Բանակը՝ այսօր․ հայացք ներսից ու դրսից. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերը երաժիշտ եւ պարող զորակոչիկներով համալրելու մասին հայտարարությունը գուցեեւ այդքան աչք չծակեր ու ծափ-ծիծաղ չառաջացներ, եթե պատերազմից հետո հանրությունը Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելուն, բանակը վերազինելուն, սահմաններն ամրացնելուն ուղղված օպերատիվ, արագ կատարվող քայլեր տեսներ։ Խոսքեր, ելույթներ այն մասին, որ Հայաստանի կառավարությունը պրոֆեսիոնալ բանակ է ստեղծում, որ պաշտպանական բյուջեն ավելացել է, զինվորական ծառայության գրավչությունը մեծանում է, երբեմն լսվում են, բայց փաստերն այլ բան են վկայում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զինվորները թաքուն նկարում ու տարածում են համացանցով, թե ինչ խայտառակ պայմաններում է անցնում ժամկետային զինծառայությունը, բանակայինների սպանություն-ինքնասպանությունները չեն նվազում, ՊՆ-ից լուրեր են հասնում, որ բոլոր «կարգին սպաները հեռացել են ու շարունակում են դուրս գալ»։ Նոր զինատեսակների ձեռքբերման մասին լուրեր չկան։ Զորավարժություններ էլ հազվադեպ են անցկացվում։ Մենք փորձեցինք զրուցել մի քանի սպաների հետ՝ նախկին եւ ներկա բանակայինների, եւ նրանց կարծիքների համադրությամբ ստանալ քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կարծում է, որ ինչ-որ քայլեր արվում են, բայց դա բավարար չէ, իսկ ամենագլխավորը, որ պետք է անեն՝ ռազմավարական փաստաթղթի ստեղծումն է։ «Սեյրան Օհանյանը հազար անգամ հնչեցրել է։ Պետք է պետության պաշտպանության ռազմավարությունը մշակել, վտանգները գնահատել, ըստ դրա՝ կազմվի պլան ու պլանով՝ արդեն միջոցառումների ցանկը․ որը՝ տեսական, որը՝ գործնական, որը պարապմունք է, որը ֆինանսական է։ Բոլորը բաժանվեն փուլերի, ու սկսեն ամեն օր ինչ-որ բան առաջ տանել, որ գանք հասնենք նախանշած նպատակին»։

– Ժամանակին կայի՞ն այդպիսի մանրամասն պլաններ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Իհարկե, ու այդ ռազմավարական պլանը չկատարելու համար գլուխներ էին թռնում։ Դա փոփոխական անընդհատ զարգացող փաստաթուղթ է, որը պետք է զարգացում ապրի։ Այնպես չէ, որ փաստաթուղթը սարքեցիր, ու դա դոգմա է։ Դրա մեջ կարելի է փոփոխություններ կատարել, բայց նպատակ պետք է լինի, վերջնակետ, որին դու գնում ես։ Դրանից վատ արդյունք չես կարող ունենալ։

– Բայց մենք չենք տեսնում՝ սահմանն ամրացվո՞ւմ է, նոր դիրքեր դրվո՞ւմ են, թե՞ ոչ։ Տպավորություն է, որ չեն արվում նման աշխատանքներ։

– Ոչ, այդպես չէ, որ չի արվում։ Արվում է, բայց ոչ բավարար։ Ուժերն ու միջոցները քիչ են։ Հարկավոր է հայտարարել մոբիլիզացիա, բայց վախենում են մոբիլիզացիա հայտարարել, որովհետեւ հասարակության մեջ դա ասոցացվելու է պատրազմի վտանգի հետ։ Իհարկե, ես հստակ ինֆորմացիա չունեմ, չեմ կարող պնդել, բայց իմ պատկերացմամբ, հիմա պետք է բաց հայտարարել, որ մոբիլիզացիա ենք անում ու դա անում ենք ոչ թե  պատերազմ սկսելու համար, այլ, հակառակը՝ պատերազմը կանխելու համար, սահմանները կահավորելու, ամրացնելու։ Կարծում եմ՝ եթե ճիշտ մատուցվի, ու ամեն մի խմբի ասեն՝ գալիս եք, էսինչ դիրքը կահավորում եք «օտ ի դո», գնում եք, նույնիսկ մարդիկ կգնան՝ իրենց հիմնարկներով դա կանեն։

– Հայտարարում էին պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, դեռ անցյալ տարի էին խոսում այդ մասին։ Հիմա դրա ժամանա՞կն է։

– Դա նշանակում է, որ մարդիկ իրավիճակին չեն տիրապետում։ Ո՛չ մեր պետությունն են ճանաչում, ո՛չ մեր ժողովրդին, ո՛չ էլ մեր հնարավորություններն են ճանաչում, թե ինչպիսին են։ Դրա համար տարիներ են պետք ու առաջինը՝ ահռելի գումարներ, շատ մեծ։ Բանակի բյուջեն դրա համար պետք է քառապատկվի։

– Այս տարի ընդամենը 11 տոկոսով են ավել փող տվել բանակին։

– Բայց ինչքան էլ աշխատավարձ են բարձրացրել։ Էդ 11 տոկոսը սկի աշխատավարձի բարձրացնելուն հերիք չի։ Պարզ է, որ այն գումարը, որով պետք է զենք-զինամթերք առնեին, դրա գումարներով դեռ աշխատավարձ են տալիս։

***

ՊՆ աշխատակիցներից մեկն արտահայտվեց, առանց անուն հայտնելու․ «Անկեղծ ասեմ. պատմության ուսուցչուհու գլխավորությամբ` արմատական քանդման գործընթացը թափ առած՝ առաջ են տանում։ Ոչ մի կարեւոր բան չի արվում, պարապ վեր ընկած են»։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը համակարծիք է։ Նա չցանկացավ բոլոր հարցերին պատասխանել․  «Կարճ ասեմ՝ ոչինչ էլ չեն անում, քանդում են»։
Զրուցեցինք միջին անձնակազմից մի սպայի հետ, որը փորձեց «ե՛ւ լավն ասել, ե՛ւ վատը»՝ իր անունը չհրապարակելու պայմանով, քանի որ ՊՆ-ում որոշակի դիրք է զբաղեցնում։

Ըստ նրա, ՊՆ-ի ներսում խոր անջրպետ է առաջացել գեներալների «կաստայի», որոնք դեռ մնացել են բանակում, եւ նախարարի միջեւ։ «Դրա պատճառով այն հարցերը, որոնք գլխավոր շտաբը պետք է պնդի մինչեւ վերջ ու տեր կանգնի, չեն լուծում, քանի որ գեներալիտետը մտածում է, որ իրենց չեն վստահում։ Մյուս կողմից, նախարարն ու նրա վերադասը չեն էլ պահանջում գեներալներից այս ամենը՝ աշխատելով նրանց հեռու պահել։ Այս ամենի արդյունքում որոշակի ստագնացիոն վիճակ է առաջացել, որը շատ հարցերի վրա բավականին նեգատիվ է անդրադառնում»,- ասում է մեր զրուցակիցը։ Նրան խնդրեցինք նոր նախարարի աշխատանքում մի քանի դրական կետ նշել։

«Օրինակ, ռազմակրթական քաղաքականությունը, որը մի երկու ճիշտ նշանակման հետեւանք է։ Նշանակեցին Երոյանին Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի պետ, ու կրթության ոլորտում  հիմա բավականին լուրջ փոփոխություններ կան»։ Չլուծվող հիմնական հարցը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ Ռուսաստանից խոշոր ծավալի զենք-զինամթերք չի գալիս, ռուսները խոստացել են ու չեն արել։ «Մի խոշոր խնդիր էլ կա, որը ոչ մի կերպ չի լուծվում ու հետեւանք է ներկայիս աշխարհաքաղաքական վիճակի, Ռուսաստանից մեր կախվածության։ Խոսքն անվտանգության դոկտրինի մասին է, ԶՈՒ կառուցվածքի, ինչպիսի բանակ ենք ուզում ունենալ, ինչ զինված ուժեր, ինչպիսի մոդելով եւ այլն։ Կան նաեւ օրենքներ՝ աշխարհազորի, ռազմամարզական կազմակերպությունների, զենքի մասին օրենք, զինուժի կառուցվածքի մասին օրենք, որ ԱԺ է գնացել արդեն։ Եթե դրանք ընդունվեն, բանակի զարգացման համար լավ կլինի, իհարկե։ Բայց մտահոգում է այս ամենի դանդաղումը։ Մենք այն երկիրը չենք, որ շատ ժամանակ ունենք»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

seven + seven =