Անցած 4 տարիների ընթացքում Հայաստանի հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման ոլորտում խոստացված բարեփոխումները չեն իրականացվել

 

«ԼՈՒՅՍ»-ն ուսումնասիրել է Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեև 2018թ.-ի իշխանափոխությունից հետո հայտարարվեց «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին, սակայն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանի հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման ոլորտում խոստացված բարեփոխումները չեն իրականացվել։

Այսպես՝

  • Արտոնություններ տրամադրվել են գործնականում նույն ընթացակարգերով և հաճախ՝ այն ընկերություններին, որոնց տրամադրվել է նախկինում։ Այսինքն՝ կոտրվում է այն թեզը, որ նախկինում հովանավորչություն էր, և արտոնություններ տրվում էին «ընտրյալ» կազմակերպություններին, իսկ ներկա իշխանությունները ավելի «արդար» են։
  • Գործընթացը հասարակության համար դարձել է ոչ թափանցիկ, պետական մարմինները շահագրգռված չեն հաշվետու լինելու։ Այսպես, արտոնություն ստացած ընկերությունների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժել են Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները, պատճառաբանելով, որ դրանք առևտրային գաղտնիք են, սակայն նմանօրինակ տեղեկատվություն տրամադրել են ՊԵԿ-ը և ՏԿԵՆ-ը: Այսինքն՝ թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված՝ համակարգված քայլեր չեն իրականացվում և թողնված են մարմինների հայեցողությանը։ Թափանցիկության բարձրացման անհրաժեշտությունը արձանագրված է նաև միջազգային դոնոր կազմակերպությունների առաջարկություններում։
  • Հարկ է նշել, որ նոր պահանջների պատճառով մաքսատուրքի ազատման արտոնություն կարող են ստանալ ավելի քիչ ընկերություններ։ Թե՛ ԱԱՀ հետաձգման, թե՛ մաքսատուրքի ազատման արտոնությունների համար ներկայացված ներդրումային ծրագրերի հայտարարված ցուցանիշները իրատեսական չեն։
    • Աշխատատեղերի արտոնությունից դեռևս ոչ մի ընկերություն չի օգտվել, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկել այն արդիականացնելու կամ վերացնելու ուղղությամբ։
    • Հայաստանում ստեղծված 5 ազատ տնտեսական գոտիներից ներկայումս գործում են միայն 2-ը։ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ» ԱՏԳ-ն կառավարության որոշմամբ հիմնվել է, սակայն չի գործում։ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` լիազոր մարմինը ԱՏԳ կազմակերպչի հետ պետք է կնքի պայմանագիր և այն հրապարակի իր կայքում, իսկ ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 29-ի N 1412-Ն որոշման համաձայն՝ պայմանագիրը պետք է կնքվեր մինչև 2021 թվականի մայիսի 31-ը: Պայմանագիրը կնքված և հրապարակված չէ, այսինքն՝ ԱՏԳ ստեղծման և հետագա ընթացքի մասով արձանագրվել է օրենքի խախտում:
    • «ՄԵՐԻԴԻԱՆ» ԱՏԳ-ն փաստաթղթերով գոյություն ունի, սակայն գոտում այլևս չկան շահագործողներ։ «ՄԵՂՐԻ» ԱՏԳ-ի ենթակառուցվածքները ստեղծվել են, աշխատելու համար մեկ շահագործող ստացել է թույլտվություն, սակայն արդեն 4 տարի է այն չի գործում։
    • «Ալյանս» ԱՏԳ-ում իշխանափոխությունից հետո շահագործող է դարձել 6 ընկերություն, իսկ «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում՝ 11 ընկերություն։ Այս ԱՏԳ-ների գործունեության արդյունքները հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով։ Լիազոր պետական մարմինը հրաժարվում է տրամադրել իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի, արտադրության ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը։
    • Արդյունաբերական գոտիներ նույնպես Հայաստանում դեռևս ստեղծված չեն։ Կառավարությունը խոստանում է մինչև 2026թ. ստեղծել միանգամից 3-ը։
    • Դիլիջան համայնքում հարկային արտոնություն տրվել է միայն մեկ ծրագրի՝ 2018թ., որի շրջանակում փաստացի իրականացվել է ընդամենը շուրջ 900 մլն դրամի ներդրում՝ հայտարարված շուրջ 15 մլրդ դրամի փոխարեն։
    • Սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նկատվում է ցուցանիշների անկման միտում, ինչը խոսում է այդ համայնքներում գործարար ակտիվության կտրուկ նվազման մասին։ Օրինակ, 2021թ. արտոնված հարկերի գումարը կազմել է մոտ 143 մլն դրամ, իսկ ընկերությունների աշխատողների միջին թվաքանակը՝ 504, ինչը մոտ երկու անգամ ցածր է 2018թ. համապատասխան ցուցանիշից։
    • ՏՏ ոլորտի հարկային արտոնությունից իշխանափոխությունից հետո օգտվել է ավելի շատ ընկերություն, քան նախկինում, սակայն վերջիններիս գործունեության վերաբերյալ տվյալներ հասանելի չեն։

     

    Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Muw2jC ։

     

    Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» տելեգրամյան ալիք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

twenty − 17 =