Մեկնարկել է INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան 36-ժամյա նախնական վերաորակավորման վարժանք

 

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը՝ Հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպմանը մասնակցել են նաև ՇԶՀ գործակալության Հումանիտար աջակցության լոգիստիկայի բաժնից Գերման Վալտերը, գործակալության Հումանիտար աջակցության հատուկ խմբի անդամներ Ալեսսիո Մարացցան և Ֆաբիեն Վալտերիոն, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը:

Պատվիրակությունը Երևան է ժամանել մասնակցելու ապրիլի 26-27-ը նախատեսվող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի նախնական վերաորակավորման վարժանքին, որը հնարավորություն կտա ստուգել Հայաստանի փրկարարական ջոկատների կարողությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին և դրա հիման վրա 2022 թվականի սեպտեմբերի 1-4 կայանալիք հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վերաորակավորումը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը հիշեցրել է, որ ԱԻՆ-ՇԶՀ գործակալության համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից, իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց շարքում է «Արձագանք. Բուժմիավորումներ և «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրերը: Դրանց շնորհիվ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում միջազգային որոնողափրկարարական չափանիշներին համապատասխան տարածքային արագ արձագանքման ներքին հինգ թիմեր են ստեղծվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հնարավորության սահմաններում կցանկանանք շարունակել այս համագործակցությունը՝ ծրագրային զանազան ձևաչափերով: Հույս ունենք, որ կկարողանանք ապագայում ստեղծել նոր թիմեր»,- ընդգծել է Ա. Փամբուխչյանը:

Նախարարը պատվիրակության անդամներին շնորհակալություն է հայտնել մենթորական գործունեության և ԱԻՆ թիմին ցուցաբերած խորհրդատվության, այդ թվում` 2021 թվականի նոյեմբերին Շվեյցարիայում ՔՈՓ թիմի վերաորակավորման գործընթացին հայկական ՔՈՓ թիմին ներկայացուցիչների մասնակցությանն աջակցելու համար:

«Ինչպես հայտնի է մեր թիմն այս տարվա հունիսին Շվեյցարիայում մասնակցելու է սիմիլյացիոն վարժանքի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ թիմի առաջին նախնական վերաորակավորման 36-ժամյա դաշտային վարժանքը չափազանց կարևոր է գերատեսչության համար, քանի որ դրանով պայմանավորված կլինի սեպտեմբերին կայանալիք INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան հայկական ՔՈՓ թիմի վերաորակավորման բարեհաջող ընթացքը և հնարավորություն կնձեռվի բարձրացնել թիմի պատրաստվածության աստիճանը: Միաժամանակ նախարարը վստահեցրել է, որ եթե թերություններ արձանագրվեն, ապա մինչև սեպտեմբեր դրանք ամբողջությամբ կշտկվեն:

Իր հերթին Դեյվիդ Սոխորը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա անդրադարձել է 2019 թվականին Հայաստանում կայացած վարժանքին և նշել, որ արդյունքներով տպավորված են:

«Մենք լիովին վստահում ենք հայկական կողմին, և այդ վստահությունը փոխգործակցության արդյունք է: Հուսով ենք, որ այս վարժանքի ժամանակ ևս մեր դիտարկումները հաշվի կառնվեն»,- նշել է նա:

Դ. Սոխորի խոսքով՝ սեպտեմբերին կայանալիք միջոցառման հետ կապված մեծ սպասելիքներ ունեն:

Բացի այդ, ՇԶՀ գործակալության պատվիրակության անդամներն առանձնազրույց են ունեցել ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի հետ՝ քննարկել առաջիկա անելիքների մեխանիզմները:

Հյուրերը շրջել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրում և այցելել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչություն:

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2015 թվականի սեպտեմբերին հայկական ՔՈՓ թիմը հանձնել է արտաքին որակավորման քննություն և դարձել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) լիիրավ անդամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով