Ջահերով երթը եզակի շանս է հոգեբանորեն պատրաստելու համազգային համախմբման. Կարեն Վրթանեսյան

 

Տեղեկատվական անվտանգության, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չեմ հիշում, թե ապրիլի 23-ի ջահերով երթի երբ եմ առաջին անգամ գնացել, 2009՞։ 2010՞։ Առիթը, կարծեմ, հայ-թուրքական արձանագրություններն էին։

Հետո ընտանեկան ավանդույթի պես մի բան դարձավ. ջահերով երթի էներգիան ինձ ավելի էր ձգում, քան ապրիլի 24-ի (թեպետ միշտ չէր, որ ստացվում էր երթին մասնակցել)։ Շեշտեմ, որ ոչ մի կուսակցության երբեք չեմ հարել, երթին մասնակցել եմ որպես հայ, որի երկու պապն ու մեկ տատը ծագումով թուրքերի զավթած տարածքներից էին։

Բայց կարծում եմ, որ այս տարի ջահերով երթը չպիտի լինի զուտ կորուստները հիշելու, «թշնամու դրոշ վառելու», թրքասեր լիբերալներին հունից հանելու սիմվոլիկ միջոցառում, որովհետև վերջին հարյուր տարում երևի թե երբեք չենք եղել այսքան վտանգված, այսքան խոցելի և այսքան անպատրաստ մեզ պաշտպանելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ջահերով երթը, կարծում եմ, եզակի շանս է բոլորիս հոգեբանորեն պատրաստելու համազգային համախմբման համար։

Երթի խորհուրդը պետք է լինի ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆԸ։
Այն պիտի կապի անցյալը, ներկան ու ապագան։ Կապի 1992-ին Շուշին ազատագրողներին, 2016-ի ապրիլին և 44-օրյա պատերազմում անձնազոհաբար կռվածներին ու Հայրենիքի կորցրած մասերը վաղն ազատագրողներին, մեր երկիրը վերակառուցողներին և հզորացնողներին՝ ապագա զինվորներին ու ինժեներներին, գյուղացիներին ու արհեստավորներին, ձեռներեցներին ու փիլիսոփաներին, մի խոսքով՝ բոլորին։

Մեզ անհրաժեշտ է ամենայն խորությամբ գիտակցել մեր պատասխանատվությունը նախնիների ու ժառանգների առջև. քանի որ ազգային պետություն ենք պարտք թե՛ նախորդ, թե՛ ապագա սերունդներին։

Այնպես որ՝ միասնության երթ։ Ապրիլի 23-ին։

Անկախ կուսակցական պատկանելիությունից-չպատկանելիությունից, տարիքից, ճաշակներից… Եթե ուզում ենք, որ մեր թոռներն էլ արժանապատիվ կյանքով ապրեն և արարեն Հայաստանում, ստիպված չլինելով թաքցնել իրենց ազգային ինքնությունը չար աչքերից»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով