ընդ որում, սա վերաբերում է բոլոր հարցերին: Արդյունքում, ըստ էության, Բաքվին հաջողվեց խուսափել միջազգային ճնշումից, դրա համար էլ Ալիևն այնքան է խանդավառվել, որ հիմա էլ որոշել է Կովսականում նույնիսկ ոչ թե թանգարան, այլ «օկուպացիայի և հաղթանակի» թանգարանների համալիր կառուցել։ Ու արդեն մեծ երևակայություն ունենալ պետք չէ պատկերացնելու համար, թե ինչպիսի ցուցանմուշներ կարող են ներկայացվել այդ համալիրում։

Վերջապես՝ Ադրբեջանը մինչ այժմ պահում ու կտտանքների է ենթարկում հայ գերիներին, լուծված չեն մարդասիրական խնդիրները, և ոչ մի երաշխիք չկա, որ ցանկացած պահի Արցախում հումանիտար ճգնաժամ չի ստեղծվի։ Դրա վկայությունն էր այն, որ ամիսներ առաջ ադրբեջանական միտումնավոր գործողությունների հետևանքով Արցախի ողջ բնակչությունը ցուրտ եղանակին մնացել էր առանց բնական գազի։ Վաղն էլ Ադրբեջանը նույն կերպ կարող է խաթարել Արցախի էլեկտրամատակարարումը և այդպես շարունակ, քանի որ նրա գործողությունները բավարար հակազդեցության չեն արժանանում։ Վերջերս շվեյցարական Դավոս քաղաքում տեղի ունեցավ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որտեղ աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին պաշտոնյաներ, գործարարներ, փորձագետներ, հայտնի մարդիկ։

Օրինակ՝ հարմար առիթ էր այդ համաժողովի շրջանակներում Ադրբեջանի հանցագործությունները միջազգային շրջանակներին ներկայացնելու տեսանկյունից, բայց բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ՀՀ նախագահն էր մեկնել Դավոս, այն էլ՝ ձայն անգամ չհանեց Բաքվի հանցավոր գործողությունների մասով։ Նշված խնդիրներն առաջնային պլան բերելու փոխարեն իշխանությունները սահմանազատման հարցով ու «խաղաղության դարաշրջան» բացելով են զբաղված, և դա վկայում է այն մասին, որ դիվանագիտության և արտաքին քաղաքական դաշտում մեր ձախողումներն աննախադեպ են։

Միջազգային իրավունքի և համընդհանուր ընդունված նորմերի տեսանկյունից հայկական կողմի շահերից բխող թեմաները առաջ տանելու մեծ հնարավորություններ կան, բայց դրանք առաջ չեն մղվում, իսկ Ադրբեջանն այդ հանգամանքից ավելի է ոգևորվում։ Եվ հայկական կողմի դիվանագիտական ամլությունը Ալիևին հնարավորություն է տալիս հրապարակայնորեն հայտարարել, թե միջազգային իրավունքը չի գործում, միայն ուժի գործոնն է առաջնային նշանակություն ստացել։

ՀՀ իշխանությունները միայն իրենց աթոռները պահելու ու ընդդիմությանը ճնշելու վրա են կենտրոնացած, դրա համար էլ Ալիևը պաշտպանում է Հայաստանում իշխող ուժին ու ամեն հարմար պահի միայն պայքարի դուրս եկած մեր ընդդիմության վրա է հոխորտում՝ նրանց անվանելով ռևանշիստներ։ Ինչպես, ի դեպ, ՀՀ իշխանությունները…»

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով