Նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնական քննարկումների, բայց զուգահեռաբար տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել հողատարածքներ և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր):
Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը:
ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա:
Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում:
Առհասարակ, հաճախ վեճերն առաջանում էին Ադրբեջանի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում:
Այն ժամանակ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել:
Իրականում, դրանով միայն նվերներ էին ստեղծվում ադրբեջանական իշխանության համար, որ մեր Հայրենիքի ու հայրենակիցների հաշվին աշխարհին երևան խաղաղասեր ու հումանիստ:
Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:
Նմանատիպ նորություններ:
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հա...
ԱՍՏՎԱԾ կա ու նրա առջեւ կանգնելու եք, բայց մինչ այդ էս երկրի վրա եք պատասխան տալու․ Գեղամ Նազարյանը՝ ...
Ավարտվել են ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների...
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news