Համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում․ Արթուր Թովմասյան

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղերձում ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ

Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում և խնկարկում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագիրը, այլև վերընձյուղվելու, հարատևելու ու զարգանալու միայն իրեն հատուկ աստվածային շնորհը:

Ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդն իր մեջ ուժ է գտել կերտելու իր նվիրյալ որդիների երազած պետականությունը։ Ու չնայած բազմաթիվ ու բազմաբնույթ մարտահրավերներին ու դժվարություններին՝  այսօր նրա դրոշը փողփողում է բազմաթիվ երկրներում գործող դեսպանատների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայության վերածնունդն ու հաղթարշավը 20-րդ դարավերջին երկնել է Արցախի Հանրապետությունը: Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ մեր հերոսական ժողովուրդն իր պետականությունն է կերտում։

Պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքի շարունակությունն  էին  թերևս Ադրբեջանի սանձազերծած  արցախյան 3 պատերազմները։

Խոնարհվում ենք  հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների անմահ հիշատակի առջև։

Այսօր ժամանակը նոր մարտահրավեր է առաջ քաշել, և մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ, քան երբևէ:

Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու  հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ  կհաղթահարենք նաև այս մեկը: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում:

Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված երթը պետք է ընկալվի որպես երթ վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:

Աստված մեզ պահապան:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով