Ինձ համար առաջնահերթ են սահմանամերձ համայնքների բնակիչների եւ արցախահայության իրավունքները. Թագուհի Թովմասյանը՝ Նիդերլանդների դեսպանին

 

Հայաստանի եւ Նիդերլանդների խորհրդարանների հարաբերությունների սերտացումը կարեւոր է, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացին. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ Թագուհի Թովմասյանը նշել է, որ հատկապես պատերազմից հետո իր համար առաջնահերթ են սահմանամերձ համայնքների բնակիչների եւ արցախահայության իրավունքները, որոնք պարբերաբար ոտնահարվում են, եւ մարդիկ զրկվում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքից: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պարբերաբար նամակներ է ուղարկում դեսպանություններին եւ միջազգային կառույցներին՝ ակնկալելով հրապարակային արձագանք այդ դեպքերի առնչությամբ: Նրա գնահատմամբ՝ վերջիններիս արձագանքը սթափեցնող է: Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում են նաեւ զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը, որոնց հետ կապված՝ օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնում:

Կողմերը քննարկել են տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները: Միջազգային աշխատանքային փորձի ուսումնասիրման տեսանկյունից Թագուհի Թովմասյանը կարեւորել է պատգամավորների, ԱԺ փորձագետների, ինչպես նաեւ լրագրողների համար փորձի փոխանակման ծրագրերը: Նա առանձնացրել է նաեւ սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերի կարեւորությունը: Նիկո Սխերմերսն իր հերթին տեղեկացրել է, որ դեսպանությունը ծրագրային առաջնահերթություն տալիս է օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը: Դեսպանը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով