Այսօր այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու. Արթուր Վանեցյան

 

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շնորհավոր եռատոն.

Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։

Շնորհավո՛ր տոնդ, հայ ժողովուրդ։ Շնորհավոր ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին հանուն մեր ազգային երազանքների իրականացման։ Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և բոլոր այս տարիներին՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի առաջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր մեր ժողովուրդը դժվարին օրեր է ապրում։ 2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր մեր չքնաղ Շուշին գերության մեջ է, այսօր Արցախի տարածքների մի մասն օկուպացված է թշնամու կողմից, առկախված է Արցախի կարգավիճակի հարցը, վտանգված են Հայաստանի սահմանները։ Եվ այս իրավիճակում մեզ իբրև թե խաղաղություն են առաջարկում՝ թշնամու բոլոր պայմանները բավարարելու, թշնամու առաջ ծնկած մնալու գնով։

Այսօր հենց այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու, ոչ թե մուրալու, այլ պարտադրելու՛ է խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։

Շնորհավոր եռատոն, սիրելի՛ հայրենակիցներ։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պարտության անիվը կանգնեցվելու է և նոր հաղթանակներ, անպայման, լինելու են»,-ասվում է ուղերձում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով