Ի՞նչ է թաքնված Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) տվյալների բազայի Հայաստանին վերաբերող ցուցանիշներում .«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Վերջին օրերին իշխանամերձ մամուլը, տելեգրամյան ալիքները և իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, հղում կատարելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) Զենքերի փոխանցման ծրագրի տվյալների բազայի Հայաստանին վերաբերող ցուցանիշներին, տարածում են մի թեզ, թե ներկայիս իշխանությունների պաշտոնավարման 4 տարիներին ավելի շատ զենք է գնվել, քան երկրորդ և երրորդ նախագահներից յուրաքանչյուրի ղեկավարման 10 տարիների ընթացքում։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է SIPRI-ի տվյալները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ հարկ է նշել, որ սպառազինության ներմուծման և արտահանման «միտում-ցուցանիշ արժեքը» (trend-indicator value, TIV) ներկայացված է SIPRI-ի կողմից մշակված միավորով, որն արտացոլում է ոչ թե սպառազինության գինը, այլ դրա արժեքը (value)՝ համաձայն SIPRI-ի մեթոդաբանության։ Հետևաբար հնարավոր չէ միանշանակ պնդել, որ գնային իմաստով այն համընկնում է սպառազինությունների դոլարային արժեքին։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ միավորները համընկնում են սպառազինությունների դոլարային արժեքին, կստանանք շատ հետաքրքիր պատկեր․

  • Ըստ SIPRI-ի տվյալների՝ 2009-2018թթ. Հայաստանը ներմուծել է 247 մլն դոլարի զենք, որից միայն 110 մլն-ը՝ 2016-ին։ Ստացվում է, որ Հայաստանը 2011-2015թթ. ընդամենը 21 մլն դոլարի զենք է ներմուծել, ինչն ակնհայտորեն անհավանական է, եթե հաշվի առնենք, որ նույն SIPRI-ի տվյալներով 2007-ի համեմատ 2018-ին ՀՀ պաշտպանական ծախսերն ավելացել են շուրջ 83%-ով՝ 280 մլն դոլարից հասնելով 513 մլն դոլարի։
  • Եթե հիմնվենք SIPRI-ի տվյալների վրա, ստացվում է, որ նախքան 44-օրյա պատերազմը՝ 2018-2020թթ. ծախսված 248 մլն դոլարից 141-211 մլն-ը կամ 57-85%-ը եղել են անարդյունավետ (120-190 մլն-ն ուղղվել է ՍՈՒ-երին, ևս 21 մլն-ը ՕՍԱ-ԱԿ համակարգերին)։ Առհասարակ, 2018-2021թթ. ծախսված 280 մլն դոլարից 120-190 մլն-ը կամ 43-68%-ը ծախսվել է ՍՈՒ-երի վրա։
  • Ակնհայտ է նաև, որ 2019-ի 248 մլն դոլարի մատակարարման գերակշռող մասը 2015-2017թթ. ՌԴ հետ կնքված 200+100 մլն դոլարի սպառազինության վարկի շրջանակներում նախատեսված մատակարարումներն են, որոնց մի մասն ուղղակի մատակարարվել է 2019-ին։ Վարկային միջոցների հաշվից զատ սպառազինության ներմուծումը շարունակվել է նաև պաշտպանական ծախսերի հաշվին։ Ամփոփելով, ստացվում է, որ իրականում աննախադեպ քանակի սպառազինություն ՀՀ ԶՈՒ-ը սկսեց ձեռք բերել հենց 2015-2017-ին՝ ՌԴ-ի հետ կնքված վարկի շրջանակներում և պաշտպանական ծախսերի ավելացման հաշվին։ 
  • SIPRI-ի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1991-2021թթ. ընդամենը 948 մլն դոլարի զենք է ներմուծել, այնինչ Ադրբեջանի նախագահ Ալիևը իր գրեթե յուրաքանչյուր ելույթի ժամանակ նշում է, որ իրենք պատերազմի ժամանակ ոչնչացրել են 4-5 մլրդ դոլարի զենք իսկ փորձագիտական գնահատականներով հայկական կողմի սպառազինության կորուստը գնահատվում է մինչև 2-3 մլրդ դոլար։
  • Ըստ SIPRI-ի տվյալների՝ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ին Ադրբեջանը իր ռազմական ծախսերը հասցրել է 2,7 մլրդ դոլարի, ինչը շուրջ 21%-ով ավելի է 2020-ի 2,2 մլրդ ցուցանիշից և շուրջ 46%-ով ավելի էր 2019-ի ցուցանիշից։ Միաժամանակ, Հայաստանը 2021-ին ռազմական ծախսերը նվազեցրել է մինչև 619 մլն դոլար, ինչը շուրջ 2%-ով քիչ է 2020-ի ցուցանիշից և 5%-ով քիչ է 2019-ի ցուցանիշից։ Սա անտրամաբանական է, քանի որ ստացվում է, որ կործանարար պատերազմից և ահռելի կորուստներից հետո Հայաստանն իջեցնում է ռազմական ծախսերի իր բեռը, իսկ Ադրբեջանը, լինելով հաղթող կողմ և զավթելով հսկայածավալ հայկական ռազմատեխնիկա, այնուամենայնիվ ավելի է մեծացնում իր ծախսերը։

 

Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տելեգրամյան ալիք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × two =