«Մեզ համար ամենավտանգավորն ու թևաթափ անողը Հայաստանի օրվա իշխանությունների կեցվածքն է». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Ազգային ժողովում Հայաստանի վարչապետի ելույթով, նաև նրա թիմի ներկայացուցիչների ելույթներով ու հարցազրույցներով բացահայտվեց այն, ինչը վերջին տարիներին էր տեղի ունենում: Խոսքն Արցախն Ադրբեջանին տալու գործընթացի մասին է: Մասնավորապես, Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելը հենց այդ մասին էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: «Փորձ է արվում ինչ-որ ձևով հիմնավորել վերոնշյալը, այդ թվում՝ ասել, թե իբրև միջազգային հանրությունն է պահանջում: Իրականում միջազգային հանրություն հասկացողությունը շատ բազմաբովանդակ ու բազմաշերտ է. երբեք չի եղել ու չի կարող լինել այնպես, որ միջազգային հանրությունը միակարծիք լինի: Այս կամ այն երկրի կամ միջազգային կառույցի մոտեցմանը հղում անելով՝ հիմնավորումներ ներկայացնելը ու դրանով սեփական անկարողությունը ինչ-որ ձևով փարատելու փորձը ճիշտ չէ, մեզ լավ տեղ չի տանի: Իրականում այս ասպարեզում աշխատանք կա անելու, որովհետև ամեն ինչ կորած չէ: Աշխատելու պարագայում հնարավոր է այս պահին գոնե եղածը պահել»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետության ղեկավարը պետք է ունենա սկզբունք, մոտեցումներ և հարցի լուծման նպատակաուղղված քայլեր:

Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանության պարագայում վերոնշյալ հնարավորությանը՝ Բալայանը շեշտեց, որ նշվածը պետք է դիտարկել տեսանելի իրողությունների համատեքստում: «Արցախի կորուստ, ՀՀ տարածքների մի մասի գրավում, ինչի մասին անգամ իշխող վարչախումբն է հայտարարում, նույնիսկ թիվ են հրապարակում: Սա այն սկիզբն է, որը կա, ու, ցավոք, հեռանկարում ոչ մի լավ բան այս տեսանկյունից չենք կարող տեսնել: Մինչդեռ կյանքն ապացուցեց, որ մեր ռեսուրսների հաշվին մենք ի զորու էինք երկրի սահմանները պահել: Խոսքս վերջին 26 տարիներին՝ պատերազմի ավարտից հետո՝ 1994-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածի մասին է: Համենայն դեպս, բոլոր բացասական կողմերով հանդերձ, վերոնշյալը նորմալ կազմակերպվում էր: Ու հիմա փորձել հակառակը ասել, ներկայացնել, թե մենք անզոր ենք այդ ամենի դեմ կանգնել, ճիշտ չէ: Իհարկե, ոչ ոք չի ցանկանում, որ պատերազմ լինի, ոչ ոքի դա պետք չէ: Իսկապես հարևան երկրների ու ժողովուրդների միջև պետք է խաղաղ գոյակցություն լինի, ինչն անհրաժեշտություն է: Խնդիրն այն է, սակայն, որ դրանից ավելի բարձր է սեփական հայրենիքում մարդու ազատ ապրելու իրավունքը: Վերջիվերջո, տվյալ պարագայում Արցախում 5000 տարի հայ մարդը արարել է, ստեղծել, մինչդեռ այսօր անգամ գերեզմաններն են քանդվում, հայկական տառերն են ջնջում՝ ասելով, թե «դրանք ոչ թե հայկական, այլ աղվանական են»:

Այս իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե «խաղաղության օրակարգ» են բացում»,ասաց նա՝ շեշտելով, որ մյուս կողմից հարց է առաջանում՝ դիմացինն արդյո՞ք ուզում է այդ «խաղաղության օրակարգը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչպե՞ս հասկանալ, երբ հայտարարված «խաղաղության օրակարգին» զուգահեռ՝ ականանետերով, ինքնաձիգերով հարվածում են, ԱԹՍ-ներ են օգտագործում, նոր տարածքներ գրավում: Կամ՝ ինչպե՞ս հասկանալ անընդհատ հնչող այն սպառնալիքները, որ «եթե Մեղրիի ճանապարհը չտաք, մեկ է, այն վերցնելու ենք»: Իրականում իրար հակասող իրողություններ ենք տեսնում: Նման պարագայում ձևացնելը, թե այս ամենը չես տեսնում, ու այսպես «խաղաղություն» բերելը իրականում ինքնասպանության նման մի բան է: Սա նշանակում է՝ հանրությանը նորից պատրանքների գիրկը մղել: Փորձում են համոզել, թե մեզ խաղաղ ներկայացնելով՝ ամեն ինչ լավ է լինելու, բայց այդպես չի լինում: Պատմության մեջ չկա մի այնպիսի դրվագ, երբ մի ժողովուրդն ասում է՝ ես խաղաղ եմ լինելու, իսկ մյուսն ասում՝ քեզ սպանելու եմ, այդպիսով պատերազմն ավարտվում է: Այս մոտեցումներն ու մեթոդիկան պետք է փոխել: Խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց խաղաղության հասնելու համար այլ ճանապարհով պետք է գնալ»:

ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալ Արցախից հնչող կոշտ հայտարարությունների համատեքստում, դիտարկելով նաև Արցախում առկա ընդհանուր տրամադրությունները, Վ. Բալայանը շեշտեց. «Իսկապես բարդ ժամանակներ ենք ապրում, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով՝ աշխարհաքաղաքական զարգացումներ, վատ հարևանի առկայություն: Բայց մեզ համար ամենավտանգավորը և թևաթափ անողը ՀՀ օրվա իշխանությունների կեցվածքն է, ինչի մասին նորից խոսելու անհրաժեշտություն չկա՝ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Այստեղ ժողովրդին դա է մտահոգում, և հենց այդ հանգամանքն է թևաթափ անում: Նորից վերադառնամ 1988-1994 թթ. իրադարձություններին: Երբ ՀՀ-ից անգամ 5 մարդ էր օգնության գալիս, այդ հինգը մեզ համար 5000 էր դառնում: Սփյուռքից մի մարդ էր գալիս, մարդկանց թվում էր, թե միանգամից հազարը եկան: Դա մարդկանց ոգևորում էր, հասկանում էին, որ մենակ չեն: Ժողովրդին մենակ չթողնելու հանգամանքը կարևոր է, սա է ճանապարհը, որով պետք է գնանք: Դրա համար մենք պետք է շարունակենք խոսել Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, որովհետև նույն ժողովրդին ՀՀ-ում ասում են, որ «եթե Ղարաբաղից հրաժարվենք, խաղաղության օրակարգ սկսենք, Հայաստանի համար ամեն ինչ լավ է լինելու»:

Մեր ընկերներից մեկն ասաց՝ Արցախը ՀՀ-ի համար զրահաբաճկոն է, երբ այդ զրահաբաճկոնը հանում ենք, դառնում ենք մերկ, խոցելի: Պետք է որպես օրինակ վերցնել 2530 տարվա այն ժամանակահատվածը, երբ մենք միակամությամբ հաջողեցինք, լուծեցինք մեր առաջ կանգնած մարտահրավերները: Մեր ժողովրդի կամքի դրսևորումը արդեն այսօր առկա վտանգների ու մարտահրավերների դեմն առնելու ձևը կլինի: Խոսքը միակամության մասին է՝ Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք: Այնպես չէ, որ մենք թույլ ժողովուրդ ենք, մենք այդ հնարավորությունն ունենք: Պարզապես պետք է կարողանանք մեր ուժերը մեկտեղել, մեկ խոսքի գալ: Սա է կարևորը, որը պետք է իրականացնել, ու արդյունքում անպայման կհաջողենք»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով