Երկու անձ ձերբակալվել է՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

 

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի 30 և 29-ամյա բնակիչները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչների հետ, կոպիտ կերպով դիտողություն արել վերջիններիս, որից հետո, նկատելով իրենց ուղղությամբ նայող նույն բնակավայրի 54-ամյա բնակչին, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով, վիճաբանել են նաև  վերջինիս հետ և խմբի կազմում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյել են, դանակով և քարով հարվածել նրան՝ կրծքավանդակի, որովայնի և գլխի հատվածքներում պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Կուտականի բնակիչները ձերբակալվել են՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը պարզելու համար՝ նաև դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

nine − 3 =