Իրազեկման արշավից և հետազոտությունից հետո Լոռու մարզում պատվաստումների ընդհանուր թիվն ավելացել է. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Պատվ/րաստվիր» ծրագիրը «COVID-19»-ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին իրազեկման արշավ է, որն իրականացվել է Լոռու մարզում 2022 թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե Լոռու մարզում տնտեսվարողներից քանիսն ունի ամբողջությամբ պատվաստված անձնակազմ, ընդհանուր առմամբ ինչպիսին են ընկալումները պատվաստանյութերի մասին, իրազեկման արշավի և հետազոտության արդյունքներով առաջարկել առավել մատչելի տարբերակներ՝ «COVID-19»-ի դեմ պատվաստանյութերի կարևորությունն ընդգծելու և մարդկանց շրջանում պատվաստումը խրախուսելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյունքում իրականացվել են շրջայցեր Լոռու մարզի բոլոր համայնքներ և բնակավայրեր։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր թվով 340 տնտեսվարողներից 264-ն ունեցել են ամբողջովին պատվաստված անձնակազմ, ինչը տնտեսվարողների մոտավորապես 77 տոկոսն է կազմում։ Չպատվաստված անձնակազմ ունեցող տնտեսվարողները 22-ն են եղել, որոնք կազմել են ընդհանուր թվի մոտավորապես 6 տոկոսը։ Ընդհանուր թվով 44 տնտեսվարող հրաժարվել է ներկայացնել իրենց անձնակազմի պատվաստված լինել-չլինելու մասին տեղեկություն, ինչը կազմում է մշտադիտարկված տնտեսվարողների 17 տոկոսը։

«2021 թ.-ի վերջին պատվաստվելը, կարելի է ասել, պարտադիր դարձավ: Մեր հասարակության մեջ շատ տարբեր կարծիքներ առաջացան, և դրանք ծայրահեղությունից ծայրահեղության էին հասնում: Որոշեցինք նախ իրազեկման արշավ անցկացնել և զուգահեռաբար մոնիտորինգ անել, դրա արդյունքում, այսպես ասած, «պարգևատրել» այն տնտեսվարողներին, որոնց անձնակազմը պատվաստված է: Ովքեր պատվաստված են եղել, ապակիների վրա եռալեզու սթիկերներ (ինքնակպչուն ծանուցումներ-խմբ.) ենք փակցրել, որոնք տեղեկացնում էին, որ անձնակազմը պատվաստված է: Հաճախորդը միանգամից տեսնում է սթիկերը, ավելի հանգիստ է լինում, օրինակ ՝ այդ խանութից կամ գեղեցկության սրահից օգտվելիս, նույնն էլ՝ զբոսաշրջիկների պարագայում:

Ունեցել ենք նաև տնտեսվարողներ, որոնք նույնիսկ մեզ ներս չեն թողել, ոմանք կարծում էին, որ տուգանող կամ ստուգող մարմին ենք, բայց պարզապես իրազեկող ենք եղել այդ պարագայում: Մարզում աշխատել է հինգ իրազեկող»,«Փաստի» հետ զրույցում ասում է ծրագրի ղեկավար Վարդուհի Անանյանը: Հավելում է ՝ բացի այն, որ բանավոր իրազեկումներ են իրականացրել, նաև ինֆորմացիոն պաստառներ են փակցրել և՛ հանրամատչելի վայրերում, և՛ տնտեսվարողների մոտ, փողոցներում շրջելիս բաժանել են բուկլետներ, թողել դրանք նաև խանութներում: «Զրույցների ընթացքում նկատում էինք, որ պատվաստումային գործընթացի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս կա, նրանք, ովքեր ավելի քիչ ինֆորմացիա ունեին, խուսափում էին պատվաստանյութերից, ինչպես նաև դրանց մասին խոսելուց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մտածում էին, որ իրենց ունեցած ինֆորմացիան կարող է ապատեղեկատվություն լինել, բայց, միևնույն ժամանակ, խուսափում էին խոսել այդ մասին: Ամեն դեպքում ապատեղեկատվության փաստն իրենք էլ էին երբեմն շեշտում, նշում ՝ հնարավոր է, որ մեր իմացածը սխալ է, բայց ասում են, որ պատվաստանյութը չբերություն է առաջացնում և այլն: Միևնույն ժամանակ այն մարդիկ, որոնց հետ առնչվել ենք այս ծրագրի շրջանակում և ովքեր պատվաստված են եղել, որևէ դժգոհություն չեն ունեցել, որևէ բողոք հետագայում չեն արձանագրել»,-նշում է մեր զրուցակիցը: Իրազեկման արշավն իրականացրել են ամբողջ մարզում:

«Մինչ ծրագրի շրջանակներում իրազեկման արշավի մեկնարկը, ծրագրի ազդեցությունը գնահատելու համար գրավոր հարցմամբ դիմել էինք առողջապահության նախարարությանը՝ պատվաստված քաղաքացիների թվի, պատվաստանյութերի տեսակների և քանակների մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Նույն հարցադրումները նախարարություն ուղարկել ենք նաև ծրագրի իրազեկման և մշտադիտարկման փուլի ավարտից հետո։ Այսպիսով՝ իրազեկման արշավի և հետազոտությունից հետո Լոռու մարզում իրականացված պատվաստումների ընդհանուր թիվն ավելացել է 14782 դեղաչափով, որոնցից 1-ին դեղաչափով՝ 5504 պատվաստում, 8336-ով ավելացել է 2-րդ դեղաչափ ստացածների թիվը, և 3-րդ՝ խթանիչ դեղաչափը՝ 1392-ով»,-եզրափակում է «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ նախագահ Վարդուհի Անանյանը:

Հ. Գ. Հետազոտությունն իրականացվել է «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում ՝ «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «Պատվ/րաստվի՛ր» ծրագրի շրջանակներում։ «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»-ը 48 ամսյա ծրագիր է, որն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և «Մարդու իրավունքների տուն Երևան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը»։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով